ԲՀԿ-ի «այո»-ն. ինչ է փոխվել կուսակցության ներսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս ոչ վաղ անցյալում` 2014 թվականին,  Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ էր սահմանադրական բարեփոխումներին: Նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ` 2014թ. ապրիլին, Ծառուկյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը` հատկապես այս ժամանակահատվածում, երբ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ: Գագիկ Ծառուկյանը նաև ընդգծել էր, որ այս փուլում երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է:

Այս խոսքերից հետո անցել է մեկ տարուց ավելի, սակայն այս ընթացքում երկրի թիվ երկրորդ քաղաքական ուժի ներսում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք սկսվեցին փետրվարի 12-ից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո Ծառուկյանը հայտարարեց ԲՀԿ-ից հեռանալու մասին: Իսկ արդեն այս դեպքերից ամիսներ անց` սեպտեմբերի 22-ին, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը պաշտոնապես հայտարարեց, որ կողմ են բարեփոխումներին, իսկ մինչ այդ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշել էր, որ կուսակցությունում իրավիճակ է փոխվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը Ծառուկյանին քաղաքական «չարիք» էր անվանել, սակայն այդ հայտարարությունից արդեն ամիսներ անց ԲՀԿ նախկին առաջնորդի հետ միասին ներկայանում էր տարբեր միջոցառումների. ասել է թե Ծառուկյանն այլևս չարիք չէ: Փաստորեն, ոչ միայն Ս. Սարգսյանն է արագ մտափոխվում, այլ նույն ԲՀԿ-ականները, ովքեր հիմա էլ կողմ են բարեփոխումներին: Մեկ տարի առաջ ԲՀԿ-ն հայտարարում էր, թե երկրում բազմաթիվ խնդիրներ կան և չպետք է բարեփոխումներ անել և պետք է ուշադրություն դարձնել տնտեսությանը: Թերևս ԲՀԿ-ին պետք է հիշեցնել, որ Հայաստանում այժմ էլ բազմաթիվ խնդիրներ կան և ՀՀ-ն կրկին գտնվում է պատերազմական վիճակում:

Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան վերջին մերձեցման ֆոնին տեղեկություններ սկսեցին շրջանառվել, որ ԲՀԿ-ի դիրքորոշման կտրուկ  փոփոխությունը Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածության արդյունք է, ասել է թե` Ծառուկյանը դեռևս կարողանում է ազդել ԲՀԿ դիրքորշումների վրա : Սակայն պետք է ընդգծել, որ նույնիսկ այդքանից հետո խմբակցության ներկայացուցիչներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը և Հայկ Խաչատրյանը այնքան էլ կողմ չեն բարեփոխումներին և հատկապես Խաչատրյանը չի էլ թաքցնում դա: Դեմ է նաև պատգամավոր Վարդան Օսկանյանը, իսկ անհայտ է թերևս Տիգրան Ուրիխանյանի տեսակետը: Մյուս բոլորը հաջորդ ԱԺ քառօրյային միահամուռ կերպով կողմ կքվեարկեն փոփոխություններին` մոռանալով մեկ տարի առաջ արված հայտարարությունների և խոստումների մասին…

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս