Արդեն 3000-ից ավել մարդ միացել են մեկ նախաձեռնության շուրջ, որով պահանջում են չեղյալ հայտարարել «Էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումները եւ Երեւանի օրվա տոնակատարությունների բյուջեն ուղղել սահմանամերձ գյուղերին:
Երևանի քաղաքապետարանում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ զեկուցվել է, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երեւան 2797» միջոցառումների ծրագիրը: Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը ArmLur.am-ին փոխանցել է, որ միջոցառումները կայանալու են, եւ ծրագիրն էլ կհրապարակվի սեպտեմբերի 30-ին:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անկախ արդյունքից ինքն ուրախ է, որ նախաձեռնողները նման մարդկային վերաբերմունք են ցուցաբերում:
«Մարդիկ կարծես թե սկսել են տարբերակել` որն է կարեւորն ու որը` առաջնայինը: Տոնակատարությունը, վերջիվերջո, արվում է, որ մարդիկ հաճույք ստանան դրանից, իսկ մարդկանց մի ստվար զանգված հաճույք կստանա, եթե դրա վրա ծախսվելիք գումարը ծառայի այլ նպատակի: Կյանքը, իհարկե, չպետք է կանգ առնի, գուցե տոնակատարություն արվի, սակայն հնարավոր լինի կրճատել դրա ծախսերը, հրաժարվել ավելորդություններից: Վերջիվերջո, տոնը շքեղության մեջ չէ, այլ բարձր տրամադրության»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանից տրված այն պարզաբանմանը, թե տոնակատարության միջոցառումների ֆինանսավորման մեծ մասը կատարվում է մասնավոր հատվածի կողմից ու հենց Երեւանի հիմնադրմանը նվիրված տոնակատարության անցկացման նպատակով, այլ ոչ թե ըստ ցանկության այն տնօրինելու, Ռ. Բաբայանը նկատեց. «Ես բազմիցս առիթ եմ ունեցել շփվելու մասնավոր հատվածի հետ. մեր երկրում կարգը հետեւյալն է՝ որեւէ մասնավոր ներդրող իր կամքով որեւէ նվիրատվություն չի անում, մինչեւ չի ստանում հրահանգ վերեւից, այնպես որ, ասել, թե մասնավոր հատվածն է որոշել դա, մեղմ ասած, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը»:
Աննա Բաբաջանյան