ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԴՐԱԿԱՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ իշխանությունները համառորեն խոսում եւ խոսելու են միջազգային հանրության կողմից ՀՀ 2013թ. նախագահական ընտրություններին տրված դրական գնահատականների մասին՝ ոգեւորվելով նաեւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդների դրական գնահատականներից, այդուհանդերձ, իրականում միջազգային հանրության գնահատականները միանշանակ չեն:
bbc.co.uk կայքը, արձանագրելով Սերժ Սարգսյանի հաղթանակը, նշում է ընտրախախտումների մասին ոստիկանության կողմից ստացված մոտ 70 ահազանգերը եւ  հիշեցնում Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձն  ու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը: Որպես գնահատական՝ կայքը մեջբերում է ԵԱՀԿ դիտորդների ներկայացրած հաշվետվությունը, սակայն չի մոռանում հիշեցնել, որ նույն Սերժ Սարգսյանի հաղթանակը 2008թ.-ին բերեց արյունալի բախումների ոստիկանների եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ, եւ այն ժամանակ նույնպես ԵԱՀԿ դիտորդների գնահատականն ընդհանուր առմամբ բացասական չէր: Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ այդպիսով ուկրաինական լրատվամիջոցն անվստահություն է հայտնում ԵԱՀԿ դիտորդների գնահատականների վերաբերյալ:
Ի տարբերություն ուկրաինական լրատվամիջոցի՝ ռուսական РБК-ն եւ Риа-Новости-ն զերծ են մնում ընտրակեղծիքների եւ խախտումների վերաբերյալ ահազանգերի մասին տեղեկություններ տալուց՝ չնայած ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել էին Պարույր Հայրիկյանի մահափորձին եւ Անդրիաս Ղուկասյանի հացադուլին:
Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի մասին լռում է նաեւ BBC հեռուստաընկերությունը՝ չնայած իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում 16% գործազրկության եւ բնակչության 30%-ի՝ աղքատության շեմից ցածր գտնվելու կապակցությամբ:
New York Times-ը հիմնականում կենտրոնանում է Սերժ Սարգսյանի վրա՝ նշելով, որ վերջինս հեշտությամբ է հաղթանակ տարել: Թերթը գրում է, որ Ս. Սարգսյանի հաղթանակն ակնհայտ էր, քանի որ իրենց թեկնածությունը չէին առաջադրել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ստացվում է՝ New York Times-ը ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունները որակում է թույլ մրցակցային: Տարօրինակ կերպով թերթն ընդհանրապես չի հիշատակում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի մասին, սակայն համառոտ անդրադառնում է Անդրիաս Ղուկասյանի հացադուլին եւ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձին՝ դրանք համարելով անսպասելի զարգացումներ:
Ակնհայտորեն ոչ դրական են բրիտանական «Ռոյթերզ» գործակալության եւ արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության անդրադարձները:
«Ռոյթերզ»-ը գրում է ընտրախախտումների ու կեղծիքների, նաեւ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ոստիկանության ստացած շուրջ 70 ահազանգերի մասին՝ նշելով, որ Հայաստանի ընդդիմությունն աղաղակում է խախտումների մասին:
Իսկ «Ալ Ջազիրա»-ն, ի հավելումն նշվածի, նաեւ գրում է, որ թեպետ Ր. Հովհաննիսյանը հավաքել է 36,8% ձայն, սակայն պնդում  է, որ իրականում ինքն է հաղթել եւ կոչ անում Ս. Սարգսյանին՝ ընդունել իր պարտությունը: Ի դեպ, «Ալ Ջազիրա»-ն հաղորդել է նաեւ ցնդող թանաքի եւ ավտոբուսներով մարդկանց ընտրատեղամասեր տեղափոխելու մասին:
Այսպիսով՝ ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունների մասին միջազգային լրատվամիջոցների եւ միջազգային հանրության գնահատականները միանշանակ դրական համարելը, մեղմ ասած, միամտություն կլինի: ՀՀ իշխանությունները կարող են «ոգեւորվել» միայն ԵԱՀԿ դիտորդների տված գնահատականներով՝ չնայած դիտորդների ասուլիսն էլ տապալվեց մի քանի հասարակական ակտիվիստների ջանքերով, որոնք պահանջեցին դիտորդներից՝ հեռանալ Հայաստանից եւ չլեգիտիմացնել ապօրինի ընտրությունները: Ու թեեւ ավելի ուշ ասուլիսը շարունակվեց, սակայն եղելությունը պատշաճ կերպով լուսաբանվեց, ուստի եզրակացություններն արդեն պետք է անի հանրությունը: Չնայած հանրության համար նորություն չեն ԵԱՀԿ դիտորդների «օբյեկտիվությունը» եւ ՀՀ իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու նախադեպերը:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս