Տեւական ժամանակ է, ինչ փորձ է արվում ձեւավորել նոր Սահմանադրության նախագծին «ոչ» ասողների ճամբարը, սակայն մինչեւ այսօր հստակ տեղեկություն չկա, թե ովքեր են համալրելու «ոչ»-ի ճակատը եւ ինչպես են իրականացնելու իրենց պայքարը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս լինելու է «ոչ»-ի ճամբարում եւ պայքարելու է նոր Սահմանադրության ընդունման դեմ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք որեւէ ճամբարում չեն, ու այն տեղեկությունները, թե իրենք միանալու են «ոչ»-ի ճակատին, իրականության հետ որեւէ կապ չունեն:
-Պարո՛ն Սիմոնյան, նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվող քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք ակտիվ պայքար են մղելու, որին միանալու է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Արդյոք դա այդպես է, եւ եթե այո, Ձեր կուսակցությունը ինչպե՞ս է պատկերացնում ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ համագործակցությունը, քանի որ «ոչ»-ի ճամբարում հիմնականում այդ քաղաքական ուժերն են:
-Իսկ ով է նման բան ասել, մենք նման հայտարարություն չենք արել, դա ծիծաղելի է: Նախ ես չեմ կարծում, որ ամբողջ քաղաքացիական հասարակությունը այդ ճամբարում է, քանի որ ես ինքս ինձ նաեւ քաղաքացիական հասարակության մի մասնիկ եմ համարում ու շատ ընկերներ ունեմ, որոնք քաղաքացիական հասարակության անդամ են, իսկ ես նման տեղեկություններ չունեմ: Մենք ասել ենք հստակեցում, ուղղակի կանգնել ասել «ոչ», «այո», կամ բոյկոտեք. դա ամենահեշտն է, ինչ է «ոչ»-ի ճակատը, ինչ են անելու, դա պետք է հստակ լինի: Մենք վաղուց ասել ենք նաեւ, որ եթե կլինի կոնկրետ առաջարկ, օրինակ` կասեն՝ եկեք 1988 ընտրատարածքից 1000-ը մենք պահենք, 500-ը Դուք պահեք, մնացածն էլ մյուսները թող պահեն, կարող ենք քննարկել, բայց սա մեզ համար կեղծ օրակարգ է, ու չեմ էլ ուզում դրա մասին խոսել:
-«Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք հանրահավքների, հանրության հետ մարզային հանդիպումների միջոցով են «ոչ» քարոզելու: Արդկո՞ք դա բավարար չէ, որ Ձեր կուսակցությունը միանա այդ քարոզին:
-Մենք որեւիցե բան չենք քարոզել, չենք քարոզելու, մենք դա չենք քննարկելու, մեզ, ինչպես գիտեք, Բաղրամյանից զանգ է եղել, բայց մենք որեւիցե դրական կամ բացասական կերպով այդ խաղի մեջ մտնելու ցանկություն չենք ունեցել ու չունենք: Երբ որ «Ոչ»-ի ճակատ է, որեւիցե կուսակցություն է, կամ քաղաքացիական նախաձեռնություն է, կոնկրետ առաջարկ կունենա, կներկայացնի այդ առաջարկը հանրությանը՝ կասի՝ այսպես ենք անում, այսպես է լինելու ու ավարտն էլ այսպիսին կլինի, այդ ժամանակ մենք կքննարկենք, բայց մնացած բոլոր դեպքերում մեր դիրքորոշումը չի փոխվելու:
-Իսկ ո՞րն է այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ: «Այո» թե՞ «ոչ» է ասելու կուսակցությունը նոր Սահմանադրությանը:
-Անձամբ Ալեն Սիմոնյանը չի գնալու հանրաքվեին, իսկ ով ինչ ուզում է, թող անի, ես ոչ մեկին չեմ ասում՝ գնացեք կամ մի գնացեք: Կամ գնալու եմ, դեմ քվեարկեմ, կամ չեմ գնալու, կարող է ուղղակի գնամ՝ հասկանալու համար, թե ինչ վիճակ է ընտրատեղամասում: Ինձ համար մեկ է, հասկացեք, ես մասնագիտությամբ իրավաբան եմ… ինձ համար նման հարց գոյություն չունի, եթե նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանգնեցնելն է… Սերժ Սարգսյանը կվերարտադրվի, թե՛ հին, թե՛ նոր Սահմանադրությամբ: Էլ չեմ ասում, որ Սերժ Սարգսյանը մենակ չի, էլ չեմ ասում, որ ինձ համար տարբերություն չկա Սերժ Սարգսյանի եւ իր մերձավոր-բարեկամների միջեւ: Ինձ համար մեկ է՝ ինչ ձեւով ինքը կվերարտադրվի, մեկ այլ դեմքով, թե իր անձով, ես անձերի դեմ չեմ պայքարում: Մեր նպատակը ՀՀ-ում գոնե մի անգամ լիարժեք իշխանափոխություն իրականացնելն է, այլ ոչ թե այս մարդը կվերարտադրվի, թե մեկին կնշանակի ու ինքը կապրի նույն ձեւով: Ինձ համար դա էական չէ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սահմանադրության փոփոխությունները համարում է կեղծ օրակարգ, ու դա չի քննարկում:
-Այդ դեպքում ի՞նչ է այժմ անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն է Ձեր այժմյան գործունեությունը:
-«Քաղաքացիական պայմանագիր»-ն իր գործունեությամբ է զբաղվելու, գրասենյակներ է բացելու, նոր անդամներ է ներգրավելու, մեր հայրենակիցներին ենք հանդիպելու ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս: Ներկայացնելու ենք ծրագրեր ու պատրաստվելու ենք ընտրություններին՝ ՀՀ քաղաքացիներին կոնկրետ բան առաջարկելով: Մենք մեր գործունեությամբ ենք զբաղվելու:
ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐՈՐԴ ՈՒՆԻ, ԲԱՅՑ ՏԱՔՍԻ Է ՆՍՏՈՒՄ
Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին ժամանակներս շատ «խառն» է. նա հաճախ ուշանում է կարեւոր միջոցառումներից: Վերջերս էլ Ա. Սարգսյանը ուշացել էր «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակներում հրավիրված ազգային անվտանգության խորհրդի նիստից: Ուշագրավ է, որ Սարգսյանը նախագահական նստավայր էր գնացել տաքսիով: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին ոստիկանապետին հաճախ կարելի է տեսնել տաքսուց իջնելիս:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ՀՀ նախկին ոստիկանապետի հետ՝ պարզելու համար, թե ինչ է իրականում տեղի ունենում նրա հետ, ու ինչու է նա վերջերս այդքան «խառը»:
-Պարո՛ն Սարգսյան, ըստ մեր տեղեկությունների՝ Դուք ուշացել եք «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակներում հրավիրված ազգային անվտանգության խորհրդի նիստից: Դուք նախագահական նստավայր եք գնացել տաքսիով ու շատ շտապ իջնելով` վազել եք խորհրդի նիստին: Ասում են, որ սա վերջին շրջանում միակ դեպքը չէ, երբ Դուք ուշանում եք նման կարեւոր միջոցառումներից:
-Նախ ուզում եմ նշել, որ ես այժմ ազգային անվտանգության խորհրդի անդամ չեմ, ես այդ օրը արձակուրդի մեջ եմ եղել, բայց քանի որ «Շանթ 2015» զորավարժություններն էին ընթանում Հայաստանում, ես եկել եմ աշխատավայր: Ես դուրս եկա, մեքենա չէի կանչել, ամո՞թ է, որ ես տաքսիով գնամ գործի:
-Բայց ինչպես արդեն նշեցի՝ սա միակ դեպքը չէ, երբ Դուք ուշանում եք, բացի այդ` Ձեզ հաճախակի են տեսնում տաքսիով երթեւեկելիս: Ո՞րն է պատճառը, գուցե Ձեզ զրկե՞լ են ծառայողական մեքենայից:
-Ես ուշացած չեմ եղել, ես «Շանթ 2015» զորավարժություններից հետո եկել եմ տուն, մի կտոր հաց եմ կերել ու քանի որ արդեն վարորդիս թողել էի, որովհետեւ ինքը խնդիրներ ուներ, ուրիշ մեքենա էլ չէի կանչել, դուրս եկա, տան դեմից նստեցի տաքսի: Մի՞թե տաքսի նստելու մեջ վատ բան կա, թե՞ ես իրավունք չունեմ տաքսի նստել: Բաց ապակիներով տաքսի էր, ես դրանում ամաչելու բան չեմ տեսնում: Այն ժամանակ էլ, երբ Ձեր իմացած պաշտոնում աշխատում էի, էլի դեպքեր են եղել, որ տաքսի եմ նստել, որպեսզի հա՛մ տաքսիստին լսեմ, հա՛մ էլ իմանամ, թե ինչ վիճակ է քաղաքում, չճանաչեն, թե ով է անցնում: Իհարկե, այն ժամանակ մութ ապակիներով տաքսի եմ նստել, այս անգամ բաց գույնի ապակիներ ունեցող տաքսի էի նստել, ի՞նչ ունեմ թաքցնելու, համ էլ տեսնում եմ, թե ինչ է կատարվում քաղաքում: Այդ օրն էլ դուրս եմ եկել ու գնացել եմ աշխատանքի: Կարո՞ղ է՝ ծառայողական ավտոների մեջ եմ ծնվել, տաքսիներից միշտ էլ օգտվել ենք, էլի: Ես վարորդ էլ ունեմ, ծառայողական մեքենա էլ ունեմ, ուղղակի այդ օրը մեքենաս թողել էի, անձնական մեքենայով էլ չուզեցի աշխատանքի գնալ, դա հարմար չէ: Այսքան բան:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԿԻՆԸ
ՀՀ վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանն իր գործընկերներից ետ չի մնում եւ ինքն էլ 1 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր դոլարների նվերներ ստանում: Չիլինգարյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ 2014 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար: Կարեն Չիլինգարյանն իր հայտարարագրում նշել է, որ անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 33 հազար դոլար: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 764 հազար դրամ: Դատավորի կինը` Կարինե Բոյաջյան, պարզվում է՝ ավելի հարուստ է: Նրա դրամական միջոցները 2014-ին կազմել են 500 հազար դրամ, 8 հազար 500 դոլար եւ 33 հազար 960 եվրո: Ի դեպ, Կարինե Բոյաջյանն անցած տարի 18 մլն 952 հազար դրամով բնակարան է վաճառել եւ 10 մլն 550 հազար դրամով գնել է «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենա: Հավելենք, որ դատավորի կնոջ ամսական աշխատավարձը կազմում է 268 հազար դրամ:
ԹԱՆԿ ԿԱՐՏՈՖԻԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.3 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, ոչ ոգելից խմիչքի, բանջարեղենի եւ կարտոֆիլի՝ մինչեւ 11.8 տոկոս գնաճով: Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2015 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 15.2 տոկոս գնաճ: Ներկայումս տեղական շուկայում 1 կգ կարտոֆիլը վաճառվում է 300-ից 400 դրամով: Իսկ մսամթերքի ապրանքախմբում այս տարվա օգոստոսին, 2014 թվականի օգոստոսի համեմատ, գրանցվել է 2.3 գնաճ: Գնաճից անմասն չի մնացել նաեւ կաթնամթերքի շուկան. այստեղ այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 2.5 գնաճ:
«ՍՅՈՒՆԻՔԻՆ» ԿՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում պատրաստվում է «Սյունիք» ընկերության նկատմամբ կիրառել նախազգուշացում` վարչական տույժ: Ընկերությունն այս տարվա օգոստոսի 26-ի եւ սեպտեմբերի 1-ի գրություններով հանձնաժողով է ներկայացրել բաժնեմասերի առքուվաճառքի, ընկերության եւ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի միջեւ կնքված կոշտ գրավի, հիփոթեքի եւ վարկային պայմանագրերը: Ըստ ներկայացրած փաստաթղթերի` ընկերությունը գրավադրել է «Ապրես» փոքր ՀԷԿ-ի էլեկտրական էներգիայի արտադրության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը՝ ագրեգատները, հոսանքի տրանսֆորմատորները, յուղային անջատիչները եւ այլն: Ընկերությունը առանց հանձնաժողովի թույլտվության իրավունք չուներ գույք վաճառել կամ գրավադրել: Այսինքն՝ ընկերության տնօրինությունը թույլ է տվել ՀՀ օրենսդրության խախտում, ինչի համար էլ ՀԾԿՀ-ն մտադիր է այսօր «Սյունիքի» նկատմամբ նախազգուշացում կիրառել: