2013 թվականի հունվարի 16-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում (դատավոր՝ Հովհաննես Թորոսյան) սկսվել է պետական եկամուտների կոմիտեի Տավուշի տարածքային հարկային տեսչության դեմ «Էլագրա» ՍՊԸ հայցով դատավարությունը: Հայցվորը պահանջում է վերացնել իր նկատմամբ կիրառված վարչական ակտը: «Էլագրա» ՍՊԸ-ն 2010թ. մայիսից Բագրատաշեն գյուղում չի կարողանում առեւտուր իրականացնել, թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա: «Էլագրա»-ի ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեցին, որ տարածքային հարկային տեսչությունը մերժում է գործունեություն սկսելու մասին իրենց հայտարարությունը եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը: Հունվարի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում նշված են Բագրատաշենում առեւտուր կազմակերպելու հետ կապված խոչընդոտները: ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են «Էլագրա» ՍՊԸ-ի իրավունքները»: ՄԻՊ հաղորդագրությունում նաեւ ընդգծված է. ««Էլագրա» ընկերությունը համապատասխանում է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն սկսելու համար այդ պահին ՀՀ գործող օրենսդրությամբ, ինչպես նաեւ ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պահանջներին: Այնուամենայնիվ, այդ ընկերությունն արդեն երկուսուկես տարի չի կարողանում առեւտրային գործունեություն իրականացնել: Ավելին, 2012թ. մայիսին ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել կառավարության որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգում՝ կապված ՀՀ սահմանային շերտում գործող առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության հետ: Սակայն այդ փոփոխությունը չէր կարող հիմք դառնալ «Էլագրա» ՍՊԸ-ի գործունեությունը սահմանափակելու համար, քանի որ կառավարության որոշման դրույթներն ուժի մեջ են մտնում միայն վեց ամիս հետո»:
Փետրվարի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում սպասվում է այս գործով վճռի հրապարակում, որից պարզ կդառնա՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում առաջնորդվում են օրենքներո՞վ, թե՞ նպատակահարմարությամբ:
Տավուշ