Երգիչ Սերգեյ Գրիգորյանը, ով այժմ մի շարք միջազգային մրցույթների շրջանակում հանդես է գալիս որպես երաժշտական պրոդյուսեր եւ ժյուրիի անդամ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ մենք` հայերս, կենտրոնացած ենք մեկ-երկու միջազգային մրցույթների վրա, այնինչ գոյություն ունեն բազմաթիվ այլ` ավելի հետաքրքիր մրցույթներ: Նա նաեւ խոստովանել է, որ եթե իրեն կրկին հնարավորություն ընձեռնվի որեւէ այլ երկրի դրոշի ներքո հանդես գալ «Եվրատեսիլ»-ում, համապատասխան պայմանների դեպքում ինքը, հնարավոր է, համաձայնի:
-Արդեն երկրորդ տարին է` նոր տեսահոլովակով հանդես չեք գալիս, էկրաններին չեք երեւում, հետաքրքիր է` այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա ես իմ գործունեությունը հիմնականում ծավալում եմ Հայաստանից դուրս, միջազգային մրցույթներին հանդես եմ գալիս որպես երաժշտական պրոդյուսեր, ժյուրիի անդամ, Եվրամիության տարածքում երաժշտական միջազգային մրցույթների ժյուրի եմ եւ երաժշտական պրոդյուսեր: Այս ամենն ինձ համար ավելի հետաքրքիր է, քան այն, ինչ տեղի է ունենում այսօր հայկական շոու-բիզնեսում:
-Դուք Հայաստանից մասնակիցներ եք ներգրավում արտերկրի մի շարք միջազգային մրցույթներում, որոնց մասին մեզ մոտ անգամ չեն էլ լսել, փոխարենը Հայաստանում կարծես կենտրոնացել ենք մեկ-երկու միջազգային մրցույթի վրա…
-Իհարկե, հայաստանցի այդ մասնակիցները միջազգային մրցույթներից վերադառնում են մրցանակներով, ստանում են նոր մրցույթների, միջազգային համերգների մասնակցելու հրավերներ: Օրինակ` մի հայ մասնակից Շվեդիայից «Գրան պրի»-ով վերադարձավ, բացահայտվեց որպես լավ վոկալիստ, սակայն այժմ Հայաստանում երգում է այն, ինչի պահանջարկը կա, իսկ մեզ մոտ, ցավոք, «ուտվում է» ոչ այնքան որակյալ «մթերք»: Առհասարակ, հետաքրքիր մրցույթներ են անցկացվում, օրինակ` Շվեդիայում, Ֆինլանդիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Բելառուսում, Չեխիայում եւ այլն, դրանցից են, օրինակ, Europe sings-ը, Songs of the world-ը, Universong-ը: Հայաստանն, այո, կենտրոնացած է երկու մրցույթի վրա` «Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք», քանի որ դրանք ավելի կոմերցիոն են, մասսայական, դրանց միջոցով հնարավոր է գումար վաստակել: Թեեւ «Նոր ալիք»-ն էլ արդեն փորձում են «ջրել», քանի որ մեզ` հայերիս համար այն, ինչ եվրոպական է, ուրեմն դա լավն է, ուստի այն պահից, երբ «Նոր ալիք»-ը տեղափոխվեց Սոչի, ցավոք, սկսեց քչերին հետաքրքրել:
-Ու քանի որ ընդամենը մի քանի միջազգային մրցույթի վրա է հանրության հետաքրքրությունը կենտրոնացած, դրանց մասնակցելու համար հերթեր են գոյանում, մրցակցություն է լինում, կրքերը թեժանում են, երբեմն անգամ անառողջ մթնոլորտ է ձեւավորվում…
-Մեզ մոտ շատ ցավագին են ընդունում «Եվրատեսիլ»-ի ներքին խոհանոցային խնդիրները, մասնակցի, երգի ընտրության հարցը, իսկ այլ երկրներում այդպես չէ: Օրինակ` հարեւան Վրաստանում այդ մրցույթին «դոշ ճղելով», «մազ պոկելով» չեն մասնակցում, նման հերթեր չեն գոյանում: Այդքան պայքարից հետո էլ արձանագրում ենք, որ «Եվրատեսիլ»-ի շրջանակներում մենք ունեցել ենք 2-3 հաջողված երգ, մի այդքան էլ` լավ կատարում: Պարզապես, ըստ իս, մենք մի փոքր հնացել ենք այդ մրցույթում: Ասեմ Ձեզ` ինչպես մենք ենք ծիծաղում մի շարք երկրների վրա, որոնք միօրինակ կատարումներով են հանդես գալիս, մյուս երկրներն էլ, հավատացեք, մեր երկրի ներկայացուցչի կատարման դեպքում են հաճախ նման ռեակցիա ունենում: Վերջապես ո՞վ է ասել, որ Հայաստանում պետք է գոյություն ունենա եվրատեսիլյան մեկ կոմպոզիտոր, ընդ որում, փորձը ցույց է տվել, որ այդ մեկ կոմպոզիտորի գրած երգերը հաջողություն չեն ունենում մրցույթում: Կարծում եմ` ինչ-որ ավանդական կարծրատիպեր են ձեւավորվել, որոնք ավելորդ են եւ խանգարող: Որոշակի դժվարություններ կան նաեւ մասնակցի համար: Օրինակ` հենց թեկուզ այն հանգամանքը, որ երգիչը նույն «Եվրատեսիլ»-ին մասնակցելու դիմաց ոչ մի հոնորար չի ստանում, ու վայ նրան, եթե հանկարծ լավագույն տասնյակում իր երգը չընդգրկվի: Իսկ մի շարք միջազգային այլ մրցույթների մասնակիցներ ստանում են հոնորարներ, միջազգայի համերգներին մասնակցելու համար նրանք նույնպես վարձատրվում են:
-Տարիներ առաջ Ձեզ առաջարկել էին ներկայացնել Անդորան «Եվրատեսիլ»-ում: Ինչու՞ մերժեցիք հրավերը, չե՞ք փոշմանել դրա համար:
-Այն ժամանակ ես վախեցա, որ կքարկոծվեմ, բայց հետո փոշմանեցի… հիմա չեմ փոշմանում, բայց հասկացել եմ, որ հասունացել եմ այդ մրցույթի համար, պատրաստ եմ մասնակցելու ու կապ չունի` որ երկիրը կներկայացնեմ, միեւնույն է` նույն կոմերցիոն գործն ես անում:
-Եթե որեւէ երկրից կրկին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու հրավեր լինի, հիմա կընդունե՞ք:
-Դա կախված է պայմաններից, եթե դրանք ինձ բավարարեն, ինչո՞ւ ոչ:
-Հայաստանի հետ կապված այժմ ի՞նչ ծրագրեր ունեք:
-Հիմա դասավանդում եմ Երգի պետական թատրոնում, ունեմ իմ կուրսը, մասնավոր պարապմունքներ էլ եմ անում, երեւի այսքանը…
«ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՎ՝ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԻ»
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 17-19-ը Երեւանում կանցկացվի Ջազի փառատոն` Yerevan Jazz Fest-2015-ը: Փառատոնը կազմակերպել է նորաբաց ջազի հայաստանյան ասոցիացիան: Կազմակերպիչների խոսքով` այն նպատակ ունի վերականգնել հին ավանդույթը, ըստ որի՝ տարիներ առաջ Հայաստանը տարածաշրջանում ջազային մայրաքաղաք էր:
Ջազ-վոկալիստ Միշ Ամիրյանը, ով եւս իր մասնակցությունն է ունենալու փառատոնին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ նման փառատոները պետք է հաճախակի կազմակերպվեն. «Այնքան է ամեն բան փչացել, որ տարին մեկ անգամ նման փառատոն կազմակերպելով` մեր երկրում հազիվ թե ինչ-որ էական բան փոխվի…Պետք է անընդհատ հեռուստատեսությամբ, ռադիոյով որակյալ ջազ երաժշտություն մատուցվի` ճաշակ ձեւավորելու համար, այլապես մեր վիճակն ահավոր է: Մեծ ճանաչում ունեցող աստղերի ժամանումը մեր քաղաք լավ է ճաշակավոր, զարգացած մարդկանց համար, բայց կգտնվի մի մասսա, որը նույնիսկ չի էլ իմանա, թե ով եկավ, ով գնաց: Այսինքն` ընդհանուր առմամբ նմանատիպ փառատոնով ոչինչ չի փոխվի»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք անհրաժեշտություն չկա, որ արտերկրի` մեծ ճանաչում ունեցող երաժիշտները փառատոնի շրջանակում մաստեր-կլասներ անցկացնեն մեր երաժիշտների հետ, Միշ Ամիրյանը պատասխանեց. «Հայաստանում կան այնպիսի երաժիշտներ, որոնք դարձել են ռոբոտ, ամեն երեկո նվագում են որեւէ ակումբում, գումար են աշխատում, գնում տուն, բայց դա քիչ է. նրանք ոչ թե պետք է սպասեն ինչ-որ փառատոնի կամ այլ միջոցառման, այլ ամեն օր նույն այդ հայտնիների համերգները լսելով` կատարելագործվեն, որպեսզի իրենց աշխատելաոճում էլ մի բան փոխվի»:
Ջազ-վոկալիստի համոզմամբ` ինչպես, օրինակ, Վրաստանում է, Հայաստանում էլ պետք է մշակվի ծրագիր, ըստ որի՝ տարին առնվազն երկու անգամ ջազ-փառատոներ եւ ավելի հաճախակի այլ երաժշտական միջոցառումներ կազմակերպվեն:
Հիշեցնենք, որ փառատոնային երեք օրերին հայ հանդիսատեսի համար ելույթներով հանդես կգան Նինո Կատամաձեն, Լորեն Ռոբինը, Ռիչարդ Բոնան, Հյուբերտ Թաբսը եւ այլք:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«ԵՐԵՎԱ՛Ն, ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ»
Համաշխարհային հռչակ վայելող «քաղաքային» ֆիլմաշարը («Փարի՛զ, ես սիրում եմ քեզ», «Նյու Յո՛րք, ես սիրում եմ քեզ» եւ այլն) կհամալրվի եւս մեկով՝ «Երեւա՛ն, ես սիրում եմ քեզ» ժապավենով: Ֆիլմը սիրո պատմությունների մասին է Երեւան քաղաքում, որի ռեժիսորը Սուրեն Առաքելյանն է: «Քաղաքային» ֆիլմաշարի հայկական տարբերակի դերասանական անձնակազմը բազմազան է: Բացի հայտնի ու սիրված դերասաններից` ֆիլում նկարահանվել են նաեւ երգիչներ, մոդելներ եւ հաղորդավարուհիներ:
Գլխավոր դերերում են՝ Անկա Սարիբեկյանը, Դինա Ակոպովնան, Համո Ադիյանը, Արսեն Հակոբյանը, Անաիս Սարդարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Նարե Զաքարյանը, Լեւոն Բեգլարյանը, Լուսինե Իսպիրյանը, Արսեն Թադեւոսյանը, Լիլիթ Գեւորգյանը:
Հատուկ ֆիլմի համար գրված սաունդթրեքը կատարում են Նարինե Դովլաթյանը, Սոնա Ռուբենյանը, Լենա Ղազարյանը, Վահանը եւ Սյուզի Սիրականյանը:
«Երեւա՛ն, ես սիրում եմ քեզ» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա աշնան վերջին:
ՆՈՐ ԳԻՐՔ ՄՈՒՐԱԿԱՄԻԻՑ
Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին լույս է ընծայել նոր գիրք. այս անգամ՝ «Վիպագիրը՝ որպես մասնագիտություն» վերտառությամբ: Այն բաղկացած է ինքնակենսագրական էսսեներից, որոնք նվիրված են գրական գործի նրբություններին: Նշենք, որ այս գիրքն առայժմ այնպիսի իրարանցում չի առաջացրել, ինչպես Մուրակամիի նախորդ շատ ստեղծագործություններ: Դրա առաջին տպաքանակը կազմել է 100 հազար օրինակ, որից 90 հազարը միանգամից գնել է «Կինոկունիա» գրախանութների ցանցի սեփականատերը:
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
Տեւական ժամանակ է` համաշխարհային մամուլը գրում է Բեն Աֆլեք, Ջենիֆեր Գարներ եւ Քրիստին Ուզունյան սիրային եռանկյունու մասին։ Այժմ լուրեր են տարածվել, որ դերասանը որոշել է հարթել հարաբերությունները կնոջ հետ եւ ներողություն է խնդրել նրանից։
«Բենի եւ Քրիստինի սիրավեպը սկսել է կնոջից բաժանվելուց հետո։ Սակայն Ջենիֆերն իրեն շատ նվաստացած էր զգում, քանի որ ամուսնու եւ երեխաների դայակի սիրավեպի մասին ամբողջ աշխարհն իմացավ։ Բենն անկեղծորեն ներողություն է խնդրել Ջենից։ Նա վստահ է, որ գեղեցիկ քայլ է արել»,- lifeandstylemag.com-ին ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։