Երեխաների առևանգման և խոշտանգման մասին լուրերի տարածումը որոշ կայքերում չի դադարում: Չհաստատված լուրեր են շրջանառվում նաև, թե որոշ դպրոցների դասվարներ ծնողական ժողովներ են հրավիրում և հրահանգում ցածր դասարաններում սովորող աշակերտների ծնողներին, որպեսզի իրենք երեխաներին ուղեկցեն դպրոց, ապա՝ տուն:
Որևէ փաստ սակայն այս լուրերի առնչությամբ չի նշվում:
Իմանալու համար՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն տվյալ պարագայում ԶԼՄ-ներն ու պատկան մարմինները, Armlur.am-ը կապ հաստատեց մի քանի լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Այսպես, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի ղեկավար Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ այս պարագայում որակյալ լրատվամիջոցները պետք է իրենց պարտքը համարեն շատ արագ արձագանքել, հիմնավոր պարզաբանումներ տալ, այս դեպքում հայտարարել, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ինչ վերաբերում է պետական օղակների քայլերին, մեր զրուցակիցը նկատեց. «Կարծում եմ՝ նրանց քայլերը կարող են վտանգավոր լինել: Ասել կուզի՝ կարող է սահմանափակվել խոսքի ազատությունը: Օրենսդրական փոփոխությունների հարցը պետք է ԶԼՄ ներկայացուցիչները քննարկեն»:
Օրենսդրական հնարավոր փոփոխություններին Աշոտ Մելիքյանն անդրադարձավ՝ ելնելով այն հանգամանքից, որ տարածված լուրերի ֆոնին սկսել են լուրեր շրջանառվել, թե սա միտված է ԶԼՄ օրենքը փոփոխության ենթարկելուն:
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ լուրերը որպես կանոն հերքվում են, ապա այս երևույթը չի կարող հիմք հանդիսանալ լրատվության մասին օրենքի փոփոխման. «Այդ օրենքը փոխելու համար կան այլ հիմքեր և առիթներ: Այս առումով լրագրողական կազմակերպությունները, մեդիափորձագետները կարող են առաջարկություններով հանդես գալ»:
Իսկ Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի համար նորություն չէ այն, որ իշխանություններից ամեն ինչ պետք է սպասել, անգամ այս կերպ օրենսդրական փոփոխություններ մտցնելը. «Այս լուրերն ինձ համար ևս տարօրինակ են, ինչու են այդքան հետևողականորեն նման բովանդակությամբ լուրեր տարածվում՝ չեմ կարող ասել: Լրատվամիջոցները պետք է պատասխանատու լինեն իրենց հրապարակումների համար»:
Իսկ պատկան մարմինները, Լևոն Բարսեղյանի համոզմամբ, պետք է հետազոտեն, քննարկեն, և եթե պարզվի, որ իսկապես տարածվող կեղծ լուրերը հղի են վտանգով, պետք է շտապ քայլեր ձեռնարկվեն. «Իսկ լրատվամիջոցի պարտքը տագնապի հետքերով գնալն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Այդուհանդերձ՝ անհասկանալի է՝ որքան պետք է հանդուրժել կեղծ ահազանգերով հանրությանը խուճապի մեջ գցելը. մինչև ե՞րբ: