ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԲԱՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն 2012թ. սեպտեմբերի վերջին հրապարակայնորեն հայտարարեց, թե իր համար «առաջնահերթ են սպառողի անվտանգությունն ու Ընկերության բարի համբավը»: Իսկ իրականությո՞ւնը…
Հիշյալ ընկերության կատարած մակնշմամբ 2012թ. սեպտեմբերի 15-ի արտադրության ներկայացված, բայց արդեն մի քանի օր անց թարմ ձվին ոչ բնորոշ առանձնահատուկ հոտով, ոչ խիտ սպիտակուցով, անկայուն դեղնուցով, կեղտոտ կճեպով նշված խմբաքանակի ձվերի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության 27.09.2012թ.  հաղորդագրության հրապարակմանը նախորդել ու հաջորդել են ոչ պակաս ուշագրավ այլ բացահայտումներ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը 2007թ. ապրիլին տեղեկացրեց, որ չնայած ձվի գների վերանայման մասին հանձնաժողովի նախազգուշացմանը, ինքը դրանից հետո տնտեսվարող սուբյեկտների ձեռնարկած քայլերը բավարար չի համարում, եւ ավարտվել են այդ առնչությամբ հարուցված վարույթները: Դրանց արդյունքում մի շարք խախտումներ են բացահայտվել: Մասնավորապես` ամենախոշոր երեք տնտեսվարողները հակամրցակցային համաձայնությամբ բարձրացրել են հավի ձվի իրացման գները: Այդ կապակցությամբ ՏՄՊՊՀ հրապարակած 11.04.2007թ. տեղեկատվության մեջ նշված է.
«Ուսումնասիրությունների եւ իրականացված վարույթների արդյունքում Հանձնաժողովի կողմից բացահայտվել է հակամրցակցային համաձայնության փաստ, որը տեղի է ունեցել հավի ձվի իրացման շուկայում` շուկայի առավել խոշոր երեք տնտեսվարող սուբյեկտների միջեւ` «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» (գերիշխող դիրք ունի), «Արզնու տոհմային ԹՏԽ» եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունների միջեւ:
Լուսակերտի թռչնաֆաբրիկայի արտադրանքի իրացման գինը ապրիլից մինչեւ տարվա վերջ անընդհատ աճել է: Հավի կերի գինը այդ ընթացքում եղել է անփոփոխ` կազմելով ինքնարժեքի 66 տոկոսը: Չնայած դրան` հավի ձվի բացթողնման գինը ընկերությունը 2006 թվականի ապրիլ-դեկտեմբեր հատվածում 31.1 դրամից բարձրացրել է մինչեւ 51.1 դրամ: Ընկերության շահութաբերությունը նույն ժամանակահատվածում 11.4-ից դարձել է 57.7%: Ընդ որում` սա այն դեպքում, երբ, օրինակ, դեկտեմբերին ապրանքի արտադրության ծավալը գերազանցել է իրացման ծավալը: Այսինքն, ընկերությունը կարող էր ավելի շատ ապրանք շուկա հանել, ինչի արդյունքում կարող էր ավելի ցածր գին կիրառել: Եվ ապրանքի բացթողնման գնի ու շահույթի աճին զուգահեռ աճել է նաեւ ընկերության շահութաբերությունը:
Արզնու եւ Երեւանի թռչնաֆաբրիկաների կողմից կիրառված գների դինամիկան ակնհայտորեն համընկնում է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի կիրառած գնային վարքագծի հետ:
Ավելին, մանրածախ առեւտուր իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ստացված տեղեկատվության վերլուծությունից էլ պարզ է դարձել, որ շուկայում խոշորագույն վերոհիշյալ երեք ընկերությունների կողմից վարվող քաղաքականությունը ապրանքի բաշխման համակարգում եւս համընկնում է:
Փաստորեն, 2006 թվականի դեկտեմբերին «ԼՏԹՖ», «ԱՏԹՏԽ» եւ «ԵԹՖ» ընկերությունները ստացել են ավելի մեծ շահույթ, միեւնույն ժամանակ, ընկերությունների` ապրանքի արտադրության ծավալները գերազանցել են իրացման ծավալները, իսկ ընկերություններն իրենց արտադրանքը չեն արտահանել, այսինքն, իրացվող արտադրանքի ծավալը ընկերությունների կողմից սահմանափակվել է: Միեւնույն ժամանակ, ընկերությունները հավասարաչափ` մոտավորապես 20 դրամի չափով, բարձրացրել են իրենց ապրանքի բացթողնման գները, եւ սա այն դեպքում, երբ պետությունը հարկային արտոնություններ է սահմանել ձու արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար (վերջիններս ազատված են շահութահարկից եւ ավելացված արժեքի հարկից): Այսինքն, ընկերությունները, իրենց համաձայնեցված գործողություններով, 2006 թվականի դեկտեմբերին սահմանափակել, կանխել կամ արգելել են այդ շուկայում մրցակցությունը, ինչն արգելվում է օրենքով:
Հանձնաժողովն ամրագրել է, որ երեք ընկերությունների կողմից 2006թ. դեկտեմբերին բացթողնման գների բարձրացումը չհիմնավորված եւ արհեստական է: Եվ ազատ մրցակցության պաշտպանության նպատակով Հանձնաժողովը` հակամրցակցային համաձայնության մեջ մտած վերոհիշյալ երեք ընկերությունների` «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի» (գերիշխող դիրք ունի), «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ կիրառել է տուգանք. համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, յուրաքանչյուրի նկատմամբ նրանց` նախորդ տարվա շրջանառության (հասույթի) մեկ տոկոսի չափով»:

շարունակելի
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս