Սկիզբը՝ «Ժողովուրդ» օրաթերթի 2013թ. թիվ 25-ում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) 2012թ. մայիսին՝ ընդամենը մեկ շաբաթում, Շիրակի մարզի խանութներից 28-ում հայտնաբերել էր եւս մեկ խախտում. «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ արտադրած հավի տոտիկները եղել էին առանց մակնշման:
Անձամբ ես՝ որպես սպառող, հիշյալ ընկերությանը վստահելու հիմքեր չեմ տեսնում` նկատի ունենալով նաեւ 2012թ. սեպտեմբերի 3-7-ը Երեւանում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կատարած բացահայտումները: «X գրուպ»-ի (նախագահ` Խաչիկ Խաչատրյան) կազմում գտնվող «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի ձվերի դիտարկմամբ եւ ուսումնասիրությամբ իրոք խայտառակ պատկեր է արձանագրվել:
Մասնավորապես` շուկա հանված ձվի դիտարկման, ինչպես նաեւ ձվի պահպանման, տեղափոխման եւ իրացման գործընթացների ուսումնասիրության արդյունքում 5 խանութում հայտնաբերվել է ձվերի մակնշման անհամապատասխանություն (տուփերում փաթեթավորված ձվերի տուփերի մակնշման մեջ նշված պիտանիության ժամկետը չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված ժամկետին), 3 խանութում` «Ոսկե ձվիկ» ապրանքանիշի ձվերի մակնշման անհամապատասխանություն, 12-ում` «Էկո» ապրանքանիշի ձվերի մակնշման խախտում (որոշ տուփեր պարունակել են դժվար ընթեռնելի կամ ոչ հստակ մակնշմամբ ձվեր), 4-ում` «Տնական» ապրանքանիշի ձվերի մակնշման խախտում, իսկ մեկ խանութում անցած է եղել նույն ապրանքանիշի ձվի պիտանիության ժամկետը:
Վերոնշյալ բոլոր խախտումները հայտնաբերվել են խանութների սոսկ մի մասում` կարճ ժամանակաընթացքում կատարված դիտարկմամբ եւ ուսումնասիրությամբ, իսկ եթե այդ աշխատանքները բոլոր խանութներում ու տեւականորեն իրականացվեի՞ն…
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանից մեր ստացած պատասխանի համաձայն` «նշված դիտարկման առարկա չի հանդիսացել ձվի քաշի ուսումնասիրության իրականացումը»: Հետեւաբար հարց է առաջանում ու դեռ պարզաբանման կարիք ունի, թե հիշյալ խախտումները հայտնաբերելու պարագայում ծառայության համապատասխան պաշտոնյաների մոտ ինչու կասկածներ չեն առաջացել, եւ նշված դիտարկման առարկա չեն դարձրել նաեւ ձվերի վրա մակնշման ենթակա դրանց չափերի կամ քաշի համարներին (օրինակ` 1, 2, 3) այդ նույն ձվերի չափերի կամ քաշերի համապատասխանության հարցը:
Ընդգծենք, որ Ա. Բախչագուլյանի ղեկավարած սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերոնշյալ խախտումների համար «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությանը չի տուգանել, որովհետեւ այդ խախտումները ոչ թե ստուգման, այլ ձվերի դիտարկման եւ ուսումնասիրության արդյունքում է հայտնաբերել: Սակայն, միեւնույն է, պետական համապատասխան կառույցներն այսպիսով արատավորվում ու վարկաբեկվում են` միաժամանակ երկրում ձեւավորելով անպատժելիության մթնոլորտ: Ընդ որում, խնդիրը միայն այն չէ, որ հիշյալ ծառայությունը նման «չնչին» խախտումների համար չի տուգանել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ին եւ օրինախախտ այլ ընկերությունների: Որպեսզի հիշյալ ծառայության անգործության էությունն ընթերցողին հասկանալի լինի, ներկայացնենք նախապատմությունը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր 2010թ. հուլիսի 28-ի նիստում «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող հավկիթների եւ դրանց տարայի վրա, ի թիվս ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվության, տեսակավորման թվականը (արտադրության թվականը), իսկ տարայի վրա՝ նաեւ պիտանիության ժամկետը չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), որակելով որպես հասարակության մոլորեցում` անբարեխիղճ մրցակցության գործողություն (օրինախախտում), նշված օրինախախտման համար «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի նկատմամբ իր 28.07.2010թ. թիվ 169-Ա որոշմամբ նշանակել է տուգանք` 500.000 դրամի չափով:
Սակայն կարծում ենք, էլ ավելի կարեւոր է, որ հանձնաժողովն իր վերոնշյալ որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով ընկերությունից պահանջել է նաեւ «դադարեցնել եւ հետագայում բացառել Օրենքի խախտմամբ հավկիթների իրացումը…»:
Իսկ ինչպե՞ս է վարվել ընկերությունը դրանից հետո: 2012թ. սեպտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում ՍԱՊԾ հայտնաբերած հիշյալ խախտումները միանշանակ հենց նույն Օրենքի պահանջների խախտում են եւ Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` համարվում են հասարակության մոլորեցում եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն: Սակայն ՏՄՊՊՀ-ն, չնայած նաեւ այն հանգամանքին, որ իր նույն օրվա մեկ այլ որոշմամբ «Հավի ձու` կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ անձանց խմբին համարել է գերիշխող դիրք ունեցող, ինչը պահանջում է ավելի խիստ վերահսկողություն նրանց նկատմամբ, իր 28.07.2010թ. թիվ 169-Ա որոշումից հետո, փաստորեն, հետեւողական չի եղել տվյալ փաստաթղթի վերը մեջբերված դրույթի կատարման հարցում:
Կարծում ենք՝ նաեւ դրանից օգտվելով՝ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն հետագայում նույնպես շարունակել է օրենքի խախտումը` այս անգամ էլ արտադրելով եւ իրացնելով հավկիթներ` մակնշման խախտմամբ եւ մակնշման անհամապատասխանությամբ: Այսպիսով՝ ընկերությունը դրսեւորել է ձեռնարկատիրական գործունեության այնպիսի գործողություն կամ վարքագիծ, որը նույնպես մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը` տնտեսվարող սուբյեկտի առաջարկած ապրանքների վերաբերյալ:
Սակայն եթե ՏՄՊՊՀ-ն, հնարավոր է, խիստ բազմազբաղ լինելու պատճառով չի կարողացել անհրաժեշտ հետեւողականություն դրսեւորել, ապա ՍԱՊԾ-ն իր կազմած «2012թ. սեպտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված սննդամթերքի դիտարկումների եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին» տեղեկանքը ՏՄՊՊՀ չուղարկելը դեռ պետք է բացատրի ու պատճառաբանի: Եթե, իհարկե, չի ցանկանում, որ մենք դա բացատրենք կոռուպցիոն գործընթացներով (նկատի ունենանք նաեւ, որ հանձնաժողովը նշված ծառայությանն ուղարկում է իր համապատասխան տեղեկանքները, փաստաթղթերը): Համենայնդեպս, ՍԱՊԾ-ի համար, կարծում ենք, լիովին կանխատեսելի էր, որ իր կազմած տեղեկանքը ՏՄՊՊՀ ուղարկելու դեպքում «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն կարող էր տուգանվել անբարեխիղճ մրցակցության համար:
«X ԳՐՈՒՊ»-Ի ԵՎՍ ՄԵԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՆՑԵԼ Է ՕՐԵՆՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ