ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվող քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում պետք է իրենց ոչ-ը ներկայացնեն ըստ էության, որպեսզի ՀՀ քաղաքացու համար այն հասկանալի լինի: Մյուս կողմից էլ, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, փոփոխություններին կողմ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է բացատրի, թե ինչու են անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները, որպեսզի հանրաքվեն իրատեսական լինի:
-Պարո՛ն Մինասյան, խորհրդարանն արդեն ավարտել է նոր Սահմանադրության նախագծի քննարկումը ու առաջիկա քառօրյայում այն դրվելու է քվեարկության: Սակայն կարելի է ասել, որ խմբակցությունները առկախել են այն հարցը, թե իրենք ինչպես են քվեարկելու նախագծին, բոլորը հայտարարում են, թե իրենք առաջարկություններ ունեն ու կսպասեն մինչեւ դրանք ընդունվեն, որից հետո միայն իրենց դիրքորոշումը կներկայացնեն: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք խնդիրը նախագծում առկա թերություններն են:
-Նախ պետք է ասեմ, որ սահմանադրական փոփոխությունների ընթացքում մենք ներգրավված ենք եղել ամբողջ ծավալով ու բնականաբար առաջարկությունները՝ թե՛ հայեցակարգի մակարդակում, թե՛ բուն տեքստի հետ կապված, ներկայացրել ենք: Զգալի մասն իրացվել է, բայց կան առաջարկություններ, որոնք կարեւոր են համարվում նաեւ քաղաքական քննարկումների շրջափուլում, դրանց զգալի հատվածը ԱԺ-ում քննարկումների ժամանակ հնչեցվեց: Այդ փոփոխությունների մեխն առաջին հերթին քաղաքական իրավունքների լիարժեք իրացման հնարավորությունն է, իսկ դա պառլամենտի կազմավորման արդյունավետ մեխանիզմն է: Սա խթանում է քաղաքական ուժերի կոնսուլիդացիային, ու վերջապես մի կարեւոր հատված, որ կարծում ենք կներկայացվի քվեարկության ժամանակ, առաջին փուլից հետո մինչեւ երկրորդ փուլը նոր դաշինքների ձեւավորման հնարավորությունն է: Մյուս խնդիրը վերաբերում է անցումային հատվածին, որովհետեւ եթե մի հիմնարար վերափոխում է տեղի ունենում համակարգում, շատ կարեւոր է, որ այդ ժամանակահատվածը եւ նոր իրավակարգավորումները իրար հետ համահունչ լինեն: Իսկ դա պահանջում է քրտնաջան ու հսկայածավալ աշխատանք: Անշուշտ դրանցից մեկը ընտրական օրենսգիրքն ու ԿԸՀ-ն է, քանի որ շատ բան կախված է հենց այս օրենսգրքից: Եթե այս ամենը իրականանա, ապա 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կկազմակերպվեն բարձր չափանիշներով: Հասարակությունը մեկ մանդատ ընտրելով՝ ընտրում է հենց իր իշխանությանը, այն ուժին, որը պատասխանատու պետք է լինի առաջիկա 5 տարիների ընթացքում երկրի զարգացման համար:
-Քաղաքական դաշտում իսկական «խուճապ» է այն հարցի հետ կապված, թե արդյոք կհաջողվի մինչեւ այս տարվա ավարտը նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնել, արդյո՞ք օրենքով սահմանված կարգով մինչեւ դեկտեմբերի 6-ը կնշանակվի հանրաքվեի օրը:
-Հանրաքվեի մասին օրենքը, որը փոփոխության ենթարկվեց նախորդ նստաշրջանում, նախատեսում է հետեւյալը՝ ԱԺ-ի կողմից հավանության արժանանալու դեպքում այս նախագիծն ուղարկվելու է հանրապետության նախագահին, ով 7-օրյա ժամկետում նշանակում է հանրաքվեն անցկացնելու օրը, սա նշանակում է, որ նախագահը ունի առավելագունը մինչեւ հոկտեմբերի 10-ը ժամանակ: Եթե, իհարկե, քվեարկությունը տեղի ունենա հոկտեմբերի 5-ին, ինչպես որ հայտարարվել է: Օրենքը սահմանում է նաեւ, որ նախագահի հրմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո հանրաքվեն պետք է անցկացվի ոչ շուտ, քան 55 եւ ոչ ուշ, քան 65 օրվա ընթացքում: Ամենայն հավանականությամբ դա լինելու է դեկտեմբերի սկզբին: Սա նաեւ հնարավորություն է ստեղծում ակտիվ քարոզչություն իրականացնել կողմ կամ դեմ փաստարկներով: Այսինքն՝ ժամանակի առումով խնդիր չկա, սակայն շատ կարեւոր է, որ այն քարոզչությունը, որը պետք է ընթանա, լինի ըստ էության: Պետք է փաստարկները ռեալ լինեն, որպեսզի հանրությունը կողմնորոշվի, հակառակ դեպքում այն խառնաշփոթը, որը կա քաղաքական դաշտում, կտեղափոխվի հասարակության մեջ, ու վերջում հանրությունն էլ ապակողմնորոշված կգնա հանրաքվեի, որը ցանկալի չէ: Մենք դեմ ենք այդ մոտեցմանը, մենք կարծում ենք, որ պետք է լիարժեք ներկայացնել հանրությանը սահմանադրական փոփոխությունների նպատակը:
-Այս պահի դրությամբ քաղաքական ուժերի համար էլ հասկանալի է, որ Սահմանադրության փոփոխությունը չի հետաքրքրում ՀՀ քաղաքացիներին, քանի որ ժողովրդին այսօր հուզողը «հացի» խնդիրն է: Ինչպե՞ս պետք է «ստիպեք», որ հասարակ գյուղացին դա գլխավոր հարց համարի ՀՀ-ի համար:
-Նախ` ինչու են անտարբեր մեր քաղաքացիները կամ գյուղացիները, որովհետեւ երբեք չեն տեսել սահմանադրական նորմերի իրական ազդեցությունն իրենց կյանքում, սա նշանակում է, որ թերությունը հենց բուն Սահմանադրության մեջ է, որ չկա այնպիսի մեխանիզմ այսօրվա գործող Սահմանադրության մեջ, որը կստիպի, որպեսզի այդ ամենը մարդը տեսնի իր կյանքում: Մենք տեսնում ենք, որ իրական կյանքում քաղաքացին Սահմանադրությունը չի կիրառում, ինչի համար էլ չի հետաքրքրվում, իսկ այս փոփոխություններով, այս Սահմանադրությամբ այդ ամենն առկա է:
-Այսինքն` ստացվում է, որ առաջարկվող Սահմանադրությունը կատարյալ մի փաստաթո՞ւղթ է, որը հոգալու է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքների երաշխավորման խնդիրը:
-Կատարյալ ոչինչ չի լինում, եթե ընդունվի հանրաքվեի միջոցով, ապա երկիրը բռնելու է զարգացման մի նոր ուղի, քաղաքացին նոր Սահմանադրությամբ դառնալու է իր իրավունքների պահանջատերը: Սա հիմնական մեխն է, որը դրված է այդ փոփոխություններում:
ՈՒՈԼԹԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ԶԵԿՈՒՅՑԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
Սեպտեմբերի 28-ին մեկնարկելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ ժողովրդավարական հարցերի հանձնաժողովում քննարկվելու է հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ուոլթերի այցը Ադրբեջան: Ուոլթերը հանձնաժողովին պետք է ներկայացնի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի շուրջ իր կատարած աշխատանքները:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ուոլթերը մոտ մեկ շաբաթ առաջ այցելել էր Ադրբեջան: Ըստ այդ երկրի լրատվամիջոցների` վերջինիս այցը փաստահավաք առաքելությամբ էր, որի արդյունքում նա պետք է զեկույց ներկայացներ Վեհաժողովին: Նշվում է, որ Ուոլթերն այս ժամանակահատվածում հանդիպումներ է ունեցել ու կրկին վերադարձել Ստրասբուրգ, որպեսզի արդեն ԵԽԽՎ-ի նստաշրջանի ժամանակ ներկայացնի, թե ինչ տեղեկություններ է «հավաքագրել»: Հավելենք, որ Ուոլթերը հայտնի է իր ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշմամբ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զեկուցողը պետք է այցելեր նաեւ Արցախ՝ տեղեկությունների «հավաքագրման» նպատակով, սակայն ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այս անգամ Ուոլթերը Ստեփանակերտ չի մեկնել, քանի որ «չի հասցրել»: Նշենք, սակայն, որ Արցախը պաշտոնապես մերժել է նրա մուտքի թույլտվությունը, քանի որ արդեն իսկ զեկույցի վերնագիրը ի սկզբանե արտացոլում էր հեղինակի կանխակալ մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: Արցախի իշխանությունները առաջադրել են իրենց պաշտոնական մոտեցումը՝ կա՛մ պետք է փոխվի զեկույցի վերնագիրը, կա՛մ էլ Ռոբերտ Ուոլթերին Արցախի պաշտոնական շրջանակներում մերժում են եւ հրաժարվում նրա հետ հանդիպումից:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախնական որոշվել է զեկույցը ԵԽԽՎ նիստում ներկայացնել հունվարին, եթե մինչ այդ Ուոլթերին հաջողվի վերջնական տեսքի բերել իր «հավաքագրած» փաստերը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԿԵՐԿԱՐԱՁԳՎԵՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում կերկարաձգի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրված մի շարք լիցենզիաների գործողության ժամկետները: Մասնավորապես, ՀԾԿՀ-ն մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 29-ը կերկարաձգի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անվամբ վերաձեւակերպված ՀՀ-ում բնական գազի բաշխման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության եւ բնական գազի փոխադրման լիցենզիաների գործողության ժամկետները: Իսկ, ահա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված Վրաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիայի արտահանելու լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 1-ը:
ՔՆՆԻՉԸ ԿԱՆՉԵԼ Է
Մինչ օրս այդպես էլ չպարզաբանված է մնում, թե ինչպես է ստացվել, որ նախաքննական մարմինը իբրեւ քաղաքացիական ակտիվիստ ներկայացող Վահան Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել է հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ, որից հետո էլ նա կարողացել է անարգել հատել ՀՀ սահմանը եւ Վրաստանով գնալ եւ հանձնվել Ադրբեջանի իշխանություններին: Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանի նկատմամբ այս որոշումը կայացվել էր Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզան Մարգունու կողմից իրավապահներին ներկայացրած հաղորդումից հետո: Վերջինս իրավապահներին հայտնել էր, որ Մարտիրոսյանը 5 օր իր բնակարանում մնալուց հետո գումար է գողացել: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Գարիկ Ստեփանյանն իր մոտ է հրավիրել Ռուզան Մարգունուն՝ ասելով, թե գործով մատնահետքերի արդյունքները ստացվել են, ուստի տուժողը պետք է ներկայանա քննչական մարմին եւ ծանոթանա դրանց հետ: Սակայն, մեր տեղեկություններով, Մարգունին հրաժարվել է գնալ ՔԿ՝ վատառողջության պատճառաբանությամբ: Սակայն իրականում կինն այդպիսով քննիչների դեմ իր բողոքն է արտահայտում, որոնք թույլ տվեցին, որ Մարտիրոսյանը փախչի Հայաստանից եւ ապաստանի Ադրբեջանում՝ այդ կերպ խուսափելով պատասխանատվությունից:
ԱՄՈՒՍՆՈՒՑ ՄԻՆՉԵՎ ԲԺԻՇԿՆԵՐ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է սեպտեմբերի 1-ին Մարգարյան հիվանդանոցում արգանդի միոմայի վիրահատությունից մահացած Կարինե Աղաբեկյանի ամուսնուն` Կամո Աղաբեկյանին: Մահացած կնոջ ամուսնուն հարցաքննելուց հետո քննիչներն արդեն մի քանի օր է՝ հարցաքննում են նաեւ Մարգարյան հիվանդանոցի բժիշկներին: Մասնավորապես, խոսքն այն բժիշկների մասին է, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել վիրահատությանը կամ վիրահատությունից առաջ հետազոտել են Կարինե Աղաբեկյանին: