Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այս երկուշաբթի աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ հայտարարեց: Այդ մրցույթի արդյունքում պետք է ընտրվի այն ընկերությունը, որը ՀԷՑ-ում պետք է աուդիտ անցկացնի: «Ժողովուրդ»-ը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն այս առիթով հետեւյալ հարցն էր ուղղել. «Ինչո՞ւ ՀՀ Կառավարության կողմից չի հայտարարվել այդ մրցույթը»: Հինգ օր անց մենք, ի վերջո, ստացանք հարցման պատասխանը: Սակայն խնդիրն այն է, որ մեզ ուղարկված գրությունում հարցի պատասխանն այդպես էլ չկա: ԷԲՆ-ից ուղարկած գրությունում նշված է. «ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը ս.թ. հունիսի 27-ին իր մոտ կայացած խորհրդակցության արդյունքներով առաջարկել է ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող որեւէ միջազգային խորհրդատվական ընկերություն …»: Այսինքն` նախարարությունից ցանկանում են ասել, որ Սերժ Սարգսյանը աուդիտի մասին ոչինչ չի ասել: Բայց ողջ խնդիրն այն է, որ նույն օրը Սերժ Սարգսյանն ասել էր. «Ճիշտ կլիներ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ»:
Ստացվում է, որ Երվանդ Զախարյանն ու նրա ենթակաները կա՛մ լավ չեն ընթերցել Ս. Սարգսյանի խոսքերը, կա՛մ չեն հասկացել, կա՛մ էլ պարզապես ցանկանում են իրականությունը խեղաթյուրելով՝ հարցը լուծել:
Նոր Սահմանադրության նախագծի դեմ «Ոչ»-ի մասնակիցների շրջանակն արդեն իսկ նշմարվում է: Ինչպես հայտնի է՝ «Ոչ»-ի հիմնական նախաձեռնողները ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցություններն են: Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ «Ոչ»-ին կմիանա նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, նա դեռեւս հրապարակային չի խոսել այդ մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում, Ռ. Քոչարյանին դեմ լինելով, կողմ են, որ նա «Ոչ»-ին միանա: Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ում բաց շփումից զգուշանում են, բայց Վարդան Օսկանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի «դեմքերով» համագործակցությանը դեմ չեն: Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ ասաց. «Մեր համագործակցությունն ասեմ՝ ինչով է անհնար, մեր մեջ կա մարտի 1-ի արյունը, մեր մեջ կան բազմաթիվ այլ հակասություններ, որոնց մասին միշտ ասել ենք, ինքը պայքարում է, թող պայքարի, ես դա դեռ չեմ տեսել»:
Ինչպես եւ սպասվում էր՝ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանին: Նորանշանակ նախարարը 32 տարեկան է, մինչեւ պատգամավոր դառնալը եղել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը: Իշխանական կուլիսներում այս նշանակումը գնահատվում է որպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հաղթանակ: Վերջինս Հովհաննիսյանի նշանակումով ամենաառանցքային նախարարություններից մեկը` արդարադատության նախարարությունը, փաստացի իր լիակատար վերահսկողության տակ վերցրեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունում Հովհաննիսյանին կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: Ի դեպ, այս նստաշրջանում պետք է փոխվի նաեւ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը: Արդեն իսկ հայտնի է, որ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանը: Իսկ Ա. Հովհաննիսյանի փոխարեն ԱԺ կգա «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, անկուսակցական Կարեն Բեքարյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ֆիտտիխ Հալդի հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության եւ հսկող էլեկտրոնիկայի վաճառքով, «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի դեմ հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես հայտնի է՝ «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ն պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Հայ-շվեյցարական ընկերությունը հայցը ներկայացրել է այս տարվա մայիսի 12-ին եւ դատարանից պահանջում է ԲՀԿ նախկին առաջնորդի ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 5 միլիոն դրամ: Ի դեպ, «Ֆիտտիխ Հալդի հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն դատարանին միջնորդել է որպես հայցի ապահովման միջոց «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել: Սակայն հայցը քննող դատավոր Էդիկ Ավետիսյանը միջնորդությունը մերժել է:
ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿ
Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի եւ հետագա ծրագրերի շուրջ:
Սակայն հաշվի առնելով սահմանային գերլարված դրությունը, որի ֆոնին Հայաստանում անցկացվում են «Շանթ 2015» ռազմավարական զորավարժությունները, որը ոչ այլ ինչ է, քան պատերազմի «գեներալնի փորձ», դժվար չէ հասկանալ, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի խոսակցության հիմնական թեման Ղարաբաղի հարցն է լինելու: Ինչպես հիշում ենք՝ անցած օգոստոսին, երբ սահմանին լարվածությունը հասել էր աննախադեպ աստիճանի, դարձյալ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հնարավոր եղավ, մի սեղանի շուրջ նստեցնելով Ի. Ալիեւին եւ Ս. Սարգսյանին, հասնել իրավիճակի լիցքաթափման:
Իհարկե, դա ունեցավ կարճաժամկետ արդյունք, եւ արդեն նոյեմբերին իրավիճակը կրկին սրվեց` հայկական ուղղաթիռի խոցմամբ, եւ ապա` արդեն այս տարեսկզբից սահմանին լարվածությունը թեւակոխեց նոր, առավել սուր փուլ: Մինչ այդ՝ սեպտեմբերին, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ իրականացված հաջորդ հանդիպումը, ապա Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ կայացած Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպումը այդպես էլ որեւէ շոշափելի արդյունք չտվեցին, բացի այն, որ հայտարարվեց երկու երկրների նախագահների` միմյանց հանդիպելու պատրաստակամության մասին:
Հաջորդող շուրջ ինն ամիսների ընթացքում, սակայն, այդպես էլ չհստակեցվեց այդ հանդիպման ժամկետը, ընդամենն այս հունիսին տարածաշրջան այցելած ԵԱՀԿ միջնորդները վերահաստատեցին երկու երկրների նախագահների դրական տրամադրվածությունը:
Եվ հիմա, երբ իրավիճակը սահմանին դարձյալ չափազանց սրված է, երբ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը Բաքվից նոր է վերադարձել Մոսկվա` իր ղեկավարին զեկուցելու Ալիեւի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները, իսկ Հայաստանում էլ անցկացվում է պատերազմական իրավիճակում գործելու աննախադեպ ստուգողական զորավարժություն, Սերժ Սարգսանին դարձյալ կանչում են Մոսկվա: Եվ դատելով այն հանգամանքից, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ Ալիեւը նունպես չի կանչվել, Սերժ Սարգսյանին Կրեմլում սպասվում է ծանր եւ վտանգավոր զարգացումներ նախանշող խոսակցություն: