ՏԱՎՈՒՇԻ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի գյուղերը երեկ գիշեր դարձյալ ռմբակոծվել են, ինչի արդյունքում բնակիչները նորանոր նյութական վնասներ են կրել: Բացի այդ՝ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում ադրբեջանական կրակից վիրավորվել է գյուղի 3 բնակիչ: Երկուսը թեթեւ վնասվածքներ են ստացել, իսկ 3-րդի վիճակը ծանր է:

Երեկ ԼՂՀ պաշտպանական բանակը եւս հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ սեպտեմբերի 3-ին եւ լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Եվ չնայած վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ, հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 եւ 82մմ ականանետեր՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց:
Խորհրդարանում երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր (երեկ. Ս.Գ.) մեկնելու են Տավուշի սահմանամերձ գյուղեր` տեղում ծանոթանալու ադրբեջանական գնդակոծությունից հետո ստեղծված դրությանը: Հավելենք, որ Տավուշի մարզում են գտնվում նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները: Այցի ընթացքի մասին պարբերաբար տեղեկություններ է հրապարակում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր պատգամավորը երեկ նշել է. «Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների: Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից Գագիկ Մելիքյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու պատգամավորը այս օրերին Տավուշի մարզում չէ:
-Պարո՛ն Մելիքյան, արդեն մի քանի օր է՝ Տավուշի գյուղերը գտնվում են հակառակորդի գնդակոծության տակ: Ինչ կանխարգելիչ քայլեր են ձեռնարկում ՀՀ իշխանությունները, ի վերջո, Դուք Տավուշի մարզից եք, տեղում եղե՞լ եք՝ պարզելու համար, թե ինչ վիճակ է սահմանագոտում:
-Ես կարծում եմ, որ այն, ինչն իրականացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, համարժեք գնահատականն է այն բոլոր վնասների, որը կրել են Տավուշի մարզի բնակիչները ադրբեջանական հրետակոծությունից հետո: Պետք չէ ադրբեջանական ագրեսիայի պատճառով խուճապի մատնվել, իրավիճակն ամբողջությամբ հսկվում է, մեր բանակը, զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս իրենց քայլերին: Համոզված եմ, որ ադրբեջանցիները, որոնք վնասներ են կրել մեր կողմից տրված համարժեք պատասխանից, նրանց այդ ամենը կզսպի, ու կարծում եմ, որ առաջիկայում նրանք կդադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները: Խուճապի մատնվել պետք չէ, ես ուղղակի ցավում եմ, որ ունենք զոհ, ունենք վիրավորներ, ունենք վնասվածքներ ունեցող բնակիչներ: Նյութական արժեքները բնակիչներին, բնականաբար, կփոխհատուցվեն, բայց ամեն դեպքում զոհը մեզ համար շատ թանկ է, ես ցավակցում եմ նրանց հարազատներին: Ես կարծում եմ, որ մեր բանակով ու նման հերոսներով է մեր ժողովուրդը հզոր: Իսկապես շատ ցավալի է, որ հայկական կողմը եւս կորուստներ է ունենում, քանի որ մեզ համար դա շատ ցավալի իրողություն է: Կողքից ինչ-որ բաներ են անում, իշխանություններին քննադատում են, բայց իրականում ամենացավալին նաեւ իշխանությունների համար է: Մենք ենք մեր երկրի տերը, մենք միայն խաղաղության կողմնակից ենք: Հավատացնում եմ, որ իշխանություններն այս հարցում ամենազգոն վիճակում են: Ես Տավուշի մարզում եմ եղել ու ես իմ աչքով եմ տեսել, թե այնտեղ ինչ է տեղի ունենում, եթե չենք բարձրաձայնում, դա դեռ չի նշանակում, որ մենք այնտեղ չենք, մենք իրավիճակին չենք տիրապետում: Սխալվում եք:
-Տեսակետ կա, որ այս օրերին պետք է տարհանել Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին, եթե Ձեր աչքով հետեւել եք սահմանին տիրող իրավիճակին, տեսել եք, թե գյուղերում ինչ է կատարվում, արդյո՞ք ճիշտ եք համարում տարհանումը:
-Այս օրերին նաեւ տեղի են ունենում «Շանթ 2015» զորավարժությունները, որոնց ծրագրերից մեկն էլ տարհանման փորձի կազմակերպումն է: Կարծում եմ, որ այդ տարհանման կարիքն իրականում չի կարող լինել, բայց, ամեն դեպքում, զորավարժությունների ընթացում նման բան լինելու է: Եթե իրականում նման կարիք լինի, ապա մենք պատրաստ կլինենք նաեւ դրան: Բայց այժմ գյուղերի բնակիչների տարհանման կարիք չկա: Ես արդեն նշեցի, որ ես Տավուշում եմ եղել, վաղն էլ լինելու եմ Տավուշի մարզի Պառավաքար, Ներքին Կարմրաղբյուր գյուղերում ու կարծում եմ, որ այժմ տարհանման անհրաժեշտություն չկա: Բնակիչների հետ զրուցել ենք, ու դա բոլորի համար սովորական երեւույթ է, գյուղերում խուճապային իրավիճակ չկա: Տեղեկություններ կան, որ լուրջ խուճապային իրավիճակ կա Ադրբեջանի գյուղերում, որոնք հարակից են մեր սահմանին, ու լուրջ թվով ադրբեջանցիներ փախուստի են դիմում այդ գյուղերից: Մենք պատրաստ կլինենք հարձակման, եթե այս ձեւով շարունակվի:

 

 

 

 

 
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՆ ԱՆԳԱՄ ՎԱՐԿԱԲԵԿԻՉ Է

Երեկ խորհրդարանում նոր Սահմանադրության նախագծի հետ կապված լսումներ էին կազմակերպվել, որոնց ներկա էին նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները: Այս փաստը ուշագրավ էր, քանի որ, ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը հայտարարել է, որ չի մասնակցելու նոր Սահմանադրության բովանդակային քննարկումներին: Երեկ, սակայն, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք լսումների են եկել իրենց «ոչ»-ն ասելու համար:

«Ամբողջ պրոցեսը կազմակերպված է այնպես, որ իշխանությունը բերել է մարդկանց, ի՞նչ է, դժվա՞ր է Հովիկ Սահակյանին կազմակերպել այդ պրոցեսը, ո՞վ է ստուգում, ո՞վ է նայում, թե ում են հրավիրել, որ կազմակերպություններն են ներկա քննարկմանը»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ պետք չէ խաբվել այն իրավիճակին, որ խորհրդարանում Սահմանադրության քննարկումն անցնում է «խաղաղ» պայմաններում: «Փառք Աստծո, այս իշխանությունները գոնգոներ շատ ունի, իսկ գիտեք դա ինչ է, դա պետության կամ կառավարության կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններն են, էդպիսի գոնգոներն այնքան շատ են, պետք լինի՝ 200 հասարակական կազմակերպություն կբերեն»,-վստահեցրեց ընդդիմադիր գործիչը:
Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց «ոչ»-ի ճակատն այս ժամանակահատվածում շատ ակտիվորեն է աշխատելու ու հասնելու է իր ուզած արդյունքին: «Մենք եկել ենք այստեղ Սահմանադրությունը մեժելու նպատակով, մերժման պատճառները բացատրելու նպատակով ու ժողովրդին կոչ անելու սկսել դիմադրության շարժում այս սահմանադրական հեղաշրջման դեմ»,-նշեց Զուրաբյանը: Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց նաեւ, որ Սահմանադրության փոփոխությունների շուրջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում ու քննարկում ունենալը սխալ է. «Սերժ Սարգսյանը հասցրել է մի իրավիճակի, երբ իր հետ հանդիպելը ինքնին դառնում է վարկաբեկիչ բան»: Ի դեպ, նկատենք, որ երեկ խորհրդարանական քննարկումների ժամանակ որեւէ հասարակական կազմակերպություն չբարձրացրեց Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը: Հասարակական սեկտորը հիմնականում անհանգստացած էր միասեռականների ամուսնությունից, եկեղեցու դերից ու սոցիալական հարցերի կարգավորումներից:
«Ժողովուրդ»-ը փորձեց Լ. Զուրաբյանից պարզել` եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ ինքը եւս դեմ է Սահմանադրության փոփոխությանը, ապա իրենք նրան կընդունեն «ոչ»-ի ճամբար: Ի պատասխան` մեր զրուցակիցն ասաց. «Չհասկացա, մենք ինչ-որ մեկին պե՞տք է միանանք, եթե մենք սահմանադրական փոփոխությունները մերժել ենք ի սկզբանե, եթե մենք ռեժիմի դեմ պայքարել ենք ու շարունակում ենք այդ գործը, դա չի՞ նշանակում, որ ինչ-որ մեկը մեզ պետք է միանա, ոչ թե մենք միանանք»: Երկրորդմանը, թե թույլ կտա՞ն Ռ. Քոչարյանին միանալ իրենց, Զուրաբյանն արձագանքեց. «Մեր անհնար համագործակցությունն ասեմ՝ ինչով է անհնար, մեր մեջ կա մարտի 1-ի արյունը, մեր մեջ կան բազմաթիվ այլ հակասություններ, որոնք մենք միշտ ասել ենք, ինքը պայքարում է, թող պայքարի, ես դա դեռ չեմ տեսել»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ
Էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման արդյունքում սպասվող թանկացումները արդեն սկսել են իրականություն դառնալ: «Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վստահեցնում են, որ Հայաստանում գործող որոշ գազալցակայաններում գազի գինը օգոստոսի երկրորդ կեսից սկսել է թանկանալ: Մինչ այդ գազալիցքավորման կայաններում գազի գինը եղել է 1 խմ-ը 170-ից 180 դրամ, դարձել է 190-ից 200 դրամ: Թանկացումը գազալցակայանները պատճառաբանում են էլէներգիայի թանկացումով: Ի դեպ, այն գազալցակայանները, որտեղ գազը դեռեւս չի թանկացել, նույնպես պնդում են, որ թանկացումն անխուսափելի է: Պարզապես այդ գազալցակայանները ժամանակից առաջ չեն ընկնում եւ սպասում են իրենց ծախսած էլէներգիայի հաշիվներին: Դրանք ստանալուց հետո նոր պետք է որոշեն ինչպես վարվել: Ի դեպ, հաշվի առնելով այն փաստը, որ գազալցակայանները շատ են էլէներգիա սպառում, նրանց ծախսած էլէներգիան չի փոխհատուցվելու: Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարության որոշմամբ փոխհատուցվելու է մինչեւ 500 ԿՎտ էլէներգիա սպառող ընկերությունների 250 ԿՎտ-ը:

 

ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում կրքերը չեն հանդարտվում: Ինչպես նախկինում գրել էինք՝ օգոստոսի 4-ին Ագարակում կրակոցներ էին հնչել նույն քաղաքի բնակիչ Ստեփան Հովհաննիսյանի ուղղությամբ: Նա հայտարարել է, որ այդ ամենի հետեւում կանգնած է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Քաղաքապետը, բնականաբար, հերքել էր իր կապը կատարվածի հետ` Հովհաննիսյանին մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ: Ինչեւէ: Մեզ հայտնի դարձավ, որ երեկ հնչած կրակոցների գործը քննող քննիչները գնացել են Ագարակի քաղաքապետարան եւ կապարակնքել քաղաքապետի տեղակալի աշխատասենյակը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքապետը հաստատեց, որ իր տեղակալի աշխատասենյակը կապարակնքած է, իսկ թե ինչն է պատճառը, հորդորեց իրավապահներից պարզել:

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
Ինչպես հայտնի է՝ Վարդենիսի բնակիչ Կարինե Աղաբեկյանի` «Մոր եւ մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնի բժիշկների անփութության հետեւանքով մահանալու փաստի առիթով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել (ՀՀ քր. օր. 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկի մասնագիտական պարտականությունները չկատարելը, որը պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարի ժամկետով): «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ըստ մահացած կնոջ հարազատների՝ Կ. Աղաբեկյանի մահվան պատճառ էր դարձել վիրահատության ժամանակ բժիշկ Արմեն Գասպարյանի թույլ տված սխալը: Երեկ պարզեցինք, որ բժիշկ Ա. Գասպարյանը սովորականի նման աշխատանքի է գնում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը մինչ օրս որեւէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին: Մենք դեռ կանդրադառնանք այս դեպքին:




Լրահոս