Հայաստանը, ինչպես միշտ, ապրում է պարտքով. պետական պարտքն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքը հուլիսին ավելացել է 42 միլիոն 631 հազար դոլարով: Այս ցուցանիշը նախօրեին հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 միլիարդ 722 միլիոն 955 հազար դոլար, այս տարվա հունիսի վերջին այդ ցուցանիշը եղել է 4 միլիարդ 680 միլիոն 325 հազար, իսկ մայիսի վերջին` 4 միլիարդ 630 միլիոն 233 հազար դոլար: Այսինքն՝ միայն երեք ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է 92 միլիոն 722 հազար դոլարով:

Ի դեպ, անցած տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 միլիոն 524 հազար դոլար. ստացվում է, որ այս տարվա յոթ ամիսներին ՀՀ պետական պարտքն աճել է 281 միլիոն 431 հազար դոլարով: Ուշագրավն այն է, որ հիմնականում աճել է հենց արտաքին պարտքը, որը տարեսկզբին եղել է 3 միլիարդ 785 միլիոն 208 հազար դոլար, իսկ հուլիսի վերջին արդեն այն հասել է 4 միլիարդ 24 միլիոն 410 հազար դոլարի: Այսինքն՝ արտաքին պարտքի աճը 2015 թվականի անցած յոթ ամիսներին կազմել է 239 միլիոն 202 հազար դոլար: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը՝ կասկածից վեր է, որ առաջիկա ամիսներին ՀՀ արտաքին պարտքը շարունակելու է աճել:

ԱՎԾ-ն հրապարակել է նաեւ այս տարվա յոթ ամիսների արդյունքներով պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը: Ըստ այդմ, այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում կա 74 հազար 425 պաշտոնապես գրանցված գործազուրկ:

Անցած տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է մոտ 20 տոկոսով: Ի դեպ, պաշտոնապես գրանցված գործազուրկների թվի մեջ մտնում են միայն այն անձինք, որոնք դիմել եւ գրանցվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունում: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ գործազուրկների իրական թիվը պաշտոնապես գրանցված գործազուրկների քառապատիկի չափով է լինում: Ամեն դեպքում, եթե պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճում է, ենթադրելի է, որ ընդհանուր թիվը եւս աճել է: Մնում է՝ պաշտոնական վիճակագիրները կողմնորոշվեն, թե գործազուրկների թվի որ մասը պետք է հրապարակեն: Սովորաբար վերջին տարիներին այնպես են անում, որ խուսափեն գործազրկության մակարդակի կտրուկ աճ ցույց տալուց: Ընդհանուր գործազրկության պաշտոնական վերջին ցուցանիշը, որը 2014 թվականի ամփոփ արդյունքներով է ներկայացվել, կազմում է 17,6 տոկոս 242 հազար մարդ:

Ի դեպ, պետբյուջեի վերաբերյալ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների հետ ծանոթանալիս բավական ուշագրավ պատկերի ենք ականատես լինում: Բանն այն է, որ հարկերի եւ տուրքերի հավաքագրման վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության հրապարակած թվերին: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա յոթ ամիսներին հավաքագրվել է 593 միլիարդ 185 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Հարկային ծառայության տվյալներով՝ յոթ ամիսներին հավաքագրված հարկերը եւ տուրքերը կազմել են 592 միլիարդ 71 միլիոն դրամ: Թե ինչ միջոցների հաշվին է ԱՎԾ-ն հարկերի եւ տուրքերի հավաքագրումը մոտ մեկ միլիարդ դրամով ավելացրել, թերեւս միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի: Սակայն այս հավելագրման հաշվին ԱՎԾ-ն կարողացել է անկում ցույց չտալ` պաշտոնական վիճակագրությունում նշելով, թե իբր հարկերի եւ տուրքերի հավաքագրումն անցած տարվա համեմատ՝ նույնն է մնացել, իբր անկումը շատ չնչին է կազմել, այն աստիճան, որ անգամ 0,1 տոկոս էլ չի կազմել:

ԱՎԾ-ն երեկ եւս մի ուշագրավ տեղեկագիր է հրապարակել, որով իբր ներկայացրել է արտաքին առեւտրի «ճշգրտված» տվյալները: Ըստ այդմ, արտահանման ցուցանիշը, որը տարեսկզբից կտրուկ անկում էր ապրել, այս տարվա յոթ ամիսների արդյունքներով արդեն հասցվել է անցած տարվա մակարդակին` 847 միլիոն դոլար: Պաշտոնական վիճակագիրները, մեղմ ասած, նորանոր ռեկորդներ են սահմանում: Ի դեպ, այս տարվա ընթացքում ՀՀ մաքսային ծառայությունն այդպես էլ չի հրապարակում արտաքին առեւտրի պաշտոնական` երկիր-ապրանք վիճակագրությունը: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որպեսզի ոչ ոք չկարողանա արտաքին առեւտրի տվյալները վերլուծել կամ այլ երկրների տվյալների հետ համեմատելով՝ հետեւություններ անել: Մի խոսքով, պարտադրում են, որ բոլորը բավարվեն միայն ՀՀ պաշտոնական վիճակագրության թվերով եւ չկարողանան ստուգել, թե դրանք որքանով են «նկարված»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս