Արտառոց դեպք է գրանցվել Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Երեւան քաղաքի բնակիչ Մերի Զոհրաբյանը պատմեց, որ նշված հիվանդանոցում իր հայրիկին, 15 օր պահելով, բժիշկները դուրս են գրել` հայտնելով, թե վիճակը նորմալ է: Սակայն մի քանի օր անց Մերիի հայրիկը` Ռոլանդ Զոհրաբյանը, մահացել է:
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել հիվանդանոցներում մահվան, ինչպես նաեւ մահացածների հարազատների կողմից իրավապահներին դիմելու եւ բժիշկներին պատժելու դեպքերին: Եվ, ահա, երեկ մեր խմբագրություն ահազանգած Մերի Զոհրաբյանը պատմեց, որ ինքը եւս չի պատրաստվում լռել եւ իր նպատակը մեկն է, որ մարդիկ իմանան, թե հիվանդանոցում հայտնվելուց որ բժիշկներից զգուշանան:
Եվ այսպես, ինչ է տեղի ունեցել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մերի Զոհրաբյանը պատմեց, որ իր հայրիկին՝ Ռոլանդ Զոհրաբյանին, բարձր ջերմությամբ տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. «Հայրս մի քանի օր ջերմություն ուներ, մտածեցինք, որ ինչ-որ վիրուս է, բայց տեսնելով, որ վիճակը գնալով ավելի վատանում է, տեղափոխեցինք «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կոնտրոն: Ցերեկը՝ բավականին ուշացումով, հայրիկիս մոտ եկավ թերապիայի բաժնի վարիչ Կարինե Վլադիմիրովնան ու շատ լավ հիշում եմ. եկավ, ստուգեց հայրիկիս, իսկ հետո ասեց, թե իր մոտ միգուցե սկսվում է ստեպսիս հիվանդություն, անտիբիոտիկները հուպ տանք: Իրենք ասեցին, թե ինչ են կասկածում, բայց սկսեցին այլ հիվանդություն գտնել: Շուրջ 13 օր փորձում էին պատճառը պարզել, թե ինչու է հայրս ջերմում, ու այդպես էլ այդ 13 օրվա մեջ չկարողացան պարզել, թե ինչ խնդիր կա այդ մարդու մոտ: Խիրուրգ էին հրավիրում, արյան մասնագետ ու ասում էին՝ ոչինչ չկա»:
Ըստ Մերի Զոհրաբյանի` հիվանդանոցում գտնվելու օրերին իր հայրիկին ներարկել են շատ բարձր չափաբաժնով հակաբիոտիկներ, սակայն դրական տեղաշարժ չի նկատվում. «Ասեցին, թե անտիբիոտիկները կփոխենք: Մոտեցել եմ բժիշկներին եւ ասել եմ՝ միգուցե կատե անենք: Գիտեք՝ շատ բարեհամբյուր էին, բայց այդ ամենի մեջ է անտարբերությունը: Ավելի լավ է՝ բժիշկը ասի՝ ես անզոր եմ հասկանալ, թե ինչ խնդիր ունի Ձեր հայրիկը, ճիշտ կլինի տեղափոխեք այլ հիվանդանոց, որտեղի մասնագետները կհասկանան, քան մարդուն օրեր շարունակ պահեն հիվանդանոցում եւ որեւէ կերպ չասեն, թե ինչ խնդիր ունի նա» :
Եւ այսպես, մեր զրուցակցի խոսքով՝ իր հորը բուժող բժիշկ Արմինե Միխայելովնան շուրջ 10 օր Ռոլանդ Զոհրաբյանին հիվանդանոցում պահելուց հետո ասել է. «Կարծում եմ՝ մենք մեր գործը ավարտել ենք, Դուք տեսեք, Դուք որոշեք՝ ոնց ենք անում հետագան: Բժիշկը այս հայտարարությունը անում է այն դեպքում, երբ հայրս դեռ շարունակում է վատ վիճակում մնալ, ջերմությունը՝ բարձր, ամեն ինչ նույնը: Ահա, այսպես չիմանալով, թե հորս մոտ ինչ հիվանդություն է, ինչի՞ց է բարձրանում նրա ջերմությունը, նրան հիվանդանոցից դուրս գրեցին: Հայրիկիս բուժող բժիշկ Արմինե Միխայելովնան աշխարհի չափ դեղեր նշանակեց հայրիկիս ու ասեց՝ միգուցե մուտացիայի ենթարկված վիրուս է մոտը, դիմադրողականությունն ընկել է, չի կարողանում պայքարել»:
Մերի Զոհրաբյանի պատմելով՝ տուն գնալով՝ հոր վիճակը ավելի է վատթարացել. «Շտապ տարանք առաջին համալսարանական հիվանդանոց, որտեղ մարդիկ մի թեստ անցկացրեցին ու ասեցին, որ հայրիկիս վիճակը ծայրահեղ ծանր է, նրա արյունը թարախի մեջ է, եթե անգամ վիրահատեն, այլեւս չեն կարողանալու կյանքը փրկել: Իհարկե, մենք համաձայնեցինք, որ վիրահատեն, արեցին, բայց չկարողացան հորս կյանքը փրկել: Նա սեպտեմբերի 19-ին մահացավ: Բարձրաձայնելով այս խնդիրը՝ իմ նպատակը մեկն է՝ հորս «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում պառկած լինելու օրերին նկատեցի, որ այդ բաժնում բազմաթիվ մարդիկ էին հերթ կանգնել իրենց խնդիրներով, մարդիկ պետք է հասկանան, թե ում են դիմում: Ես չեմ հավատում իրավապահ համակարգին, դրա համար չեմ դիմել: Միայն մարդկանց կարող եմ օգնել՝ ասելով, որ այդ հիվանդանոցի թերապիայի բաժանմունք գնալով՝ արդյունքի չեն հասնի»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի հետ: Ըստ ԲԿ-ի տնօրենի՝ Ռոլանդ Զոհրաբյանը իր ղեկավարությամբ գործող հիվանդանոցից դուրս է գրվել «լավացումով». «Մենք տեղեկացել ենք, որ տանը սիրտը վատացել է, եւ տեղափոխվել է առաջին համալսարանական հիվանդանոց, որտեղ երկու կամ մեկ օր մնալուց հետո վատացել է նրա ընդհանուր վիճակը, ինչով որ եկել էր մեր հիվանդանոց: Նշեմ, որ տղամարդուն ինֆեկցիոն հիվանդանոցից են մեզ մոտ տեղափոխել»: Ըստ Արա Մինասյանի՝ առաջին հիվանդանոցում բացել են հիվանդի փորը, տեսել, որ երիկամը բորբոքված է, այն հեռացրել են, որից հետո հիվանդը մահացել է: Մահվան պատճառը դեռես հայտնի չէ:
«Հիմա մեզ մոտ տեղի ունեցածը քննարկման փուլում է՝ հասկանալու համար, որտեղ ով ինչ չի կարողացել հասկանալ, եւ ինչ անճշտություններ են եղել: Ճիշտ են ասում՝ մենք չենք ախտորոշել, որ այդ մարդու երիկամը հիվանդ է: Մենք չենք պատկերացրել, որ երիկամն է հիվանդ: Զարմանալին այն է, որ ինֆեկցիոն հիվանդանոցում եւ մեզ մոտ, եւ դեռ առաջին օրը համալսարանական հիվանդանոցում չեն կողմնորոշվել ինչ անել: Այնպես որ, հիվանդի հարազատը բողոքելու տեղ ունի, որովհետեւ հիվանդությունը չի ախտորոշվել, շատ լուրջ դեպք է, պետք է ժամանակին ախտորոշվեր, բայց բժշկությունը այդպիսին է, կարող է, ցավոք, նաեւ այդպիսի ընթացք լինել»:
Թե ինչ կտա Զոհրաբյաններին Արա Մինասյանի կողմից կազմակերպված «հետին թվով» քննարկումը, դժվար է ասել, բայց այս դեպքը եւս մեկ ահազանգ է այն մասին, որ Հայաստանի առողջապահության համակարգը «բժշկվելու» կարիք ունի: Եթե մյուս գերատեսչություններում գրանցվող սխալները շտկելի են դառնում երբեմն, այս ոլորտը անդառնալի հետեւանքներ է թողնում, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ: Եւ ցավալին այստեղ այն է, որ Հայաստանի պետական, իրավապահ համակարգերի նկատմամբ քաղաքացիների վստահությունն այն աստիճան է կորել, որ նույնիսկ ծնող կորցնելու պարագայում անիմաստ են համարում պայքարելը: Թերեւս սթափվելու ժամանակն է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՄԻԼԻՈՆՆԵՐ
«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքում բնակվող Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հերթական անգամ խուզարկություններ են կատարել Անիի բնակարանում, որը նոր հանգամանքներ է ի հայտ բերել:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին սպանել էին մոտ 58 դանակի հարվածով եւ վերջինիս բնակարանից գողացել գումար ու ոսկյա զարդեր: Ավելի ուշ հանցագործությունը կատարելու համար կալանավորվել էր «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը: Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ):
Եվ, ահա, սպանությունից մեկուկես ամիս անց «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ՝ քննիչները սպանված Անի Մաջնունյանի տանը օրեր առաջ հերթական անգամ խուզարկություն են կատարել, ինչի արդյունքում հայտնաբերել են մոտ 2000 ԱՄՆ դոլար, 1 միլիոն 400 հազար դրամ եւ բազում եվրոներ: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ այս գործով միակ վկան` Աննա Միսակյանը, իրավապահներին ցույց է տվել այն վայրը, որտեղ սպանությունից հետո վառել են արյունոտված հագուստը, ոչնչացրել հեռախոսները եւ թե որտեղից են գնել բենզինը: Փորձաքննությունները ապացուցել են Աննայի մատնանշած փաստերի իսկությունը:
Եւ մինչ իրավապահներն իրենց գործն են անում, այս օրերին «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը գրեթե բոլոր լրատվամիջոցների միջոցով հայտարարում է, որ ինքը մարդասպան չէ եւ չի սպանել Անի Մաջնունյանին: Երեկ վերջինս զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ հայտնել, որ մեր միջոցով մեկ հարց է ցանկանում ուղղել գործով միակ վկա Աննա Սիսակյանին. «Աննան այնպես է ներկայանում, որ ինքը անմեղ է, բայց ես անձամբ հարց ունեմ Աննային, եթե ինքը տեսել է՝ ես եմ սպանել, ու շատ վախեցած էր, ապա ինչպես եղավ, որ շատ վախեցած լինելով՝ նա այդ օրը գիշերը եկավ ինձ հետ եւ գիշերեց, կցանկանամ ինքը պարզաբանի»: Հուսանք՝ Աննան կպատասխանի այս հարցին, համենայնդեպս, երեկ դեռ մեզ չհաջողվեց նրան գտնել:
Բայց Մուշեղին «Ժողովուրդ»-ը հարց ուղղեց. եթե Դուք պնդում եք, որ չեք սպանել Անիին, ապա ինչո՞ւ են հենց Ձեզ կալանավորել: Ի պատասխան՝ նա ասաց. «Աննայի ցուցմունքներն են մեծ դեր խաղում, եւ երեւի վերջինը ես եմ տեսել Անիին ողջ, դրա համար»:
Այդ դեպքում ինչպե՞ս են Աննայի մոտ հայտնվել Անի Մաջնունյանի ոսկյա իրերը, մեր այս հարցին Մուշեղյանը պատասխանեց, թե դեռ պետք է ապացուցվի, որ այդ իրերը պատկանում են Անի Մաջնունյանին: Այսպիսով, իրավապահները դեռ լուրջ անելիքներ ունեն. դիմադրությունը չի թուլանում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՈՐ ԻՄԱՑԱՆ
Մոսկվայում կալանավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու ներկայացուցիչ: Ռուսաստանի քաղաքացիներ Ահմեդ Ամիրխանովին եւ Քերիմ Խաթիեւին առաջադրվել է «ապօրինի զինված խմբավորման մեջ ներգրավվելու» մեղադրանք: Նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Քննիչների պնդմամբ՝ կալանավորվածները մասնակցել են սիրիական պատերազմին:
ԿԱՍԿԱԾՈՒՄ Է
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո որեւէ դժգոհություն չի հայտնել իրավապահների աշխատանքից: Երեկ այդ մասին հայտարարել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Նա նշել է, որ ամեն անգամ ծեծի դեպքերից հետո հանրությունը լսում է ինչ-որ հայտնի մարդու անուն, որը կա՛մ շահարկվում է, կա՛մ ճշմարտացի է լինում: Դիտարկմանը` փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները չունեն կամք` պատժելու Ռուբեն Հայրապետյանին, Մհեր Սեդրակյանին, Սուրիկ Խաչատրյանին, Անդրեասյանը արձագանքել է, որ Մհեր Սեդրակյանի գործով իրենց դիմած քաղաքացու գործն իրենք ուսումնասիրել են եւ պարզել, որ լուրն անարժանահավատ եւ բանսարկու է. «Ազատամարտիկի դեպքում ես չգիտեմ` որեւէ մեկը կարո՞ղ է վստահաբար ասել, որ այդ մարդու ծեծը կազմակերպված է այս կամ այն քաղաքական գործչի կողմից»,- կասկած է հայտնել Անդրեասյանը: