Նախորդ երկու օրերին եւ նաեւ այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգության» մասնակցությամբ խորհրդակցություններ են ընթանում` հետընտրական իրադարձությունները քննարկելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու հարցի շուրջ: Ընդդիմությունը ներկայացրել է երեք կետից բաղկացած օրակարգ, որի առաջին կետով առաջարկվում է մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովի նոր ընտրություններ անցկացնել, երկրորդ կետով` խորհրդարանական կառավարման ձեւի անցնելու համար երկու տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներ անել, եւ վերջապես երրորդ կետով` ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տրամադրել: Այս պահի դրությամբ իշխանությունները լավագույն դեպքում պատրաստ են բավարարել միայն երրորդ կետը, այն էլ` թերեւս մասնակի: Սակայն մի բան է, թե ինչի են պատրաստ իշխանությունները, մեկ այլ բան թե ինչն է այս պահին ամենաճիշտ լուծումը: Որեւէ մեկը կարո՞ղ է վիճարկել ընդդիմության այն պնդումը, որ այսօրվա Ազգային ժողովը չի արտացոլում քաղաքական դաշտի իրական պատկերը: Նման պնդումներ անողներին բավական է հիշեցնել, որ Ազգային ժողովում իր ներկայացվածությամբ երկրորդ քաղաքական ուժը` «Բարգավաճ Հայաստան»-ը, ներկայում բացարձակապես դուրս է ծավալվող քաղաքական գործընթացից: Վերը նշված խորհրդակցություններում ԲՀԿ-ն ներգրավված չէ, ու դա, մեղմ ասած, տարակուսելի է: Եթե ԲՀԿ-ի ստացած 450 հազար քվեներն իրական են, ապա որեւէ պարագայում այդ ուժը չպետք է ինքն իրեն դուրս դներ քաղաքական պրոցեսից եւ ընդունելով չգիտես ումից եւ չգիտես ինչից նեղացածի դիրք` մի կողմ քաշվեր` երկրի համար կարեւորագույն որոշումների կայացման իրավունքը կամավոր զիջելով այլ քաղաքական ուժերի: Հիշենք, որ մինչ նախագահական ընտրությունները ԲՀԿ-ն ամեն հնարավոր առիթով հայտարարում էր, որ իրենք նախ եւ առաջ պատասխանատու են իրենց 450 հազար ընտրողների առջեւ եւ ոչ մի դեպքում հուսախաբ չեն անելու ժողովրդի վստահությունը: Եթե վերլուծում ենք ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքներն ու դրանք համադրում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, ապա ստացվում է, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի մի զգալի մասը քվեարկել է հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ հիմա, չմասնակցելով ներկայիս գործընթացներին, ԲՀԿ-ն կարող է վերջնականապես կորցնել իր ընտրազանգվածը: ՕԵԿ-ի մասին, կարծում ենք, չարժե անգամ խոսել: Իսկ ՀՀԿ-ի իրական ընտրազանգվածի չափը պարզ դարձավ այս ընտրություններում: Այնպես որ, կարծում ենք, բոլորի համար էլ արդեն վերջնականապես պարզ է, որ այս խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածությունը չի համապատասխանում նրանց ունեցած իրական ընտրազանգվածին, հետեւաբար` այս ԱԺ-ն այլեւս չի կարող գործել որպես լիարժեք կենսունակ քաղաքական մարմին:
ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ