Մանրամասներ գետն ընկած 13-ամյա երեխայի որոնումներից, ում գտել են 10 օր անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ Հրազդան գետն էր ընկել 2000 թ. ծնված Արսեն Բալայանը: 10 օր տեւած որոնողական աշխատանքներից հետո` փետրվարի 27-ին, ժամը 10.07-ին հայտնաբերվել էր երեխայի դին` ընկնելու վայրից 700 մ հեռավորության վրա:
Փրկարարները ջանք չէին խնայում գետն ընկած երեխային գտնելու համար: Որոնողական աշխատանքները դադարեցվում էին միայն ուշ գիշեր ու լույսը բացվելուն պես վերսկսվում։ Երեկոյան ժամերին օգտագործվում էր հատուկ տեխնիկա` տեղանքում լուսավորություն ապահովելու և աշխատանքները շարունակելու համար։
Որոնողական գործողություններին մասնակցել են ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (11 փրկարար), Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը` (7 փրկարար) և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խմբերը (10 ջրափրկարար):
Դժբախտ պատահարի նույն օրը դեպքի վայր էր ժամանել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը: ԱԻ նախարարը դեպքի վայրում էր գտնվում նաեւ հաջորդ օրերին` որոնողական աշխատանքներին հետեւելու եւ երեխայի վերաբերյալ ստացված տեղեկություններին տեղում ծանոթանալու համար: Որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում էր ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Պետրոսյանը:
Պատմելով որոնողական աշխատանքների մասին` Արարատի ՄՓՎ պետ, փոխգնդապետ Վ. Հովսեփյանն ասաց, որ աշխատանքների ողջ ընթացքում իրենց շատ են օգնել, հատկապես, մահացած երեխայի հայրն ու մորեղբայրը, ովքեր փրկարարների հետ հավասար մասնակցում էին որոնողական աշխատանքներին:
– Շատ են աջակցել նաեւ երեխայի մյուս հարազատներն ու գյուղի բնակիչները: Արսենին գտնելու համար մենք համագործակցել ենք Խաչփառի գյուղապետարանի, ոստիկանության, ԱԱԾ-ի, “Հիդրոէներգիա” ՍՊԸ-ի, ինչպես նաեւ, ռուս սահմանապահների հետ, քանի որ որոնողական աշխատանքներն իրականացվում էին գետի ողջ երկայնքով` հայ-թուրքական սահմանին մոտ,- նշեց Վ. Հովսեփյանը:
Որոնողական աշխատանքներին խոչնդոտող միակ հանգամանքն ու երեխայի դին օրեր անց գտնելու պատճառը Հրազդան գետը լցվող կեղտաջրերն էին, որոնց պատճառով ջրի տակ տեսանելիությունը չափազանց ցածր էր։ Սակայն ջրափրկարարները, նույնիսկ այդ պայմաններում, ջրասուզման աշխատանքներ էին իրականացնում բոլոր հավանական վայրերում:
– Արսենն ընտանիքում երկրորդ երեխան էր: Նրա դին հանելուց հետո հայրը շատ ծանր վիճակում էր գտնվում, սակայն նա եւ, առհասարակ, Արսենի բոլոր հարազատներն իրենց երախտիքի խոսքերը հայտնեցին որոնողական աշխատանքներին մասնակցած բոլոր փրկարարներին, քանի որ գոհ էին մեր կատարած աշխատանքից,- ավելացրեց փոխգնդապետ Վ. Հովսեփյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված երեխայի հարազատներին։




Լրահոս