Երեկ Սերժ Սարգսյանը գնացել էր Գյումրի՝ Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը մասնակցելու համար եւ մինչ Երեւան վերադառնալը մի քանի րոպեով առանձնացել է Գյումու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ու ինչ-որ հարցի վերաբերյալ կարճ զրուցել: Եւ դատելով Սերժ Սարգսյանի դիմագծերից (ունքերը կիտած, խոժոռ դեմքով)՝ կարելի է ենթադրել, թե նա գյումրեցիներին ու լրագրողներին փորձում էր ցույց տալ, որ Բալասանյանի վրա բարկացած է: Ինչպես հայտնի է՝ վաղուց Գյումրին իշխանությունների համար առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերել, քանի որ վերջին մի քանի համապետական ընտրություններում իշխանությունների համար ամենաթույլ օղակներից մեկը եղել է հենց այս քաղաքը: Իսկ երեկվա բեմականացմամբ Սերժ Սարգսյանը Գյումրիի իշխանական շրջանակներին ցանկացել է հասկացնել, որ Բալասանյանի՝ երկրորդ ժամկետը պաշտոնավարելու հարցը կասկածի տակ է: Տեղեկացնենք, որ Գյումրու քաղաքապետի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան եկող տարվա սեպտեմբերին: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդեն իսկ սկսել է դիրքավորվել՝ իր պաշտոնը ետ նվաճելու համար: Առնվազն մեկ-երկու այլ իշխանական թեկնածուներ էլ կան, որոնք դեմ չեն Բալասանյանի տեղը զբաղեցնել: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը, ցուցադրական ունքերը կիտելով, ըստ էության, ցանկանում էր «շահագրգիռ կողմերին» հասկացնել, որ նախագահականում ընդունվում են Գյումրիի ապագա քաղաքապետի թեկնածուների հայտեր: Իսկ «մրցույթի» հաղթողը կորոշվի սահմանադրական հանրաքվեի արդյունքներով:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բալասանյանն ամեն ինչ անում է` հանրաքվեի պատասխանատվությունն իր վրա չվերցնելու համար: Նա ձգտում է, որ մարզի պատասխանատու դառնա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, եւ բոլորը մարզում աշխատեն նրա ցուցումներով` կոնկրետ տարածքների համար պատասխանատվություն չկրելով:
Քաղաքական շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրության նախագծի դեմ ձեւավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը որոշակի «կապեր» ունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Վերջինս, ըստ լուրերի, նախաձեռնության անդամներին «մեսիջ» է ուղարկել, որ եթե նրանք կարողանան պատկառելի թիմ «հավաքել», որտեղ կլինեն շատ քաղաքական կուսակցություններ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, կկարողանան մարդաշատ միջոցառումներ կազմակերպել, ապա ինքը, հնարավոր է, ֆինանսապես աջակցի նախաձեռնությանը: Հակառակ դեպքում, ըստ ամենայնի, երկրորդ նախագահը որեւէ բանով չի օգնի նախաձեռնությանը: «Չեք անցկացնիի» անդամ Արշակ Մուսախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Որեւէ մեկի ականջները փնտրել մեր քաղաքացիական նախաձառնության հետեւում պետք չէ, մենք ուղղակի երիտասարդներ ենք, որոնք մտահոգված են Սահմանադրության փոփոխությունների գործընթացով, որոնք դա համարում են մարտահրավեր ու որոշել են պայքարել այդ մարտահրավերի դեմ»:
Երեկ Ադրբեջանի զինյալների հրետակոծության արդյունքում Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կանայք իրենց տանը զոհվել են՝ 41-ամյա Սոնա Ռեւազյանը եւ 90-ամյա Շուշան Ասատրյանը: Իսկ դրանից մի քանի ժամ առաջ էլ Բերդի շրջանի Պառավաքար գյուղում զոhվել էր 82-ամյա Պայծառ Աղաջանյանը: Նկատվում է, որ ԱԳ նախարարների կամ նախագահների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի սադրանքներն արդեն ավանդական բնույթ են կրում: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի գագաթնաժողովին: Եւ Ադրբեջանն այժմ արդեն խոշոր տրամաչափի հրետանիով է հայկական բնակավայրերը հրետակոծում: Այս ֆոնին առնվազն տարօրինակ է, որ ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սոցցանցի իր էջում գրել է. «Մենք կողմերին կոչ ենք անում վերջ տալ բռնություններին ու հարձակումներին»: Ստացվում է, որ գերտերությունները չեն ցանկանում տեսնել, որ Ադրբեջանը միակողմանի խախտում է հրադադարի ռեժիմը եւ ահաբեկչական գործողություններով սպանում է խաղաղ բնակիչներին:
ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է այս տարվա ութ ամիսներին պետական բյուջեի եկամուտների հավաքագրման արդյունքները, ըստ որոնց՝ նշված ժամանակահատվածում ընդհանուր եկամուտները կազմել են 740,4 մլրդ դրամ: Այս գումարի 93,7 տոկոսը, կամ նույն է թե՝ 693,7 մլրդը հարկեր եւ տուրքերից ստացված եկամուտներն են: ՀՀ պետական բյուջեի ծրագրի համաձայն՝ այս տարվա երեք եռամսյակների ընթացքում հարկեր-տուրքերից ստացված եկամուտները պետք է լինեն ոչ պակաս քան 827 մլրդ 459 մլն դրամ: Այսինքն՝ պետական բյուջեի 9 ամիսների պլանը կատարելու համար միայն սեպտեմբերին անհրաժեշտ է լինելու հավաքագրել առնվազն 133,8 մլրդ դրամ: Սա այն դեպքում, երբ պետական բյուջեի հարկեր եւ տուրքերից ամսական մուտքերը միջինը կազմում են 90 միլիարդ դրամի սահմաններում: Այսինքն՝ պետական բյուջեի պլանը միայն մեկ դեպքում կարող է կատարվել՝ գործարարների լայնածավալ եւ համընդհանուր հարկային տեռորի դեպքում:
ՉԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ
Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է քաղաքացիական հասարակության շուրջ 200 կազմակերպություն, երեկ կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաձգել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ սահմանադրության փոփոխության հանրաքվեն կարելի է անցկացնել առաջիկա համապետական ընտրություններից հետո, որպեսզի հանրության մոտ վերանան կասկածները, թե այս փոփոխությունների նպատակը գործող վարչակարգի վերարտադրությունն է:
Այն, որ սահմանադրական փոփոխություններին դեմ են հանդես գալիս անգամ արեւմտյան դոնորներից սնվող ՀԿ-ները, բավականին ուշագրավ է, քանի որ տեսակետ կա, որ Արեւմուտքը սատարում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Բացի այդ, թե՛ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները, թե՛ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում հավաստիացնելու համար, որ նոր սահմանադրությամբ արվող փոփոխություններով, խորհրդարանական կառավարման համակարգի անցմամբ, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ընդլայնմամբ, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության աստիճանի բարձրացմամբ Հայաստանն ամրագրում է եվրոպական մոդելի պետություն դառնալու իր ձգտումները: Եւ հիմա անհասկանալի է, թե ինչպես կարող են ամենայն եվրոպականի կողմնակից քաղհասարակության ներկայացուցիչ այս ՀԿ-ները ընդդիմանալ Սերժ Սարգսյանի հայտարարած այդ նպատակին:
Այս հարցի պատասխանը կարող է կապ ունենալ այն հանգամանքի հետ, որ քաղհասարակության դերը ֆորմալ առումով մշտապես կարեւորող Սերժ Սարգսյանն այս ամիսներին այդպես էլ հարկ չհամարեց սահմանադրական փոփոխությունների քննարկման նպատակով նախագահական նստավայր հրավիրել քաղհասարակության կարկառուն ներկայացուցիչներին: Ի վերջո, չէ որ նոր Սահմանադրությունը չի ընդունվելու միայն քաղաքական ուժերի կողմից, չէ որ այն հաստատվելու է հանրաքվեի միջոցով, որի ելքի վրա զգալի ազդեցություն կարող է ունենալ նաեւ հասարակական սեկտորը: Եւ բացի այդ՝ նույն Վենետիկի հանձնաժողովի` կոնսոլիդացիայի մասին հայտնի պահանջը վերաբերում էր ոչ միայն քաղաքական ուժերին, այլեւ ողջ հանրությանը եւ մասնավորապես` քաղհասարակությանը: Ուստի զարմանալի է, որ քաղաքական ուժերի հետ ֆոտոսեսիաները կարեւորող Սերժ Սարգսյանը այսպիսի անուշադրության է մատնում քաղհասարակությունը ներկայացնող կազմակերպություններին: Թեեւ գուցե պատճառն այն է, որ նա ավելի լավ, քան որեւէ մեկը, գիտի քաղհասարակության ներկայացուցիչ կազմակերպությունների իրական ազդեցության չափն ու ամենակարեւորը՝ գինը` բառիս ամենաուղիղ իմաստով, եւ առկա իրավիճակում լրացուցիչ ռեսուրսների վատնումն ուղղակի անհրաժեշտ չի համարում: