ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով` արդեն իսկ կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանին չհաջողվեց իրագործել իր  խոստումը` անցկացնել ՀՀ պատմության ընթացքում ամենալավ եւ աննախադեպ ընտրությունները: Վիճաբանություն, ահաբեկելու փորձ, լեզվակռիվ, հարձակում լրագրողների վրա. երեկ այսպիսի մթնոլորտում ընթացան նախագահական ընտրությունները:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, գտնվելով Գյումրիում, տեղեկացվել է, որ 34/36 տեղամասում խախտումներ են կատարվում: Շտապել է նշված ընտրատեղամաս եւ արձանագրել խախտումը: Նույն տեղամասում է հայտնվել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Երկու պատգամավորների միջեւ վեճ է ծագել: Արդյունքում` Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ոստիկանություն:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց 34/36 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մխիթար Սարգսյանի հետ: Վերջինիս պարզաբանմամբ` իրենք հանգիստ եւ արդար իրենց աշխատանքն են իրականացրել, երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եկել է ընտրատեղամաս եւ սկսել վիրավորել Սերժ Սարգսյանի վստահված անձին` Գագիկ Վարդանյանին:
«Հանձնաժողովի քարտուղարը, որը «Ժառանգություն» կուսակցության անդամ է, չգիտեմ ինչը դուրը չի եկել, զանգահարել է Ռ. Հակոբյանին եւ կանչել ընտրատեղամաս: Նա էլ եկավ ու սկսեց՝ «ես ձեր հերը կանիծեմ, սաղիդ նստեցնել կտամ» ասել, ու այդ պահին աղմուկ բարձրացավ: Ես չթողեցի, որ հանձնաժողովի անդամները խառնվեն այդ բղավոցներին: Դե մնացել է մի քանի ժամ, ինչո՞ւ ամեն ինչ մաքուր չլինի»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Նա զայրացած եւ բղավող պատգամավորին ասել է, թե դու ով ես. «Ասաց, թե վստահված անձ եմ, ասի` դե գնա՛ գրանցվի: Գնաց գրանցվեց: Սկսեցին Ռ. Հակոբյանի ականջին ինչ-որ բաներ ասել, նա էլ ինչ-որ բաներ էր գրում թղթի վրա ու էլի նորից վեր կացավ, սկսեց բղավել: Ես էլ  այդ պահին անմիջապես զանգահարեցի ընտրատարածքային հանձնաժողով եւ տեղյակ պահեցի, թե ինչ է կատարվում, ու ոստիկանները եկան»,-նշեց Մ. Սարգսյանը:
Հարցին, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ինչպես է հայտնվել ընտրատարածքում, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, թե Ս. Ավետիսյանն այդ ժամանակ ընտրատարածք է եկել մի երեք ժամով փոխարինելու Ս. Սարգսյանի վստահված անձ Գագիկ Վարդանյանին. «Այնպես «խիպիճ» սարքեց Ռուբեն Հակոբյանը, որ խեղճ տղեն չկարողացավ  փոխարինել: Մենք ասինք` Սուքիա՛ս ջան, արի դու գնա՛, լա՞վ»:  
Զրուցեցինք նաեւ Ս. Ավետիսյանի հետ: Նա պատմեց հետեւյալը. «Ռ. Հակոբյանը մտել է եւ ահաբեկել: Հետո եկա ես ու հարցրի՝ ինչ գործ ունեք էստեղ, նա էլ թե` ես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն եմ, ասի` ես էլ Սերժ Սարգսյանի: Ասացի` ի՞նչ իրավունք ունեք, եկել հանձնաժողովի աշխատանքն եք խանգարում, ինքն էլ թե՝ լավ եմ անում,  ընտրախախտում եմ նկատել: Ինքը բղավում էր, ես էլ հանձնաժողովի նախագահին ասացի, ոստիկանություն կանչեց, որ տեղում ճշտենք: Մեզ երկուսիս հրավիրեցին ոստիկանություն, մի 10 րոպե մնացինք էնտեղ, զրուցեցինք, հետո ես դուրս եկա, գնացի, մի քանի րոպե հետո նա դուրս եկավ»:
Փորձեցինք զրուցել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսը անջատված էր: Ավելի ուշ տեղեկացանք, որ նա 34/36 ընտրատեղամասում է եւ պատրաստվում է այնտեղ մնալ որպես վստահված անձ: Ի դեպ, երեկոյան գլխավոր դատախազի հրամանով գործը ուղարկվել է ՀՀ հատուկ քնչական ծառայություն:
Հոգեբանական ճնշում են գործադրել նաեւ «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի եւ 168.am-ի  լրագրողների  նկատմամբ:  Նորագյուղի 9/28 ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հանձնաժողովի քարտուղարը, նախագահը խոչընդոտել են լրագրողների աշխատանքը: 9/27 ընտրատեղամասից դուրս գալուց հետո «Առավոտ»-ի եւ 168.am-ի լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են մի խումբ կանանց «Գազել»-ով բերում ընտրատեղամաս: Լրագրողները ցանկացել են արձանագրել, թե արդյոք  այդ կանայք քվեարկում են իրենց անվան դիմաց: Սակայն հանձնաժողովի քարտուղարը սկսել է բղավել, թե իրավունք չունեն նկարահանել կամ լուսանկարել ընտրատեղամասը, եթե գրանցված չեն: «Մենք ցույց տվեցինք մեր անձը հաստատող փաստաթղթերը, մոտեցանք՝ գրանցվելու եւ նկարահանելու կանանց, բայց քարտուղարն աղմուկ բարձրացրեց՝ գոռալով ողջ ընտրատեղամասով, թե եկել եք գաղտնի նկարահանում եք»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Հ. Ջեբեջյանը:
Վերջինիս խոսքով` այդ ընթացքում «Գազել»-ով ընտրատեղամաս բերված կանայք քվեարկել եւ դուրս են եկել: Տեսնելով, որ կանայք դուրս են եկել, լրագրողները խնդրել են մի փոքր արագ կատարել գրանցման աշխատանքը, որպեսզի կարողանան նկարահանել: «Բայց քարտուղարը, կարծես միտումնավոր, երկարաձգում էր աշխատանքը: Նրանք հրավիրեցին ոստիկաններին: Որքան էլ փորձեցինք համոզել, որ որեւէ կադր ընտրատեղամասի ներսում չենք նկարահանել, չհավատացին ու դիտեցին տեսախցիկի բոլոր տեսանյութերը: Ավելին, տեղամասում իսկական շոու սարքեցին, ու ոստիկանները մոտեցան, սկսեցին իմ լուսանկարները ստուգել, այնքան հոգեբանական ճնշման ենթարկեցին, որ ես ակամայից սկսեցի լացել»,-մեզ հետ զրույցում պատմեց Հռիփսիմեն:
Մայրաքաղաքի Մետաքս թաղամասում էլ ՀՀԿ շտաբի մոտ շուրջ 10-15 տղամարդիկ հարձակվել են «Հրապարակ» օրաթերթի թղթակից Գայանե Սարիբեկյանի եւ «Ժամանակ» օրաթերթի լրագրող Մարինե Խառատյանի վրա, որոնք, տեսնելով շտաբի դիմացի կուտակումները, ցանկացել են ճշտել, թե ինչ է կատարվում ներսում: Հավաքվածները վիրավորել ու հայհոյել են լրագրողներին, փորձել խլել լուսանկարչական ապարատն ու ձայնագրիչները: «Հրապարակ»-ի լրագրողն անմիջապես զանգահարել է ոստիկանություն: Դեպքի վայր է ժամանել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ու փորձել հարթել իրավիճակը: Մարինե Խառատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ընդամենը ցանկացել են մտնել Սերժ Սարգսյանի շտաբ, եւ այդ տղաները չներկայանալով ասել են, որ թույլ չեն տա: «Մենք էլ ենք զարմացած կատարվածով, ինչ-որ կիսագող անձնավորություններ են: Մենք զանգահարեցինք Դավիթ Հարությունյանին եւ տեղյակ պահեցինք, թե ինչ է կատարվում շտաբի մոտ: Այդ անձնավորությունները մեզ ասացին՝ դավայ եւ նման բաներ, եւ ինչպես հասկացանք, Գագիկ Բեգլարյանը միջադեպի մասին իմացել է  շտաբի ներսից եւ դուրս է եկել»,-պատմեց լրագրողը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս