Նախագահականի ֆոտոսեսիաների հետքերով. Ս. Սարգսյանը խոստացել է լինել «ռայկոմի քարտուղար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եւ նրա հետ նախագահականում ֆոտոսեսիաներին մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչների զրույցների մանրամասներն այդպես էլ չհրապարակվեցին: Նրանք նաեւ չտվեցին իրենց համաձայնությունը՝ այո-ն, սահմանադրական փոփոխություններին: Եւ այս մոտեցումն ինքնին հասկանալի է:

Ի վերջո, նախագահական գնացած կուսակցությունները չեն կարող պատմել, թե ինչպես են իրենց ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանից երաշխիքներ կորզել, կամ ինչ խոստումներ է նա իրենց տվել: Հրապարակային «գաղտնազերծումներն» իրենց բնույթով Սերժ Սարգսյանի կողմից կարող են ընկալվել որպես դիմացինի կողմից «անպարկեշտ» վարքի դրսեւորում՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Ուստի ֆոտոսեսիայի մասնակիցները նախընտրում են Սերժ Սարգսյանի հետ իրենց զրույցների բովանդակությունը ներկայացնել «մասնավոր զրույցի» ֆորմատով:

Մասնավորապես, «լուսանկարվածները» «Ժողովուրդ»-ի հետ ամենատարբեր զրույցներում պնդում են, որ Սերժ Սարգսյանն իրենց հավաստիացրել է, որ սահմանադրական փոփոխություններն անցկացնելուց եւ կառավարման համակարգը փոխելուց հետո ինքը չի պատրաստվում ոչ մի պաշտոն զբաղեցնել: Մասնավորապես, նա մեկ անգամ արդեն հայտարարել է, որ կառավարման համակարգի փոխվելուց հետո ինքը չի պատրաստվում զբաղեցնել ո՛չ նախագահի եւ ո՛չ էլ վարչապետի պաշտոնը: Իր հետ հանդիպման գնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին Սարգսյանը հավաստիացրել է նաեւ, որ ՀՀ ԱԺ նախագահը եւս չի ցանկանում դառնալ եւ, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, երբ այլեւս կլրանա նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը, ինքը բացառապես լինելու է միայն ՀՀԿ նախագահ:

Սակայն մյուս կողմից նա նախագահական գնացած բոլոր ուժերին հասկացրել է, որ ոչ մեկն էլ չի մոռացվի, եւ բոլորն էլ իշխանական համակարգում ինչ-որ գործ կստանան: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն առանձնապես չի թաքցրել, որ ինքը ցանկանում է իշխանական համակարգը դարձնել այնպիսին, ինչպիսին այն եղել Խորհրդային Հայաստանի տարիներին: Միայն մեկ տարբերությամբ, որ Խորհրդային Հայաստանը հենց օրենքով միակուսակցական երկիր էր, որտեղ ողջ իշխանությունը պատկանում էր կոմունիստական կուսակցությանը եւ կար «պալիտբյուրո»: Իսկ Սերժ Սարգսյանի գծագրած տարբերակում, չնայած Հայաստանը դեյուրե կլինի բազմակուսակցական երկիր, սակայն փաստացի կլինի միակուսակցական, որտեղ կոմկուսի դերը կստանձնի ՀՀԿ, Սերժ Սարգսյանն էլ կլինի «ռայկոմի քարտուղարը»:

Ֆոտոսեսիային մասնակցած կուսակցությունների ներկայացուցիչներն առանձնապես չեն էլ թաքցնում, որ իրենք համոզված են, որ Սերժ Սարգսյանն առանց դժվարությունների ավարտին կհասցնի Սահմանադրությունը փոխելու գործընթացը: Իսկ դրանից հետո, ըստ նրանց, նա առանց խոչընդոտի 2017 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կձեւավորի, որից հետո Հայաստանը կրկին անգամ կթեւակոխի «պալիտբյուրոյի» կառավարման դարաշրջան: Հայաստանի քաղաքական կյանքի ներկա լճացած վիճակն հիմք ընդունելով՝ «լուսանկարվածները» չեն պատկերացնում, թե Սերժ Սարգսյանի ծրագրերն ինչպես կարող են տապալվել: Այսինքն՝ նրանք իրենք իրենց՝ որպես Սերժ Սարգսյանի ծրագրեր տապալողի չեն դիտարկում, ուստի բնական է, որ չեն էլ հավատում, թե ուրիշ ինչ-որ մեկը դա կարող է անել: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ հայաստանում այսօր եղած քաղաքական ուժերի մոտ 90 տոկոսը «թուլացել» եւ փորձում է «հաճույք ստանալ»:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ հենց այդպես էլ լինելու է, սակայն այսօր, վաղը եւ հետագայում բոլոր` մինչեւ 2017 թվականի ԱԺ ընտրությունների բուն մեկնարկն ընկած վերլուծությունները, որքան էլ որ Հայաստանի քաղաքական կյանքում առկա վիճակով են պայմանավորված, միեւնույն է, մի շատ կարեւոր, նույնիսկ առանցքային բացթողում ունեն, դրանցում հաշվի չի առնվում, թե ինչպես իրեն կպահի ՀՀ քաղաքացին, կամ ինչպես սիրում են ասել քաղաքական գործիչները` ժողովուրդը:

Բանն այն է, որ նախորդ ընտրությունների փորձը ցույց է տվել, որ մարդիկ այնքան զզված են ներկա քրեաօլիգարխիկ վարչակազմից, որ նրանք իշխանությունների նույնիսկ ամենաչնչին այլընտրանքի դեպքում փորձել են իրենց կյանքը փոխել, եւ իշխանությունները ստիպված են եղել հսկայական ռեսուրսների, մեծ ջանքերի եւ անգամ զոհերի գնով կանխել իշխանափոխությունը: Իսկ ինչ տեղի կունենա, եթե մարդիկ իսկապես փոփոխության լուրջ հնարավորություն տեսնեն: Այս հարցը առայժմ ընդամենը տեսական հարթությունից է, քանի որ դեռեւս չկա հաջորդ` անխուսափելի հարցի պատասխանը, թե ուր են այդ փոփոխություն առաջարկողները:

Բայց, դե, ամեն ինչ իր ժամանակին է լինում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս