Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանրահավաքին միացավ նաեւ սիրված դերասան Վարդան Պետրոսյանը: Իսկ ավարտին շատ քաղաքացիներ այդպես էլ չէին կարողանում գտնել իրենց ամենաշատ հուզող հարցի պատասխանը. «Ի վերջո, ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանն ու ինչպե՞ս»:
Հայտնի է միայն մեկ բան՝ Ր. Հովհաննիսյանը խոստանում է՝ «զադնի դնել չկա», եւ ինքը մինչեւ չհասնի հաղթանակի, չի դադարեցնելու հետընտրական պայքարը: Սակայն մյուս կողմից երեկ տպավորություն էր, որ նա փորձում է կամաց-կամաց ապահովել իր նահանջը: Բանն այն է, որ Ր. Հովհաննիսյանը վերջնականապես չի որոշել՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար դիմել ՍԴ, թե ոչ: Հանրահավաքի ժամանակ նա երեք հարց ուղղեց մասնակիցներին՝ արդյոք պատրաստ են իր հետ հավասար պայքարը տանել մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ, արժի արդյոք դիմել ՍԴ, եւ երրորդ՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ժողովրդին ներկայացնել ապագա կառավարության կազմը, մյուս կողմից տեսակետ կա, որ դա վաղաժամ քայլ է, եւ ուրեմն՝ արժի արդյոք գնալ այդ քայլին: Եթե պայքարը Ր. Հովհաննիսյանի հետ մինչեւ վերջ առաջ տանելու հարցում շատերն էին կողմ, ապա մյուս երկու հարցերում հրապարակում հավաքվածների տեսակետը պարզ չեղավ. հատկապես ՍԴ դիմելու հարցում քիչ չէին նաեւ դեմ արտահայտվողները: Ինչպես ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը, որ կողմ էր քվեարկել ՍԴ դիմելու օգտին, եթե այսքանից հետո Ր. Հովհաննիսյանը չդիմի ՍԴ, ապա կստացվի, որ նա ընդունում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներն ու Սերժ Սարգսյանի «հաղթանակը»:
Ր. Հովհաննիսյանը հանրահավաքի ժամանակ վերահաստատեց իրենց պահանջը՝ պետք է զբաղեցրած պաշտոններից հրաժարական տան ու պատասխանատվության ենթարկվեն բոլոր ընտրակեղծարարները՝ մարզպետերը, քաղաքապետերն ու գյուղապետերը: «Նախ իշխանությունը պետք է բերենք հետ՝ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, ավան առ ավան, մինչեւ մայրաքաղաք, չկասկածեք»,-խոստացավ նա:
Երեկվա հանրահավաքում ելույթ չունեցան ո՛չ ՀՅԴ ներկայացուցիչները, ո՛չ էլ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ավելին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները միայն շատ կարճ ժամանակ եղան հարթակում՝ գերադասելով հանրահավաքին հետեւել ժողովրդի միջից: Հարթակում չէր նաեւ Փաշինյանը: Փոխարենը երեկ ելույթ ունեցան երկու սիրված արվեստագետ՝ երգահան Ռուբեն Հախվերդյանն ու դերասան Վարդան Պետրոսյանը: «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը «Ռանչպարների կանչը» կարդացել է եւ իր կոմսոմոլի մտածողությամբ եկել է, շրջապատել է իրեն քծնողներով եւ ոչ պրոֆեսիոնալներով: Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը եկավ մեզ ղեկավարի: Եթե մայրիկդ 30 հազար դրամ թոշակ ստանար, դուրդ կգա՞ր, պարո՛ն պրեզիդենտ»,-հարցրեց Հախվերդյանը: Իսկ Վարդան Պետրոսյանը նշեց, որ ինքը սկզբում չէր հավատում, որ նման շարժում կձեւավորվի, բայց տեղի ունեցավ անսպասելին: Այս համատեքստում նա պատահական չհամարեց հանգամանքը, որ այս շարժումը սկսվեց հենց Ղարաբաղյան շարժման 25-ամյակի օրերին: «Այն օրերին Սովետը մի երկիր էր, որից սարսափում էր աշխարհը, եւ փոքր մի ժողովուրդ ոտքի կանգնեց ու հաղթեց առանց որեւէ սպառնալիքի եւ իր մեջ այդ հաղթանակը տարավ»,-նշեց նա՝ հավելելով, որ ժողովուրդը պետք է գիտակցի իր ներսում տարած այդ հաղթանակը: Նաեւ կոչ արեց մի կողմ դնել տեսակետը, թե ոչինչ դուրս չի գա, միեւնույն է, իշխանությունն իր լծակները կօգտագործի. «Նման բան չի լինի, մարտի 1-ը չի լինելու երբեք, սա կմնա մեր պատմության մեջ որպես դառը էջ»:
Ազատության հրապարակում կանգնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ելույթ ունեցավ նաեւ ԼՂՀ պատգամավոր Վահան Բադասյանը: Նրա խոսքերով՝ 20 տարի է՝ մեր ժողովուրդը չի կարողանում իր երջանկությունը գտնել սեփական հայրենիքում եւ ստիպված բռնել է արտագաղթի ճանապարհը: Ինչ այստեղ է կատարվում, նույնը Արցախում է. «Այնտեղ իշխանությունները ճիշտ պաշտոնական Երեւանի շարունակություններն են: 20 տարի առաջ ես պատրաստ էի իմ կյանքը զոհաբերել հանուն մեր ազգի, հանուն ձեզ, հանուն ապագա սերնդի: Այսօր եթե պետք լինի, նույնպես պատրաստ եմ կյանքս զոհաբերել հանունն ձեզ, որովհետեւ ուզում եք ունենալ մեր ժողովրդին հարիր իշխանություն»:
«Ի՞ՆՉ ԱՆԵԼ» ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ