ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան շարժման 25-ամյակը նախախորհրդարանի անդամների նախաձեռնությամբ երեկ նշվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին զուգահեռ, սակայն հավաքի վայրը Մաշտոցի պուրակն էր, ինչը նախաձեռնողները համարում են խորհրդանշական, քանի որ ժամանակին քաղաքացիական հասարակությունն այստեղ տոնել է հաղթանակ՝ ստիպելով ապամոնտաժել անճաշակ կրպակները։ Ու թեեւ հավաքը նախատեսվում էր անել դեռ մեկ ամիս առաջ, սակայն խորհրդանշական կերպով համընկավ Ր. Հովհաննիսյանի հանրահավաքի օրվան։
Միջոցառման մասնակիցները՝ Ժիրայր Սէֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը եւ այլք, մինչ Մաշտոցի պուրակ գալը Ազատության հրապարակում էին։ Հիշեցնենք, որ դեռ մեկ օր առաջ նախախորհրդարանը կոչով ողջունել էր Ր. Հովհաննիսյանի ձգտումը՝ ազատվել իշխող համակարգից, թեեւ, ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, իրենք թերահավատ են, որ այս կերպ՝ ընտրություններով, դա կարելի է անել։
«Մենք հեղափոխություն պատրաստում ենք մտավորականության շրջանակներում՝ տնտեսական, գիտական, կրթական ոլորտների արմատական փոփոխությունների ծրագրեր պատրաստելով, որից հետո կստեղծենք քաղաքական շարժում, իսկ այդ շարժման հիմնական մեթոդը լինելու է անհնազանդությունը՝ «քաղաքացիական անհնազանդություն»։ Այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում, նույնպես անհնազանդություն է, սակայն խնդիրն այն է, թե ինչպես պետք է ուղղորդել ժողովրդի այդ պոռթկումը, էներգիան. կարճ ժամանակում հավաքել մեկ անձի շո՞ւրջ, թե՞ ընտրել ավելի երկարատեւ պայքարի տարբերակը, ստեղծել խումբ եւ աշխատել խմբով»,-ասաց Տ. Խզմալյանը։
Տեղեկացնենք, որ անցած տարի ստեղծված նախախորհրդարանը ունի 33 անդամ եւ, Խզմալյանի բնութագրմամբ, ժամանակավոր մարմին է, որը քաղաքացիական շարժումների անցում է դեպի քաղաքական մարմին։ Համախմբելով 2012թ. բոլոր քաղաքացիական շարժումները, որոնք պայքարում էին տարբեր նպատակներով, նախաձեռնողները շարժումների անդամների հետ եկան այն եզրակացության, որ գործ ունեն համակարգի հետ, եւ այդ համակարգի դեմ կարելի է պայքարել միայն համակարգով: Եվ նախախորհրդարանը այդ նույն համակարգ ստեղծելու ուղին է։
Ներկայում նախախորհրդարանը պատրաստում է հիմնադիր խորհրդարան, որը ձեւավորվելու է ինքնաառաջադրման սկզբունքով եւ կլինի նախախորհրդարանից 2-3 անգամ ավելի մեծ, ժողովրդի դատին կներկայացնի նոր ստեղծվող պետության հետ կապված իր ծրագրերը։ Նրանց պատկերացրած պետության կառավարման ձեւը խորհրդարանական է, սակայն վերջնական որոշողը լինելու է ժողովուրդը։ Հիմնական սկզբունքն է հայաստանակենտրոն քաղաքականությունը։
Նշենք, որ չնայած հնչեցրած կոչին, նախախորհրդարանի անդամները Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճի մեջ տեսնում են նաեւ իրենց համար անընդունելի տարրեր: «Մենք պատրաստ ենք աշխատել Ր. Հովհաննիսյանի հետ, սակայն գտնում ենք, որ իշխանափոխությունը բավարար չէ, պետք է համակարգի փոփոխություն, Րաֆֆին այսօր այնտեղ է, եւ որ տագնապալից է հնչում, սկսել է բաժանել պորտֆելները։ Եթե մենք ընդամենը ցուցանակներ ենք փոխելու, ինչպես 2008-ին փորձեց անել Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ բերելով նախկին պաշտոնյաների, որ նստեն նախկին կաբինետներում, դա ոչինչ չի փոխի, ոչ մի խնդիր չի լուծի, դա ցնորք է»,-ասաց Տ. Խզմալյանը։
Նույն կարծիքին է նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանը, որը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Ես ուղղակի վստահ եմ՝ պայքարը, որ փորձում են իրականացնել ճահճի նմանվող քաղաքական դաշտում, որտեղ խաղի կանոնները թելադրում է գործող բռնատերը, արդյունավետ չէ, քանի որ այդ դաշտում բոլոր որոնումներն ու պայքարի ձեւերը տանում են դեպի փակուղի։ Մենք հորդորել ենք, որ այդ դաշտից պետք է դուրս գալ եւ լուծումը փնտրել դաշտից դուրս։ Այն, ինչ մենք ենք առաջարկում, այլընտրանքային ուղին է, այսինքն՝ մինչ օրս ռեժիմի կողմից թելադրված խաղի կանոններից դուրս նոր խաղ, որտեղ կանոնները մենք ենք թելադրում, եւ այդ կանոնների ներքո է հնարավոր լինելու հասնել մեր նպատակին»։
Չնայած որոշ հարցերում տարբեր մոտեցումներին՝ նախախորհրդարանի անդամները, ընդհանուր առմամբ, միասնական պայքարի կողմնակից են։

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս