Տնտեսության բացասական միտումները չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին ութ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ տվյալները, ըստ որոնց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, կամ այլ կերպ ասած՝ տնտեսական աճի թիվը 0,3 տոկոսով նվազել է:

Այս տարվա առաջին յոթ ամիսների ամփոփ տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եղել է 4,3 տոկոս, իսկ օգոստոսի արդյունքներով այդ թիվը դարձել է 3,9: Ուշագրավ է, որ երեկ հրապարակված վերը նշված օպերատիվ տվյալները գրեթե բոլոր ուղղություններում բացասական միտումներ են պարունակում: Այսպես, չնայած օգոստոսը սովորաբար գյուղատնտեսության համար ամենաբերքառատ շրջանն է, բայց գյուղատնտեսության համախառը բերքի ծավալները եւս հուլիսի համեմատ նվազել են 1,3 տոկոսով:

Ինչպես հայտնի է՝ այս տարվա բարենպաստ կլիմայական պայմանների եւ անցած տարվա ցրտահարությունների շնորհիվ ընթացիկ տարում գյուղատնտեսության համախառը բերքի նշանակալի աճ է արձանագրվել: Իհարկե, դժվար է ասել, թե այդ աճն իրականում որքան է, բայց պաշտոնական թվերով այս տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով գյուղատնտեսության համախառը արդյունքի աճը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել էր 14,8 տոկոս: Սակայն երեկ հրապարակված տվյալներով արդեն ութ ամիսների արդյունքներով վերը նշված ցուցանիշը դարձել է 13,5 տոկոս:

Առեւտրի շրջանառության ծավալների պաշտոնական թվերը եւս շարունակում են նվազել: Մասնավորապես, նախորդ անցած ամսին, երբ հրապարակվեցին այս տարվա յոթ ամիսների արդյունքները, առեւտրի շրջանառությունն անցած տարվա նույն ժամանակի համեմատ նվազել էր 4,7 տոկոսով: Սակայն ութ ամիսների արդյունքներով այս անկումն ավելի է մեծացել եւ կազմել է 5,4 տոկոս: Հասկանալի է, որ պաշտոնապես ներկայացվող առեւտրի ծավալներն ամբողջությամբ չեն արտացոլում ոլորտում տիրող իրական պատկերը:

Մյուս կողմից ՀՀ ԱՎԾ-ն մշտապես ամեն կարգի «նկարչությունների» դիմել է, որպեսզի տնտեսությունում առկա զարգացումները կարողանան դրական լույսի ներքո ներկայացնեն: Ուստի, եթե ԱՎԾ-ն այլեւս չի կարողանում բացասական միտումները թաքցնել, ապա նշանակում է՝ իրավիճակը առավել քան վատ է: Մասնավորապես, եթե ԱՎԾ-ն ընդունում է, որ այս տարվա ութ ամիսներին մարդիկ անցած տարվանից 5,4 տոկոսով պակաս են առեւտուր կատարել, ապա այդպիսով խոստովանում է, որ մարդկանց գնողունակությունը նույնքան անկում է ապրել: Բայց եթե հաշվի առնենք, որ այս տարվա ութ ամիսների արդյունքներով անցած տարվա համեմատ գնաճը կազմել է 4,8 տոկոս, ապա ստացվում է, որ սպառողների գնողունակությունն ավելի քան 10 տոկոսով է նվազել: Սա, կրկնում ենք, ըստ պաշտոնական թվերի:

Ի դեպ, ըստ օպերատիվ տվյալների՝ արտահանման ցուցանիշը որոշակի աճել է եւ ութ ամիսների արդյունքներով հավասարվել է անցած տարվա թվին: Սակայն ուշագրավն այն է, որ այս տարվա սկզբից ՀՀ մաքսային ծառայությունը դադարել է հրապարակել, թե որ ապրանքից, որքան եւ որ երկիր է արտահանվում: Այս վիճակագրությունը չհրապարակելու նպատակն այն է, որ հնարավորինս թաքցնեն արտահանման հետ կապված խայտառակ վիճակը: Բանն այն է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ արտահանման թվի աճը պայմանավորված է բացառապես մեկ ապրանքի` պղնձի խտանյութի արտահանման ծավալների կտրուկ աճով:

Կրկին ոչ պաշտոնական տվյալներով՝ պղնձի խտանյութի արտահանման ծավալներն անցած տարվա համեմատ աճել են մոտ 25 տոկոսով, իսկ կոնյակի, գարեջրի, հանքային ջրի, ձկան եւ մի շարք ապրանքատեսակների արտահանման ծավալները կտրուկ նվազել են: Այսինքն՝ չնայած պաշտոնական թվերով արտահանման վիճակը թվում է, թե կարգավորվել է, սակայն իրականում ավելացել են միայն մեկ ձեռնարկության եկամուտներն, իսկ այս տարվա սկզբից տնտեսությունում սկսված բացասական գործընթացները շարունակվում են, եւ դրանց ընթացքը ոչ մի դրական փոփոխություն չի կրել:

Բայց դե, վերը բերվածը չի նշանակում, որ Կառավարության առաջիկա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հայտարարի, որ Հայաստանի տնտեսությունում դրական զարգացումներ են տեղի ունենում, եւ նախարարներից որեւէ մեկին չի հանձնարարի, որ իրենց տեսած «դրական» լիցքերը նաեւ լրագրողներին փոխանցեն:

Վահագն Հովակիմյան




Լրահոս