Երգիչ, երգահան, «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանն այն կարծիքին է, որ այսօր լավ երաժիշտները հիմնականում լքում են երկիրը, իսկ ովքեր էլ մնում են, նրանք խիստ հայրենասեր են: Երգչի խոսքով` մեզ մոտ շատ տաղանդավոր երաժիշտներ կան, պարզապես համապատասխան պայմաններ չկան, որպեսզի արտիստներն իրենց արտիստ զգան:
-Գո՛ռ, երկրպագուները Ձեզանից ակնկալում են բացօթյա համերգ, անգամ մեծ մենահամերգ. նման ծրագրեր ունե՞ք:
-Ինքներս էլ շատ կցանկանայինք բացօթյա համերգով հանդես գալ, սակայն դեռ նման առաջարկ չենք ստացել, իսկ մեծ համերգի մասին դեռեւս չենք մտածում, այդ ուղղությամբ, համենայն դեպս, աշխատանքներ չեն տարվում: Հիմա այնպիսի գործերով ենք զբաղված, որոնք բավական ժամանակ են խլում:
-Ռոք երաժիշտների համար Հայաստանում դաշտը բաց, ազատ համարո՞ւմ եք: Նոր խոսք ասողների համար դրսեւորվելու հնարավորություն կա՞:
-Չեմ սիրում հայ երգարվեստի մասին խոսելիս տարանջատել ռոք դաշտ, փոփ դաշտ եւ մյուս հասկացությունները: Այս բոլորը մեզ մոտ մի տեսակ խառնված են, քանի որ մեր շուկան փոքր է: Իսկ երաժշտության ոլորտն ազատ է, քանի որ լավ երաժիշտները հիմնականում լքում են երկիրը, ովքեր էլ մնում են` խիստ հայրենասերներ են, թե չէ բոլորս էլ հասկանում ենք, թե երաժշտական դաշտն այսօր ինչ վիճակում է: Մեզ մոտ շատ տաղանդավոր երաժիշտներ կան, պարզապես համապատասխան պայմաններ չկան, որ արտիստներն իրենց արտիստ զգան, մենք ինքներս մեզ գնահատել չգիտենք, թե ինչ, չգիտեմ, շատ բաներ են խանգարում…
-Հիմա Դուք հիմնականում «Դորիանս» խմբի ներսո՞ւմ եք ծավալում Ձեր գործունեությունը, թե՞ անհատական կարիերայով եք զբաղված:
-Ես «Դորիանս»-ի հետ էլ եմ աշխատում, անհատական էլ եմ գործունեություն ծավալում. ստացվում է համատեղել:
-Մի առիթով նշել եք, որ եթե նախագահ լինեիք, մշակույթի նախարարին կազատեիք իր պաշտոնից, իսկ եթե Դուք լինեիք մշակույթի նախարարը, ի՞նչ կփոխեիք առաջինը հենց Ձեր ոլորտում:
-Իմ ասածն իրականում մի քիչ սխալ էր ընկալվել, այնպես էր ստացվել, որ «կպնում եմ» մշակույթի նախարարին, բայց ոչ: Բնականաբար, ես չէի լինի նախարար, քանի որ ես համապատասխան մասնագիտությունը, հմտությունները չունեմ, այս պարագայում ուղղակի երաժիշտ լինելը բավական չէ, բայց, իհարկե, ես կարող եմ իմ էնտուզիազմով ինչ-որ բան փոխել: Ցավոք, այսօր գրեթե բոլոր ոլորտների բոլոր կառույցներում ինչ-որ բան թերի է, կա՛մ աշխատողները լավ չեն աշխատում, կա՛մ նրանք, որոնց պետք է ենթարկվեն այդ աշխատողները: Այնուամենայնիվ, վերջին շրջանում մշակույթի ոլորտում դրական փոփոխություններ էլ եմ նկատում:
-Գո՛ռ, մտածե՞լ եք ազգային երաժշտության եւ ռոքի համադրության, միքսեր անելու, դրանք ժամանակակից մոտիվներով ներկայացնելու մասին:
-Եթե հանրության ականջը սովորել է Կոմիտասի, Սայաթ-Նովայի կատարումներին, դրանք վերամշակելուց հետո մարդիկ կարող են ասել` վայ, աղավաղվել է երաժշտությունը: Մյուս կողմից մենք լսում ենք, թե ինչ հետաքրքիր փոփոխություններ է անում Տիգրան Համասյանը, եւ այդ առիթով ես դժգոհություններ չեմ լսել: Համենայն դեպս, պարտադիր չէ վերամշակողի դերում լինես. մեր խումբն էլ ազգային երաժշտության էլեմենտներով երգեր ունի, մենք չենք վերամշակել, նորերն ենք գրել:
-Արտերկրում աշխատելու հրապուրիչ առաջարկներ ստացե՞լ եք:
-Առաջարկներ, այո՛, այս տարիների ընթացքում շատ են եղել:
-Հայրենասեր եք, դրա համա՞ր չեք ընդունել:
-Դա չէ հարցը. հայրենասեր կարող ես ամեն տեղ էլ լինել` քո տանն էլ, դրսում էլ, եւ հակառակը` քո տնից դուրս կարող ես լինել ազգի թշնամի, քո երկրի ներսում էլ ադրբեջանցի…
-Նախօրեին նշեցինք Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը, ի՞նչ եք կարծում` մենք` որպես անկախ պետություն, կայացե՞լ ենք:
-Ես ինքս ինձ համարում եմ անկախ մարդ, իսկ թե մեր երկիրը որքանով է անկախ, դա արդեն քաղաքական հարց է…
Աննա Բաբաջանյան