«ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ԵՍ ՉԵՄ ՏԱԼԻՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ իրեն անտարբեր քաղաքացի չի համարում, մասնակցելու է գալիք նախագահական ընտրություններին, ավելին, արդեն որոշել է, թե ում է ընտրելու, սակայն նախընտրած թեկնածուի անունը գերադասում է գաղտնի պահել:
-Ընտրություններին գնալը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է, պետք է բոլորս էլ մասնակցենք, եթե ցանկանում ենք տեսնել մեր երկիրը բարգավաճող ու ծաղկող: Հայաստանը լավ վիճակում տեսնելը միայն ղեկավարության խնդիրը չէ, այլ ցանկացած քաղաքացու: Հուսով եմ եւ ինչ-որ տեղ համոզված, որ ընտրություններից հետո փոփոխություններ անպայման կլինեն:
-Թեկնածուներից ո՞ւմ եք ամենից շատ համակրում:
-Ես գիտեմ` ում պետք է ընտրեմ, պարտադիր չէ, որ դրա մասին բարձրաձայն ասեմ, ես իմ որոշումը կայացրել եմ: Տվյալ պահին ես հավատում եմ այսինչ մարդուն, տեսնում նրան ղեկավարի դերում, նրան էլ ընտրում:
-Պետությունն ըստ արժանվույն գնահատո՞ւմ է իր արվեստագետին:
-Ես չեմ կարող խոսել բոլորի անունից, կասեմ իմ մասին: Ես գիտեմ, որ ունեմ ժողովուրդ, որ շատ գնահատում է իմ արվեստը, շնորհակալ եմ իմ ունկնդիրներից, երկրպագուներից: Շնորհակալ եմ նաեւ ղեկավարությունից, որովհետեւ անցած տարի ստացա ՀՀ վաստակավորի կոչում:
-Չե՞ք կարծում, որ ուշացած էր:
-Ես բացատրեմ` ինչու: Շուրջ 13 տարի ամուսնուս հետ Հայաստանում չենք եղել` 3 տարի եղել ենք արաբական երկրներում, 10 տարի աշխատել ենք Ավստրիայում: Իհարկե, եղան խոսակցություններ, որ եթե ես այստեղ լինեի այդ տարիների ընթացքում, հիմա արդեն կստանայի ժողովրդականի կոչում: Ես ոչ մեկին չեմ կարող մեղադրել, մի կամ երկու տարի չի եղել, 13 տարին քիչ չէ:
-Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ արվեստագետի գնահատման արժեհամակարգը անհասկանալի է, եւ այսօր անհասկանալի սկզբունքով են կոչումներ տրվում: Ի դեպ, նրա նման երաժիշտը մինչեւ հիմա անգամ վաստակավորի կոչում չունի:
-Ես համաձայն եմ Եղիշեի հետ, որովհետեւ յուրաքանչյուր արվեստագետ, եթե ինքը պրոֆեսիոնալ է ու հաստատված իր բնագավառում, պետք է գնահատվի: Բայց երգել 3-4 տարի ու համարել քեզ կայացած երգիչ կամ երգչուհի, նույնիսկ ամոթ է: Երգն այն մասնագիտությունն է, որ պետք է անընդհատ աշխատես, ինչ-որ նոր բաներ գտնես, զարգանաս: Գուցե կան մարդիկ, որոնք ժամանակից շուտ են ստացել այդ կոչումը, ցավոք սրտի, կոչումները ես չեմ տալիս: Իհարկե, ես կուզենայի, որ իրոք լավ մասնագետներն ու պրոֆեսիոնալները ժամանակին ստանան իրենց գնահատանքը:  
-Համամի՞տ եք այն կարծիքին, որ փողը, ընկերությունն ու ծանոթությունը շատ բաներ են որոշում:
-Իմ դեպքում նման բան ասել չեմ կարող, բայց գումարն այսօր մեծ նշանակություն ունի թե՛ երգ ձայնագրելու, թե՛ տեսահոլովակ նկարելու համար, չնայած ես այդ մասին չեմ մտածում, վաղուց եմ դուրս եկել այդ տարիքից, որ ինձ գովազդեմ որպես երգչուհի: Բայց վատ է այնքանով, որ այսօր կան ոչ այդքան տաղանդավոր երեխաներ, ում ծնողները հարուստ են եւ իրենց երեխաներին ընձեռում են մեծ հնարավորություններ, ինչը չեն կարողանում իրենց թույլ տալ շատ ավելի տաղանդավոր երեխաների ծնողները:
-Եթե չեմ սխալվում, Դուք նաեւ դասավանդում եք: Ապագա սերնդի մեջ տեսնո՞ւմ եք նպատակասլաց երիտասարդների:
-Անշուշտ, ինչո՞ւ չէ, ունեմ շատ շնորհալի երեխաներ: Ես նաեւ մեծ կարեւորություն եմ տալիս, որ այդ շնորհալի երեխաներն ունենան նաեւ լավ պրոդյուսերներ: Ցավոք, այսօր բոլորն ընկած են կոմերցիայի հետեւից, ոչ իրական արվեստի, ինչի համար շատ եմ ափսոսում: Մեզ մոտ գրեթե արվեստ չի մնացել, միայն կոմերցիա:
-Ձեր կատարումները կոմերցիոն անվանել չի կարելի, խնդիր չի՞ առաջանում գումար վաստակելու հարցում:
-Իհարկե առաջանում է, առավել եւս ինձ համար: Երբ այսօր համերգներ են կազմակերպվում, ավելի շատ տեղ են տալիս երիտասարդ կատարողներին, կազմակերպիչների համար կարեւոր չէ` լավ է երգում, վատ է երգում: Մեզ նման մարդկանց շատ հազվադեպ են հրավիրում: Այսօր ես ընտանիք եմ պահում, բացի այն, որ դասավանդում եմ, ունեմ նաեւ անհատական աշակերտներ, իսկ Դուք պատկերացրե՛ք, եթե իրենք էլ չլինեին… վիճակը շատ ավելի բարդ կլիներ: Այսօր փող աշխատելն ավագ սերնդի համար շատ բարդ է:
-Եթե շատ գումար ունենայիք, ի՞նչ կանեիք:
-Եթե շատ-շատ գումար ունենայի, առաջինը, ինչ կանեի, կբացեի Գայանե Հովհաննիսյանի անվան  երաժշտական դպրոց: Դա իմ երազանքն է, տեսնենք կիրականանա՞: Ես ինձ համարում եմ երջանիկ մայր, ունեմ հրաշալի դուստր: Ինձ պակասում են մարդկանց անկեղծ փոխհարաբերությունները, ջերմությունը եւ խաղաղությունը, որ պատերազմ չլինի, հանգիստ կյանքով ապրենք:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս