Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հանձնաժողովը, փոխելով Հայաստանի Սահմանադրությունը, ձեռքի հետ տակնուվրա է անում պետական կառավարման ամբողջ համակարգը: Սահմանադրության առաջարկվող տարբերակով հիմնովին փոխվում են պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու գործընթացն ու դրանց համար պատասխանատու պետական մարմինները: Իսկ ահա զինված ուժերի ղեկավարման ընթացակարգը լիովին խարխլում է գոյություն ունեցող կայուն աշխատելաոճը: Նոր տարբերակով այս հարցերում իրապես մեծանում է անորոշությունը եւ արմատավորվում է պաշտոնական անպատասխանատվության պրակտիկան: Համաձայնեք, որ պատերազմի մշտական վտանգի մեջ գտնվող երկրի համար, ինչպես այսօր Հայաստանն է, պետության անվտանգության հարցերում պատասխանատվության սահմանումը պիտի լինի իմպերատիվ եւ հստակ՝ զերծ որեւէ անորոշությունից ու թերությունից:
Այսպես՝ Սահմանադրության առաջարկվող նախագծի 118-րդ հոդվածով սահմանվում է, որ պատերազմ հայտարարելու ու խաղաղություն հաստատելու իրավասությունը պատկանում է ՀՀ Ազգային ժողովին, որն էլ դա իրականացնում է կառավարության առաջարկությամբ: Ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքին, որ ԱԺ-ը նման որոշում է կայացնում ոչ թե վարչապետի, այլ կառավարության առաջարկով: Այստեղ գոյություն ունի պատասխանատվության հստակ աստիճան: Ըստ էության մի բան է, որ այդ առաջարկությունը ներկայացնի անձամբ կառավարության ղեկավարը, եւ լիովին այլ բան, երբ դա հայտարարում է կոլեգիալ մարմին հանդիսացող կառավարությունը: Ավելին՝ նույն հոդվածի երկրորդ կետով էլ վճռվում է, որ ԱԺ-ի նիստ հրավիրելու անհնարինության պարագայում պատերազմ հայտարարելու իրավազորությունը պատկանում է կառավարությանը: Գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ԱԺ-ը Հանրապետության նախագահի առաջարկով է կայացնում պատերազմի եւ խաղաղության մասին որոշումը, իսկ ԱԺ-ի նիստ գումարելու անհնարինության դեպքում հարցը վճռվում է անձամբ նախագահի կողմից: Հարկ է նկատել, որ պատերազմն ինքնին անվերահսկելի մի երեւույթ է, որի ամեն զարգացումը չէ, որ կարելի է հաշվարկել: Հաշվի առնելով Հայաստանի՝ պատերազմի մեջ ներքաշվելու մեծագույն վտանգը՝ հարց է ծագում՝ իսկ եթե այդ ճակատագրական պահին կառավարության նիստ հրավիրելն էլ անհնարին լինի, ի՞նչ արդյունք ենք ունենալու: Վերջապես, պատերազմը պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հիմնահարց է, որի հանդեպ անլուրջ մոտեցում չի կարելի ցուցաբերել: Այստեղ պետք է լինի մեկ կոնկրետ պատասխանատու, որն իրավիճակի անկանխատեսելի զարգացման պարագայում իր ձեռքը կվերցնի գործընթացի կառավարումը:
Ինչ վերաբերում է զինված ուժերի ղեկավարմանը խաղաղ եւ պատերազմական ժամանակներում, այստեղ արդեն սկսվում է իսկական խառնաշփոթը: Սահմանադրության նոր տարբերակի 154-րդ հոդվածը պարզաբանում է զինված ուժերի կառուցվածքը եւ կառավարության ղեկավարի դերը դրա կառավարման գարծում: Արձանագրված է, որ զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին, սակայն, նշանակում է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Եվ այսքանից հետո էլ խաղաղ ժամանակներում ԶՈՒ շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին: Փաստորեն, ԶՈՒ շտաբի պետը, որը նշանակվում է երրորդ անձի կողմից, խաղաղ ժամանակներում ենթակա է նախարարին, իսկ պատերազմի պահին՝ վարչապետին: Վերջինս, ի դեպ, նույն հոդվածով պատերազմի օրերին վերածվում է ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի: Ըստ էության, այս պայմաններում նման կարեւոր պաշտոններ զբաղեցնողները ստիպված են միմյանց հետ աշխատել ընդհատումներով՝ առանց միմյանց նշանակումներում իրական դերակատարություն ունենալու: Պաշտոնեական այսպիսի մանվածապատ եռանկյունում վարչապետը, լիովին հեռու լինելով ԶՈՒ ղեկավարումից, պատերազմի պահին դառնում է դրա ղեկավարը՝ առանց հաշվի առնելու՝ նա կարո՞ղ է կատարել այդ պարտականությունը, թե՞ ոչ: Իսկ զինված ուժերի ղեկավարը փաստացիորեն ընտրվում է նախագահի կողմից եւ նրա ցանկությամբ, բայց պատերազմի օրերին ստիպված է լինելու ենթարկվել իրեն չնշանակած եւ նրա հետ աշխատանքի փորձ չունեցող գործչին:
Իսկ ի՞նչ կլիներ, եթե ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունը թողնվեր նախագահին, որը, նշանակելով ԶՈՒ պետին, իր աշխատանքային պարտականություններով ներգրավված կլիներ ԶՈՒ կառավարման գործում եւ պատերազմի օրերին էլ հստակ պատասխանատվություն կկրեր: Չէ՞ որ նման վճռական նշանակություն ունեցող հարցերում ավելի լավ է ապավինել մեկին, քան հարցից անտեղյակ մի կոլեգիալ մարմնին (կառավարություն) ու դրա ղեկավարին: Ի վերջո, գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի հաջողությունները մեծապես կախված էին Ադրբեջանում տիրող իշխանական խառնաշփոթից, ինչն արձանագրում էր նաեւ ՀՀԿ-ի կողմից միայն ընտրությունից ընտրություն պաշտվող Վազգեն Սարգսյանը, երբ ընդգծում էր պատերազմի օրերին նախագահ Տեր-Պետրոսյանի ցուցաբերած վճռականությունն ու ամենակարեւոր հարցերում չսխալվելու հանգամանքները: Կարող ենք փաստել, որ պատերազմում ունեցած հաղթանակն ուղիղ համեմատական էր ՀՀ զինված ուժերի ղեկավարության ներդաշնակ աշխատանքին եւ փոխգործակցությանը, ինչն ապահովվում է գործող, սակայն միանշանակորեն խաթարվում առաջարկվող Սահմանադրությամբ:
Ի դեպ, միջազգային փորձը հաշվի առնելով՝ հարկ է հիշատակել գերմանական մոդելը, որով զինված ուժերի ղեկավարումը թողնվում է Պնախարարի վրա, իսկ պատերազմի ժամանակ այդ պարտականությունը ստանձնում է կանցլերը՝ անմիջականորեն հաշվետու դառնալով պառլամենտին: Իսկ, ահա, Իտալիայում զինված ուժերի հրամանատարը հենց նախագահն է, որը խորհրդարանի համաձայնությամբ կարող է պատերազմ հայտարարել: Հաշի առնելով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին իտալական փորձառության «առեւանգման» փաստը՝ իշխանությունը չպիտի զլանար նաեւ այս դրույթն արտագրել իտալական սահմանադրությունից: Հակառակ դեպքում այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի հանձնաժողովը օգտվել է այլ երկրների սահմանադրություններից՝ բացառապես դրանց թերությունները մեկտեղելու ու Հայաստանում փորձարկելու առաքելությամբ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՂԱԼՈՒՄՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ
Սեպտեմբերի 13-ին Իջեւանում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում անակնկալներ չեղան. ՀՀԿ անդամ երկու թեկնածուների՝ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի եւ նախկին քաղաքապետ, ներկայումս անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանի մրցակցությունում հաղթեց այն թեկնածուն, որին առաջադրել էր իշխող կուսակցությունը:
Վ. Ղալումյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ Իջեւանի տարածքային խորհուրդը, իսկ Վ. Ներսիսյանը թեկնածու էր դարձել ինքնառաջադրմամբ: Հիշեցնենք, որ Վ. Ներսիսյանը Իջեւանի քաղաքապետ է աշխատել 1999-2011 թվականներին, իսկ Վ. Ղալումյանը քաղաքապետ էր ընտրվել 2011 թվականի նոյեմբերին: Եվ, փաստորեն, Վ. Ներսիսյանի ռեւանշը չստացվեց: Սեպտեմբերի 13-ին ցուցակային 14.153 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8487-ը:
Վարդան Ղալումյանը ստացել է 6240 ձայն, Վարուժան Ներսիսյանը՝ 2032, անվավեր է ճանաչվել 205 քվեաթերթիկ: Նկատենք, որ Վ. Ներսիսյանը այդ ընտրություններում ակտիվորեն օգտագործեց իր ունեցած տեղեկատվական ռեսուրսները: Նախկին քաղաքապետին փաստացի պատկանող «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունը վերջին օրերին խիստ քննադատաբար էր ներկայացնում Իջեւանի հիմնախնդիրները՝ բազմաբնակարան շենքերի չվերանորոգված տանիքները, համայնքի ճանապարհների վատ վիճակը, քաղաքային տարածքների օտարումը: Բացի այդ` Երեւանից հրավիրվել էին մի քանի լրատվական կայքերի, թերթերի ստեղծագործական խմբեր, ովքեր նույնպես լծված էին գործող քաղաքապետի քննադատությանը:
Սակայն Վ. Ներսիսյանի նախաձեռնած լրատվական-նախընտրական քարոզարշավն իջեւանցիների մեծ մասին չհամոզեց, որովհետեւ իր պաշտոնավարման 12 տարվա ընթացքում քաղաքի լավագույն շենքերն ու տարածքները հենց Վ. Ներսիսյանն է օտարել իր ընտանիքին եւ մերձավորներին: 4 անգամ անընդմեջ քաղաքապետ ընտրվելով՝ Վ. Ներսիսյանը այդպես էլ «չէր հասցրել» լուծել Տավուշի մարզկենտրոնի հիմնախնդիրները:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա քվեարկությանը մասնակցել է ցուցակային ընտրողների գրեթե 60 տոկոսը, թեւ որոշ գնահատականներով, այդ ցուցակները ուռճացված են: Ընտրողների ցուցակներում շատ են քաղաքացիները, ովքեր վաղուց Ռուսաստանում կամ այլ երկրներում են ապրում, սակայն շարունակում են ընդգրկված լինել Իջեւանի ընտրողների ցուցակների մեջ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ
Սիրիայում, Աֆղանստանում, Եմենում ու Իրաքում արյունալի քաղաքացիական պատերազմները ցույց են տալիս, որ դրանք չեն մեղմանում, բռնություններն առնչվել են ավելի քան 4 մլն մարդու, որը համեմատության մեջ է դրվում միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: Մարդիկ ստիպված են լքել իրենց հայրենիքը՝ փրկելով իրենց կյանքը, գրում է The Inquisitr լրատվական գործակալությունը: Պարբերականի ներկայացմամբ` փախստականներ ընդունած 29 երկրների շարքում է հայտնվել նաեւ Հայաստանը, որը կարողացել է ապաստան տրամադրել Սիրիայի 16 հազար քաղաքացու: Իսկ, ահա, այնպիսի հարուստ երկրներ, ինչպիսիք են Իսրայելը, Սաուդյան Արաբիան կամ ԱՄԷ-ն, հրաժարվում են ընդունել ներգաղթյալներին:
ՆԵՐՓԱԿՎՈՒՄ ԵՆ
Գերմանիան հայտարարել է իր սահմաններին մի քանի շաբաթով շենգեն համաձայնագրի գործունեության դադարեցման մասին: Երկիր մուտք գործողների ստուգումները հիմնականում արվում են Ավստրիայի հետ սահմանին, որտեղից էլ հիմնականում Գերմանիա են մուտք գործում ապօրինի ներգաղթյալները: Մինչդեռ ավելի վաղ Գերմանիայի պաշտոնատար անձինք մեկ անգամ չէ, որ քննադատել են Եվրամիության ու շենգեն համաձայնագրի անդամ պետություններին ներգաղթյալների հոսքի պատճառով սահմանները փակելու համար: Ներկայումս Գերմանիան, Ավստրիան եւ Չեխիան հայտարարել են սահմանային հսկողության ուժեղացման մասին՝ փախստականների պատճառով։