Եթե չլինեն սահմանային միջադեպերը, տարածաշրջանում Ռուսաստանի լծակներն էապես կթուլանան. Ռուբեն Մեհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Իսկ դրանից հետո Բելառուսում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է ԱՊՀ երկրների տարածքում առևտրաշրջանառությունը կատարել ռուսական ռուբլիով:

Այս և այլ հարցերի շուրջ  Armlur.am-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

– Պարոն Մեհրաբյան, սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հետևե՞լ եք հանդիպման ընթացքին: Այդ հանդիպումը, ըստ Ձեզ, Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա:

-Այս հանդիպումը լրացուցիչ անգամ ցույց է տալիս, թե այսօր ինչ հարաբերություններ են Հայաստանի և Ռուսաստանի միջև: Իսկ այդ հարաբերությունները անսիմետրիկ են, հորիզոնական չեն, այլ ուղղահայաց: Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ենթակայի դերում է, օբյեկտի դերում է, ոչ թե սուբյեկտի: Միայն այն, որ Ռուսաստանը ուշացմամբ կատարում է իր պայմանագրային պարատավորությունները՝ կապված Պերմյակովի հետ, Սերժ Սարգսյանը դրա համար շնորհակալություն է հայտնել: Ես ուրախացա, որ գոնե ներողություն չխնդրեց: Հայաստանը բոլոր պրոցեսներում հայտնվել է ճամփեզրին: Հայաստանում այսօր անկում է, որը կապված է ռուսական անկման հետ: Հայաստանում ձևավորել է մի համակարգ, որը ռուսական համակարգի շարունակությունն է և հետևանքը: Մենք գործ ունենք և ապագայում էլ կունենանք հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հետ:

– Ուշագրավ էր այն հանգամանքը, որ հանդիպման ընթացքում Պուտինը չանդրադարձավ Հայաստանի սահմաններում տիրող լարվածությանը: Ըստ Ձեզ դա ի՞նչ է նշանակում:

– Սահմանային լարվածության միակ շահառուն Ռուսաստանն է. ոչ Հայաստանն է, ոչ Ադրբեջանը: Ռուսաստանն այդ քայլով վիժեցրեց հայ-ադրբեջանական ապասվելիք հանդիպման ժամանակ լրացուցիչ պարտավորությունների ստանձնումը, ինչը նման միջադեպերը պետք է բացառեր: Եթե չլինեն այս միջադեպերը, Ռուսաստանի լծակները էապես կթուլանան տարածաշրջանում: Հետևաբար Ռուսաստանն ամեն ինչ կանի՝ որ այս կառավարելի լարվածությունն պահպանվի: Բացի դրանից էլ, ցավոք սրտի, մենք տեսնում ենք , որ դրանում շահագրգռվածություն ունի նաև ադրբեջանական կողմը: Այդ շահագրգռվածությունն կապված է ներքաղաքական հարցերի հետ:

-Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, սակայն կազմակերպության կողմից որևէ հաղորդագրություն չկա: Ո՞րն է պատճառը:

– ՀԱՊԿ-ն որպես կազմակերպություն գոյություն չունի: Դա Ռուսաստանի ու մի քանի հետխորհրդային երկրների երկկողմ պայմանագիրների մի համալիր է, և այդ ՀԱՊԿ կոչվածը գլխավորում է Ռուսաստանը: Պարզապես Ռուսաստանի կողմից բուծած մի արեստածին կառույց է, որն բացարձակապես կապ չունի այն հռչակվող նպատակների հետ, որն այնտեղ ասվում է: Այն ստեղծված է, որ Ռուսաստանը պահպանի իր գերիշխանությունը այդ երկրներում:

-Պարոն Մեհրաբյան, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերների հետ հանդպման ժամանակ առաջարկել է հրաժարվել առևտուրը դոլարով կատարելուց: Ըստ Ձեզ Հայաստանի տնտեսության համար սա ի՞նչ ազդեցություն կունենա, վատ թե լավ: Օգտակար հեռանկարներ տեսնո՞ւմ եք:

-Նման բան չի կարող տեղի ունենալ և Հովիկ Աբրահամյանը այդ հայտարարությամբ փորձել է երևի արդարացնել իր նախորդ հայտարարությունը, թե քաղաքականության համար խելք պետք չէ: Բայց դա նրա մոտ չի ստացվել, որովհետև քաղաքականությոն համար խելք պետք է: Նման հանդիպումներում Հովիկ Աբրահամյանը պետք է ընդհանրապես նման հայտարարություն չանի: Դա Հայաստան պետության համար շատ օգտակար կլինի:

Արփինե Թովմասյան




Լրահոս