Գարուն է: Տավուշի մարզի գյուղերում մարդկանց զրույցներում գարնանացանին առնչվող հարցերից առավել քննարկվում է Ռուսաստան «խոպանի» թեման: Խոսում են այն մասին, թե գյուղերում ով է ՌԴ-ում ասֆալտապատողների կամ շինարարության բրիգադ հավաքում, երբ են մեկնելու, ինչպիսին են վճարման պայմանները: ՌԴ-ում շինարարության մեջ աշխատելու համար հայ «խոպանչիկ» բանվորին նվազագույնը ամսական 1000 դոլար են վճարում: Գործատուն հոգում է նաեւ նրա կեցության եւ սննդի ծախսերը: 6-7 ամիս ՌԴ-ում աշխատելով՝ տավուշցին խորը աշնանը կարողանում է 5-6 հազար դոլարով վերադառնալ: Աշխատած գումարի զգալի մասը, սակայն, այստեղ ծախսվում է իր բացակայությամբ ընտանիքի՝ խանութներին ունեցած պարտքերը, բանկերից ստացած վարկերը մարելու վրա: Տավուշում շատերն այլեւս հույս չեն կապում գյուղատնտեսության հետ: «Սոլյարկան» այնքան է թանկացել, որ հավասարվել է բենզինի գնին, անասնակերն էլ է թանկացել, իսկ խաղողի եւ պտղատու այգիների բուժման համար վաճառվող թունաքիմիկատները ոչ միայն թանկ, այլեւ հաճախ անորակ են: Սահմանամերձ Տավուշի բնակիչները ստիպված հույս են կապում Ռուսաստան, Ուկրաինա եւ այլ երկրներ «խոպան» գնալու հետ: Հաճախ Տավուշից հեռանում են հիմնական՝ ընտանիքներով, գույքով: Երեւանում գործող տրանսպորտային ընկերությունների հեռախոսահամարներն առկա են մարզկենտրոն Իջեւանի, մարզի քաղաքների ավտոկայարաններում, մարդաշատ վայրերում, խանութների ճակատին փակցված հայտարարություններում: Այդ ավտոբուսները եւ միկրոավտոբուսները, Երեւանից դուրս գալով, կայանում են միջպետական ճանապարհի վրա՝ Տավուշի գյուղերում: Այնտեղ էլ ՌԴ գնացողները ընտանիքով, տան գույքով, անկողիններով նստում են ավտոտրանսպորտը: Նրանց ճանապարհելու համար հավաքվում են հարազատները, հարեւանները: Հրաժեշտի տխրություն, արցունքներ, գրկախառնություններ` տխուր տեսարան է: Բագրատաշենի մաքսակետի աշխատողներն իրենց անունը չհրապարակելու պայմանով «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեցին, որ ամեն զույգ թվանշանով օր Բագրատաշենի մաքսակետով ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ՀՀ-ից հեռանում է 1000-1500 մարդ: Շաբաթվա զույգ թվով օրերին այդ մեքենաները, անցնելով Բագրատաշենի մաքսակետը, ուղեւորվում են ՌԴ, իսկ կենտ օրերին Հայաստան վերադառնում: 2012թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Այրում քաղաքում հայտարարեց, թե Տավուշում աղքատության մակարդակն ամենացածրն է ՀՀ-ում, ավելի ցածր է, քան նույնիսկ Երեւանում: Նրա ելույթի ավարտից հետո փոքրիկ քաղաքի մշակույթի տան հրապարակում, շրջապատելով Ս. Սարգսյանին, այրումցիները աշխատատեղեր էին խնդրում՝ ասելով, որ երբեմնի արդյունաբերական կենտրոն Այրումում մեծ գործազրկություն է: Հավանաբար ՀՀ ղեկավարությունը տեղյակ չէ մարզերում տիրող իրական վիճակից, քանի որ «վերեւներին» ներկայացվող մարզպետական զեկույցներում առկա խնդիրները «սրբագրվում են»: Իսկ այդ ընթացքում սահմանամերձ Տավուշից արտագաղթը շարունակվում է, ինչը ռազմավարական շատ լուրջ հիմնահարց է Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար:
Տավուշ