ՄԻԵԴ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆ ԻՆՔՆԱԲԱՑԱ՞ՐԿ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանն ասաց, թե տեղյակ չէ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի բարեկամն է:

Նշենք, որ 2013 հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, որի արդյունքում սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ասել էր, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին (արդար դատաքննության իրավունք) եւ 2-րդ (անմեղության կանխավարկածի իրավունք), կետերի, 2-րդ (պետությունը սպանության հետ կապված գործի քննությունը պատշաճ չի իրականացրել) եւ 10-րդ (պետությունը չի տրամադրում տեղեկություններ, որի ստանալու իրավունքն իրենք ունեն) հոդվածների խախտումները. «Կոնվենցիայի 10-րդ կետի խախտում ենք արձանագրել, քանի որ գրավոր դիմել էի նախագահի աշխատակազմի ղեկավարին, արդարադատության նախարարություն, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ խնդրելով հաստատել կամ հերքել այն տեղեկատվությունը, թե արդյո՞ք նախագահը, նախարարը մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին, ինչի մասին տեղեկատվություն հայտնվել էր մամուլում: Նրանք հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել»:
Տպավորությունն անպիսին էր, որ ՄԻԵԴ դիմելով՝ Բուդաղյանները կկարողանան հասնել արդարության, սակայն այստեղ էլ որոշ խնդիրներ կան: Բանն այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է: Այս տեղեկությունը հաստատել էր նաեւ մարզպետը. «Նա իմ «դվայուրըդնի» քրոջ տղան է»:
Արդյո՞ք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թույլ կտա, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը մասնակցի իր բարեկամի գործի քննությանը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցչի՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի տեղակալ Արման Թաթոյանի հետ:
-Պարո՛ն Թաթոյան, ինչպես արդեն գիտեք՝ 2013թ հունիսի 1-ի գիշերը Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների գործով սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ: Սակայն նկատենք, որ Սյունիքի մարզպետը ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի բարեկամն է: Ըստ Ձեզ՝ Արմեն Հարությունյանը իրավունք ունի՞ մասնակցել այս դիմումի քննությանը:
-Ճիշտ ասած, առաջին անգամ եմ լսում այդ տեղեկությունը, չեմ կարող հիմա ինչ-որ բան ասել: Չգիտեմ, բարեկամ ասելը լայն հասկացողություն է:
-Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ Արմեն Հարությունյանն իր «դվայուրըդնի» քրոջ տղան է:
-Անլուրջ կլինի, եթե ես հիմա սկսեմ դատողություններ անել, չեմ տիրապետում խնդրին, առաջին անգամ լսեցի այն, ինչ-որ ասեցիք:
-Լավ, առաջին անգամ եք լսել, արդեն գիտեք, թե ինչ խնդիր է առաջացել, գոնե կարո՞ղ եք ասել, թե այս իրավիճակում ինչ լուծում է առաջարկում ՄԻԵԴ-ը:
-Ախր, քանի որ իմ հարցի պատասխանը ուղիղ կապվելու է այն փաստական հանգամանքների հետ, որը Դուք նշեցիք, դեպքին չեմ տիրապետում, հետեւաբար, շատ հնարավոր է՝ հիմա Ձեզ մի բան պատասխանեմ, որը, եթե Դուք համադրեք կոնկրետ այդ դեպքի հետ, լրիվ ուրիշ լուծում դուրս կգա:
-Մոռանանք, որ մարզպետի հետ կապված այսպիսի դեպք կա: Հասարակ քաղաքացին դիմում Է ՄԻԵԴ, եւ պարզվում է, որ ում դեմ նա բողոքում է, դատավորին բարեկամ է: Ի՞նչ կանոնակարգ ունի ՄԻԵԴ-ը:
-Ախր, այդպես չի լինի ես անկեղծ եմ ասում կոմպետենտ չի լինի որեւէ բան ասել:
-Իսկ միգուցե վախենո՞ւմ եք:
-Չէ, բացարձակ որեւէ մտավախություն չկա, պարզապես առաջին անգամ լսեցի, եւ քանի որ հարցը կապվում է կոնկրետ դեպքի փաստական հանգամանքների հետ, եթե դատողություն անեմ, Դուք պետք է ինքներդ համադրեք դրան: Իսկ ես հանգամանքներին չեմ տիրապետում, չեմ կարող լուծումը կանխատեսել:
-Եթե Դուք վախենո՞ւմ եք համադրելուց, մենք դա չենք անի, այս դեպքում կարո՞ղ եք խոսել:
-Չեմ կարող պատասխանել, քանի որ առաջին անգամ լսեցի:
Ինչպես նկատում եք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցչի՝ Գեւորգ Կոստանյանի տեղակալ Արման Թաթոյանին կաշկանդել էր Սյունիքի մարզպետի գործոնը: Վերջինս իրավիճակից դուրս գալու եւ վախը թաքցնելու համար ընդամենը պետք է նշեր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28 պրիմ հոդվածի 2 մասի ա կետով դատավորը ինքնաբացարկ պետք է հայտնի եւ չմասնակցի գործի քննությանը, եթե ունի շահագրգռվածություն գործում կամ ազգակցական մասնագիտական կապ կողմերից մեկի հետ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ԿՐԿԻՆ ՓԱԿ Է

Ազատության հրապարակում երեկ կրկին հավաքվել էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները: Կարճ հանրահավաքից հետո նրանք երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա եւ փակեցին փողոցը: Մինչ ուշ գիշեր խաղաղ բնակիչները նստացույց էին անում:

«Քաղաքական ուժերին, անհատներին, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին կոչ ենք անում գալ այստեղ, միանալ մեզ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը։
Հուլիսին Բաղրամյան պողոտայի ցույցերը կազմակերպած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարել էր, որ իշխանություններն իրենց խաբել են։ Հայաստանում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Թեեւ Կառավարությունը հայտարարել էր, որ սակագնի ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի: Բայց միայն հասարակության մի մասն է փոխհատուցում ստանալու, ինչը չի գոհացնում պահանջատերերին:
Նրանք երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ հայտարարվեց նստացույց: Պողոտայում, իհարկե, իրավիճակը պարբերաբար լարվում էր, քանի որ ոստիկանները, թեպետ, նախապես հայտարարել եւ հորդորել էին քաղաքապետարանի նախապես գծված ուղիով շարժվել, այդուհանդերձ ակտիվիստները հասան Բաղրամյան պողոտա:
Ինչպես հայտնի է` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ «ոստիկանությունն այլեւս չի հանդուրժելու»: Դրա համար էլ ոստիկանության կողմից հայտարարություն հնչեց, որ խախտվում է հավաքների մասին օրենքը, եւ իրենք պատրաստվում են ուժ կիրառել: Սակայն մինչ ուշ գիշեր ուժ կիրառելուն միտված քայլեր չնկատվեցին;
Նախաձեռնության անդամները ավելի ուշ հայտարարություն տարածեցին. «Կոչ ենք անում ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հայտնի մարդկանց շտապ գալ Բաղրամյան պողոտա, քանի որ խաղաղ ժողովրդի եւ ՀՀ ոստիկանների միջեւ բախումն անխուսափելի է։ Ոստիկանական ուժերն անհամար են, եւ այս անգամվա բախման հետեւանքը կարող է ճակատագրական լինել։ Չկրկնենք անցյալի սխալները»։

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

 
ԵՐԿՈՒ ԴԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Սեպտեմբերի 10-ին Բամբակաշատ եւ Ջրաշեն ճանապարհի 2-րդ կիլոմետրին տղամարդու դի է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, 68-ամյա Ջանիբեկ Գրիգորյանն է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ տարածքում հավաքված գյուղացիները հայտնել են, որ Ջանիբեկը իր այգում գործ է արել, եւ, ըստ երեւույթին, ինքնազգացողությունը վատացել եւ մահացել է: Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նկատենք, որ սա նշված օրը միակ դին չէ, որ հայտնաբերվել է: Մեզ հասած տեղեկություններով՝ Գարգառ գյուղի դաշտում հայտնաբերվել է գյուղի բնակիչ Արթուր Խաչատրյանի դին: Իսկ թե ինչն է եղել Խաչատրյանի մահվան պատճառը, առայժմ հայտնի չէ:

 

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Կենտրոն վարչական շրջանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Հայաստանի ազգային պատկերասրահ պետական ոչ առեւտրային կազմակերպությունից գումար բռնագանձելու պահանջով: Նշենք, որ ՊՈԱԿ-ը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ: Իսկ, ահա, գումարի չափը կազմում է մոտ մեկ միլիոն դրամ:
Որտեղի՞ց է ՊՈԱԿ-ը այսպիսի պարտք կուտակել, դեռեւս հայտնի չէ: Նկատենք, որ սա միակ դեպքը չէ, որ պատկերասրահը հայտնվում է աղմկալի պատմության մեջ: Դեռեւս 2010 թվականին «Հետք»-ը գրել էր, որ Հայաստանի ազգային պատկերասրահից անհետացել է 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» քանդակը:
Այս փաստը պատկերասրահի տնօրինությունը մեկ տարի թաքցրել է: Այնուհետեւ պարզվել է, որ եւս 10 արձաններ են անհետացել պատկերասրահից: 2009-ի հուլիսի 31-ին էլ ջրով էին լցվել պատկերասրահի հոլանդական եւ մասամբ ֆրանսիական սրահները: Այս երկու սրահներում փչացել է հինգ նկար եւ 18-րդ դարի հոլանդական մեկ պահարան:

 

ՀԱՄԵՄԱՏԵԼ Է
Թուրքիայի Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների եւ թուրք ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով արդեն մեկ շաբաթ է՝ պարետային ժամ է հայտարարված, երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:
Ermenihaber.am կայքի տեղեկացմամբ` զայրացած թուրք ոստիկանը, չկարողանալով զսպել հայերի նկատմամբ իր ատելությունը, դիմել է ժողովրդին՝ հետեւյալ խոսքերով. «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք»: Ջիզրեում սեպտեմբերի 4-ից մինչեւ օրս շուրջ տասը զոհ եւ բազմաթիվ վիրավորներ կան:




Լրահոս