ՀԱՐՑ. Յուրաքանչյուր անձ գնում է եկեղեցի, մոմ վառում, աղոթում եւ դրանից հոգեւոր հանգստություն ստանում: Բայց ես միշտ ականատես եմ լինում մի տգեղ երեւույթի, երբ մոմն ամբողջությամբ դեռ չվառված` տարեց մի կին գալիս է եւ դեռ վառվող մոմերը հավաքում ու մաքրում: Արդյո՞ք դա նորմալ երեւույթ է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդտեղ ոչ մի զարհուրելի բան չկա, քանի որ Ձեր գումարը, որ արդեն իսկ մոմի համար վճարել եք, կօգտագործվի եկեղեցու կարիքների համար, իսկ մոմն էլ արդեն լուսավորեց եկեղեցին, եւ էական չէ` մոմը շուտ հանգցրին, թե այն վառվեց մինչեւ վերջ: Պետք չէ դրա մասին մտածել:
Հիշե՛ք, որ եկեղեցի այցելելիս կարեւորն Աստծո հետ հաղորդակցվելն է, աղոթելը, սբ. պատարագին մասնակցելը, հաղորդություն ստանալը: Մոմավառությամբ չսահմանափակեք Ձեր հոգեւոր կյանքը: Այն գեղեցիկ բարեպաշտական սովորույթ է, որով, սակայն, անհնար է ստանալ մեղքերի թողություն եւ, առավել եւս, հասնել հոգու փրկության:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեր Շմավոնի տեսակետի հետ անշուշտ համաձայնել է պետք, բայց հնուց ի վեր խոսակցություններ կան, որ եկեղեցու ծառայողները միտումնավոր են մոմը դեռ կիսով չափ այրված հանգցնում, որպեսզի վերամշակելիս այն որպես հումք ավելի ծավալուն լինի: