ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ, ԲԱՅՑ ԿՏՈՒԺԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետդումա է ուղարկել ԱՊՀ տարածքում դոլարից հրաժարվելու մասին օրինագիծ: Այն կյանքի կոչելու դեպքում կստեղծվի մեխանիզմ, որը թույլ կտա փոխադարձ հաշվարկներում հրաժարվել որպես միջանկյալ արժույթ օգտագործվող դոլարից ու եվրոյից:

Դրանով առաջարկվում է ԱՊՀ տարածքում ստեղծել մի համակարգ, որի շնորհիվ անդամ երկրները միմյանց միջեւ դրամաշրջանառության ընթացքում դոլարով եւ եվրոյով փոխադարձ հաշվարկներ կատարելուց կհրաժարվեն:
Ըստ օրինագծի՝ նախատեսվում է կողմերի ռեզիդենտ բանկերի անմիջական մուտքը միմյանց ներքին արժութային շուկա` միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու նպատակով ոչ պակաս շահավետ պայմաններով, քան այն պայմաններն են, որոնք առաջարկում են ազգային առեւտրային բանկերը: ՌԴ կառավարության ներկայացմամբ՝ դա կնպաստի ազգային արժույթների կիրառման ընդլայնմանն արտաքին առեւտրի ոլորտում վճարումների եւ ֆինանսական ծառայությունների տրամադրման ժամանակ եւ այդպիսով նախադրյալներ կստեղծի ազգային արժույթների շուկայի լիկվիդայնության բարձրացման համար:
Տեղեկանալու համար, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՊՀ տարածքում դոլարից հրաժարվելու մասին նոր օրինագիծը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, «Ժողովուրդ»-ը զրուցեց «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանի հետ: «Ավելի շատ օրինագծի առաջարկը վերաբերում է ոչ թե ԱՊՀ տարածքում դոլարից եւ եվրոյից հրաժարվելուն, այլ ԵՏՄ անդամ երկրների մասով իրենց միջեւ տնտեսական հարաբերությունները, առեւտրային շրջանառությունը իրականացնելուն՝ ռուսական ռուբլիով եւ ոչ թե դոլարով կամ եվրոյով: Բայց դա ընդհանուր առմամբ ե՛ւ տնտեսության, ե՛ւ ձեռնարկատերերի համար դրական ազդեցություն կարող է ունենալ, քանի որ այս պահին տեղի է ունենում միջանկյալ արժեքի կիրառում, այսինքն՝ դոլարով եւ եվրոյով են ստիպված փոխարկում եւ հաշվարկներ իրականացնում»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքերով՝ վերջին ժամանակաշրջանում ՌԴ-ում փոխարժեքի կտրուկ տատանումները լուրջ ազդեցություն են ունեցել նաեւ հայաստանյան ընկերությունների վրա:
«Եթե հաշվարկներն իրականացվեն ռուսական ռուբլով, դա որոշ չափով ավելի կանխատեսելի կդարձնի ապրանքաշրջանառության հարաբերությունները, սակայն կարծում եմ, որ կարճաժամկետ հատվածում դա դժվար թե իրականություն դառնա, որովհետեւ լուրջ փոփոխություն է այն իր մեջ ենթադրում: Բայց մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ ԵՏՄ անդամ երկիր ենք, գոնե պետք է միասնական արժեքով տնտեսական հարաբերություն իրականացնել: Սակայն Եվրամիության օրինակը եթե դիտարկենք, դա արդեն տնտեսական միության կայացման վերջին փուլն է, եւ կարծում եմ, որ գոնե առաջիկա 10-15 տարում նման փոփոխություն տեղի չի ունենա: Բայց մյուս կողմից էլ կան նաեւ տնտեսական միություններ, որոնք չունենալով միասնական արժույթներ՝ ընդունել են այդ երկրներից մեկի միասնական արժույթը, որը հիմնականում հանդիսանում է դոմինանտը, այսինքն՝ ում տնտեսությունը հիմնական մասնաբաժինն է կազմում, այդ երկրի արժույթով էլ իրականացվում են իրենց հաշվարկները: Ամեն դեպքում սա մեզ համար կարող է դրական փոփոխություն լինել»:
Նկատենք, որ հայ գործարարները, որոնք ապրանք են արտահանում դեպի ՌԴ, այս օրերին գործարքները կատարում են ռուբլիով, սակայն դրա արդյունքում մեծ վնասներ են կրում, եւ արտահանելն արդեն եկամտաբեր չի դառնում: Տնտեսագետից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս նոր օրինագծի ընդունման դեպքում մեր գործարարները կրկին չեն տուժի. «Անկախ ամեն ինչից, եթե այս պահին էլ գործարքներն իրականացվում են ռուբլիով, արդյունքում փոփոխությունը այդ մասն ամրագրում է: Դա իրոք մեր արտահանողների վրա բացասական է անդրադառնում, քանի որ մեր երկրի ընկերություններն իրենց ապրանքը վաճառելով ռուբլիով՝ ունենում են ավելի քիչ դոլար կամ դրամ: Հայկական որեւիցե ապրանքի վաճառքը ռուբլիով ձեռնտու չէ մեր գործարարներին: Հաշվի առնելով, որ մեր ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման ծավալները բավականին մեծ էին, արտաքին առեւտրի մեծ նվազում արձանագրվեց: Սա ավելի շատ պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ, քան այս փոփոխություններով: Ռուբլու արժեզրկման արդյունքում ընկերությունները մեծ կորուստներ են ունենում»:
Այնուամենայնիվ, նկատենք, որ Հայաստանի տնտեսությունը ռուսական ռուբլուց ունեցած կախման պատճառով առանց այդ էլ ծանր կացության մեջ է, եւ միջազգային շուկաներում Ռուսաստանի դեմ իրականացվող գործընթացները մեզ մոտ իրենց անմիջապես զգացնել են տալիս: Եթե ռուբլուց կախվածությունն ավելի մեծանա, ապա Հայաստանի տնտեսությունն ուղղակի չի դիմանա այդ արժույթի հետ տեղի ունեցող տատանումներին: Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները չեն ցանկանում վերջնականապես կործանել Հայաստանի տնտեսությունը, ապա պարտադրված են լինելու Ռուսաստանին «ոչ» ասել այս հարցում: Կկարողանա՞ն արդյոք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԳՅՈՒՂԵՐԸ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐԵԼ
Սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ մոտ 20 գյուղերի ուղղությամբ հակառակորդի ինտենսիվ կրակոցների հետեւանքով վնասվել են մի քանի գյուղերի շինություններ:
Տավուշի մարզի Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքերով՝ վնասվել են մի քանի տների պատուհաններն ու ճակատային պատերը: Գյուղապետի ներկայացրած լուսանկարներում երեւում են հակառակորդի կրակոցներից վնասված տների ապակիներն ու պատերը:
Իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների արդյունքում հրկիզվել է գյուղի բնակիչներից մեկի ննջասենյակի գույքը:
Սակայն ավելի շոշափելի վնասներ են կրել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղերը: Նշված գյուղերում վնասվել են սեփական տների պատերը, տանքիները, փշրվել են ապակիները: Մասնավորապես Կոթիում վնասվել է տեղի բնակիչներից մեկի անասնագոմը, սեփական տան տանիքը, բակում կայանած երկու ավտոմեքենաները, անասնակերը: Տեղեկացնենք, որ փորձագետները բոլոր գյուղերում ուսումնասիրում են հակառակորդի պատճառած վնասի չափը:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ
Սեպտեմբերի 2-ի երեկոյան իրենց տանն ադրբեջանական հրետակոծության հետեւանքով բեկորային վնասվածք են ստացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչներ, մայր եւ որդի 42-ամյա Նազիկ եւ 22-ամյա Ռազմիկ Թումանյանները: Նրանք տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: «Ժողովուրդը» Նոյեմբերյանի ԲԿ-ից տեղեկացավ, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նոյեմբերյանի հիվանդանոցում կոթեցի վիրավորներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, եւ սեպտեմբերի 3-ի կեսօրին վիրավորներին հետագա բուժման համար տեղափոխել են Երեւան՝ ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Պատերազմական իրավիճակի պատճառով վիրավորների բուժումն այնտեղ կիրականացվի անվճար հիմունքներով:

 

ԻՋԵՎԱՆՑԻՆԵ՞ՐՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18-ին, լրացավ Իջեւանի քաղաքապետի թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետը: Այժմ համայնքի ղեկավարի երկու թեկնածուի՝ Իջեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վարդան Ղալումյանի եւ Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանի անունները ընդգրկվելու են քվեարկության թերթիկում: Սեպտեմբերի 2-ին Վ. Ներսիսյանը մամուլի ասուլիս է անցկացրել իրեն փաստացի պատկանող «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության սրահում, որին, սակայն, լրագրողների մասնակցությունը մեծ չի եղել: Իջեւան քաղաքում՝ Աղստեւի գետափնյա փողոցում, արդեն փակցվել են Վարդան Ղալումյանի նախընտրական պաստառները՝ «Իջեւանը մեր տունն է» կարգախոսով: Իսկ, ահա, Վարուժան Ներսիսյանի նախընտրական պաստառները Իջեւանում դեռեւս փակցված չեն:
Վ. Ներսիսյանը, ով ինքնառաջադրվել էր սահմանված ժամկետի գրեթե վերջում, հայտարարել է, թե այդ քայլին գնացել է` անսալով իջեւանցիների խնդրանքին: Ֆեյսբուք սոցիալական ցանցում հարցում է տեղադրվել՝ իջեւանցինե՞րն են խնդրել, որ Վ. Ներսիսյանն առաջադրվի քաղաքապետի պաշտոնում: Հարցման մասնակիցների գերակշիռ մասը, սակայն, այս հարցին տվել է բացասական պատասխան` ընդգծելով նախկինում 4 անգամ քաղաքապետ աշխատած Ներսիսյանի գործունեության ոչ այդքան դրական հետագիծը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս