ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՎԵՐՍՏԻՆ ԿԵՆԴԱՆԱՆԱԼՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվող քաղաքական ուժերն ու նախաձեռնություններն անցած շաբաթ գումարեցին իրենց հավաքը, որի արդյունքում հայտարարեցին «Ոչ»-ի ճակատ ստեղծելու մասին, ինչպես նաեւ հռչակեցին իրենց նպատակները: Ի սկզբանե նշենք, որ այս հրապարակման մեջ մենք զերծ ենք մնում «Ոչ»-ի ճակատում ընդգրկված քաղաքական ուժերին անդրադառնալուց, քանի որ մեր խնդիրը ոչ թե գործընթացի մասնակիցներին ներկայացնելն է, այլ փորձենք հասկանալ, թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքական կյանքում «Ոչ»-ի ճակատի գործունեությունը:

Այսպիսով, «Ոչ»-ի ճակատը հայտարարում է. «Մեր առջեւ նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը եւ իշխող վարչախմբի վերարտադրությունը: Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն եւ Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին»: Տարընթերցումներից խուսափելու համար եւս մեկ անգամ ընդգծենք՝ «Ոչ»-ի ճակատի նպատակն է «կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը եւ իշխող վարչախմբի վերարտադրությունը»: Ուշադրություն դարձրեք՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակներում իշխանափոխության հասնելու մասին ոչ մի խոսք: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ առնվազն այս պահի դրությամբ «Ոչ»-ի ճակատն իր առջեւ նման խնդիր չի դրել:
Եթե առաջիկայում «Ոչ»-ի ճակատն իր նպատակներում լրացում չկատարի, ապա այն փաստացի կդառնա իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացի «արդյունավետ» մասնակից: Ցանկացած երկրում քաղաքական գործընթացներն ունենում են կողմ եւ դեմ: Այսինքն՝ «Ոչ»-ի ճակատը սահմանադրական փոփոխություններին զուտ դեմ արտահայտվելով՝ նպաստում է այդ գործընթացի կայացմանը: Ավելին՝ եթե գործընթացը հենց այդ` դեմ եւ կողմ բանավեճերի մեջ ընթանա, ապա անգամ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ նոր Սահմանադրության նախագիծն «անցկացնելու» համար իշխանությունները ստիպված չլինեն կեղծարարների իրենց համակարգը ողջ հզորությամբ օգտագործել: «Ոչ»-ի ճակատի` սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու հիմնական փաստարկներից մեկը` Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, կանխելն է: Իշխանական քարոզիչներն, իբրեւ այդ մոտեցման հակակշռում, արդեն իսկ դաշտ են նետել այն խայծը, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա իշխանության: Արդյունքում, ընդդիմադիր հայացքներ ունեցող ՀՀ քաղաքացուն «Ոչ»-ի ճակատը եւ իշխանություններն այսօր արհեստական ընտրության առջեւ են կանգնեցրել. եթե կողմ է սահմանադրական փոփոխություններին, ապա կողմ է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը, եթե դեմ է սահմանադրական փոփոխություններին, ապա կողմ է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Ինչպես կարձագանքի ընդդիմադիր հայացքներ ունեցեղ ՀՀ քաղաքացին վերը բերված «ընտրությանը», ցույց կտա ժամանակը:
Իսկ ինչու «Ոչ»-ի ճակատը չի հայտարարում, որ իր նպատակը սահմանադրական փոփոխությունների գործընթացի միջոցով իշխանափոխության հասնելն է, պարզ պատճառով, որովհետեւ չեն կարող նման բան հայտարարել: Հայաստանի ո՛չ գործող Սահմանադրությունը եւ ո՛չ էլ մնացած օրենսդրությունը սահմանադրական հանրաքվեի միջոցով իշխանափոխության հնարավորություն չեն տալիս: Եթե հանրաքվեի դրված փաստաթղթի ընդունումը տապալվում է, ապա ուժի մեջ է մնում գործողը եւ վերջ: Ավելին՝ ենթադրենք «Ոչ»-ի ճակատին հաջողվում է սահմանադրական փոփոխությունները տապալել, այդ դեպքում նույն Սերժ Սարգսյանը կարող է հայտարարել, որ ինքն էլ առանձնապես կողմնակից չէր այս նոր Սահմանադրության նախագծին: Մինչ օրս Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների բովանդակության վերաբերյալ մեկ անգամ է հրապարակային արտահայտվել եւ կառավարման խորհրդարանական ձեւին դեմ է խոսել: Դրանից հետո նա այդպես էլ չի ասել՝ ի վերջո, ինքն ինչպիսի Սահմանադրություն է ուզում` պատասխանատվությունը թողնելով սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի ուսերին «ինչպես կորոշեք այդպես էլ կանենք» տարբերակով:
Մի խոսքով, որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում՝ քաղաքական ուժերը, «Ոչ»-ի ճակատում ընդգրկվելով, փորձում են ընդամենը մեկ խնդիր լուծել՝ ապահովել իրենց վերակենդանացումը քաղաքական դաշտում: Նրանց համար այս գործընթացը ոչ մի վտանգ չի պարունակում, քանի որ ավելի վարկաբեկվել հնարավոր չէ, բայց հնարավորություն կա մարդկաց մի զանգվածի վերստին համոզել, թե իբր իրենք ընդդիմություն են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀՅԴ-ՈՒՄ ԱԿՏԻՎ Է
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչ է կատարվում ՀՅԴ-ում, ինչի պատճառով իրենց խմբակցության ամենակտիվ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այժմ որեւէ գործունեություն չի իրականացնում: «Մինասյանից հարցրեք ու տեսեք, որ որեւէ խնդիր չկա, ինչ խնդիր կարող է լինել Արծվիկ Մինասյանի հետ, Մինասյանը մեր ամենաակտիվ պատգամավորն է»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը: Մեր դիտարկմանը, որ Մինասյանն այն պատգամավորների թվին էր դասվում, որ Սահմանադրության նոր նախագծի բովանդակության քննարկմանը մասնակցում էր, իսկ այժմ որեւէ բան չի ցանկանում այդ հարցի հետ կապված խոսել, մեր զրուցակիցն ասաց. «Եթե երկու ամիս չեն խոսում, նշանակում է՝ պասի՞վ են, արձակուրդ էր, մարդն աշխատում էր փաստաթղթերի հետ, ակտիվությունն անպայման ելույթներ ունենա՞լն է, ելույթներով էլ պակաս չի, այնպիսի մարդու ասեք, որ ասենք՝ պասիվ է, Մինասյանը բոլոր ցուցանիշներով ամենաակտիվ պատգամավորն է»:

 

ԼԵՎՈՆԻՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո ԵԽԽՎ հայկական պատվիրակության՝ նրա տեղը մինչեւ այսօր թափուր է: Ըստ լուրերի՝ ՀՀԿ-ականները նպատակ ունեն ԵԽԽՎ գործուղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին: Սակայն «ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ականների, այսպես կոչված, «տարեցների» թեւը դեմ է, որ Մարտիրոսյանը ընդգրկվի պատվիրակության կազմում: Այս տեսակետի կողմնակիցների փաստարկն այն է, որ կարիք չկա, որպեսզի ԵԽԽՎ պատվիրակությունում ՄԻԱԿ-ից երկու ներկայացուցիչ լինի: Նշվում է նաեւ, որ հենց Կարեն Բեքարյանը ԵԽԽՎ «կուղարկվի», որը ԱԺ-ում փոխարինեց Արփինե Հովհաննիսյանին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից պարզել լուրի իսկությունը, նա այս առնչությամբ ընդամենն ասաց. «Դեռ որոշում չկա»:

 

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԽԱՌՆ Է
Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանին մասնակցեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, որը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո խորհրդարանի աշխատանքներին չէր մասնակցում: «Ժողովուրդ»-ը փորձեց Օսկանյանից պարզել՝ արդյո՞ք ինքը պատրաստվում է կուսակցություն հիմնել, որում պետք է ընդգրկվեն նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի այլ պատգամավորներ: Սակայն Օսկանյանը կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Նա երեկ գրեթե ողջ օրը խորհրդարանի իր աշխատասենյակում հանդիպումներ էր ունենում, եւ ինչ-որ հարցերի շուրջ քննարկումներ էին ընթանում: Ըստ տեղեկությունների՝ Վ. Օսկանյանի հիմնադրելիք կուսակցությունը քաղաքական դաշտում պետք է ներկայացնի եւ պաշտպանի Ռոբերտ Քոչարյանի շահերը:

 

ՀԵՐՔԵԼ ԵՆ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինված ուժերի կողմից ոչնչացվել է հայկական արտադրության «Կռունկ-25» տիպի անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Ուղղակի հարեւան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամ ցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն»:

 

ԷԼԻ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին դարձյալ բացակայում էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա, փաստորեն, դարձյալ ավելի կարեւոր գործեր ուներ, քան ԱԺ գալը եւ իր պարտականությունները կատարելը: Ընդ որում, չնայած ահռելի կարողությանը, Գագիկ Ծառուկյանը շարունակում է ստանալ իր պատգամավորական աշխատավարձը` ըստ էության ոչինչ չանելով: Բացի այդ` փետրվարյան կլոունադայից հետո քաղաքականությունից «հեռացած» Ծառուկյանը, չգիտես ինչու, այդպես էլ չի ցանկանում հրաժարվել պատգամավորական մանդատից, այն դեպքում, երբ պատգամավորի գործունեությունը քաղաքական գործունեություն է:

 

ՄԻ ԲԱՆ ԳԻՏԻ
«Լավ բանա էտի»,- երեկ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին, ասել է գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը: armlur.am-ի հարցին, թե կոնկրետ ինչին է կողմ, պատգամավորը պատասխանել է. «Հետո կասեմ, հետո կասեմ»:

 

ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ելույթում անդրադարձել է այն հարցադրումներին, թե սահմանադրական փոփոխությունների տակ արդյոք դրված չէ Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը: «Իսկ ինչո՞ւ չի կարող, ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը: Մի հատ նայեք կենսագրությունը՝ Ղարաբաղից սկսած, Հայաստանով վերջացրած: Միթե այդպիսի հարուստ կենսագրություն ունեցող քաղաքական գործիչը պետք է գնա, նստի իրենց տանը»:




Լրահոս