ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ դեռեւս չի ցանկանում հրապարակել իր հետագա անելիքները: Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին միանալուն, ապա ասաց. «Ով դժգոհություն ունի եւ պատրաստ է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին, թող միանա, ես իրենց միանալու որեւէ խնդիր չեմ տեսնում, չունեմ եւ չեմ միանալու»:
-Պարո՛ն Մելիքյան, նախօրեին Դուք հայտարարել էիք, որ շնորհակալություն եք հայտնում «Շանթ» հեռուստաընկերությանը, որի օգնությամբ բացահայտել եք ընտրակեղծիքները, քանի որ իրականում 6 տոկոս ձայն էիք հավաքել, բայց 0.24 տոկոս հրապարակվեց: Կնշե՞ք, թե կոնկրետ ով է այդ ընտրակեղծիքների պատասխանատուն:
-Իմ համոզմամբ՝ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, նպատակը՝ ընդհանուր ընտրությունների կեղծումն ապահովելն էր: Ոչ թե ես եմ կարծում, որ ընտրությունները կեղծված են, այլ փաստացի արդեն հայտնաբերվել է, որն էլ արդեն բացահայտվել է «Շանթ» հեռուստաընկերության օգնությամբ:
-Այսինքն՝ Ձեր պայքարն ընդամենը այդ 6 տոկոսի համա՞ր էր:
-Ես չպարզեցի, որ ես 5 կամ 6 տոկոս ունեմ, այդպես է ներկայացված, եւ այդքան էլ կար: Իրականում ես ասացի, որ իմ տոկոսները երկու շաբաթ առաջվա դրությամբ առնվազն 17-18 էին, իսկ այն դինամիկան, որ ես միանգամայն մրցունակ էի նաեւ ընտրություններին հաղթելու պարագայում… Բայց քանի որ կեղծվել են ընտրությունները, այդ առումով ուղղակի պետք է վերանայել ընտրությունների արդյունքները:
-Բայց նրանք, ովքեր դժգոհ են ընտրությունների արդյունքներից, իրենց բողոքն են արտահայտում Ազատության հրապարակում: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին է միացել բազմահազարանոց մի զանգված ու բոյկոտում է ընտրությունների արդյունքները: Ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում նրա կողքին, ինչո՞ւ չեք միանում Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի պայքարեք Ձեր ստացած քվեների համար:
-Ով դժգոհություն ունի եւ պատրաստ է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին, թող միանա: Ես իրենց միանալու որեւէ խնդիր չեմ տեսնում, չունեմ եւ չեմ միանալու:
-Իսկ ո՞րն է պատճառը:
-Այն, ինչ իրենք անում են, կեղծ գործընթաց է եղել ի սկզբանե, որի մասին ես բազմիցս ասել եմ: Իսկ ես նման խաղերի չեմ մասնակցում:
-Ի՞նչ խաղեր են դրանք: Դուք այն կարծիքին եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արեւմուտքի «դրած մա՞րդն է»:
-Ես նման բան չասացի, դա Ձեր բնութագրումն է: Ես ասում եմ, որ բոլոր թեկնածուները հնարավորություն ունեին մերժելու կեղծված ընտրությունները նախապես: Նրանք գերադասեցին մտնել այն գործընթացի մեջ, որից իրենք ելք չունեն: Ես իրենց այդ ճանապարհին միացողը չեմ: Թող իրենց ճանապարհով գնան, ես իմ ճանապարհով կգնամ:
-Ո՞րն է այդ դեպքում Ձեր ճանապարհը:
-Դրա մասին ես լրացուցիչ կհայտնեմ: Մեր հետագայի մասին, երբ ես հարկ կհամարեմ, այդ ժամանակ էլ կտեղեկացնեմ:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ Ձեզ առաջարկել են դառնալ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Ես նման տեղեկություններ չգիտեմ, Դուք կարո՞ղ եք ինձ ասել, թե որոնք են այդ տեղեկությունների աղբյուրները: Ես այսօր նաեւ իմ ֆեյսբուքյան էջում հղում կանեմ Ձեզ ու կխնդրեմ բոլոր իմացողներին Ձեր տեղեկությունները հաստատել: Եթե ինձ եք հարցնում՝ նման բան կա իրականում, թե ոչ, ուրեմն ես ասում եմ, որ ես առաջին անգամ եմ դրա մասին լսում: Որեւէ մեկի հետ որեւէ բան չեմ քննարկել: Այսքանը:
Հ. Գ. Հիշեցնենք, Արման Մելիքյանը 2008 թվականի նախագահի ընտրություններին եւս մասնակցում էր եւ հավաքեց ընդամենը 4399 ՝ մի փոքր քաղաքի քաղաքապետին հավասար ձայներ: Նա 9 թեկնածուների մեջ գրավեց պատվավոր 8-րդ հորիզոնականը: Բայց դա չխանգարեց ԼՂՀ նախկին արտգործնախարարին, որպեսզի 2013-ին եւս առաջադրվի որպես ՀՀ նախագահի թեկնածու: Բայց այս անգամ հասարակությունն իր տված քվեներով հասկացրեց Մելիքյանին, որ հոգնել է: 2013-ի փետրվարի 18-ին Արման Մելիքյանը հավաքեց 3516 ձայն՝ շուրջ 883-ով պակաս, քան 2008-ին:
ՐԱՖՖՈՒ ԽԱՂԵՐԻՆ ՉԻ ՄԻԱՆԱԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ