Երգիչ, երգահան, «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանն այն կարծիքին է, որ այսօր լավ երաժիշտները հիմնականում լքում են երկիրը, իսկ ովքեր էլ մնում են, նրանք խիստ հայրենասեր են: Երգչի խոսքով` մեզ մոտ շատ տաղանդավոր երաժիշտներ կան, պարզապես համապատասխան պայմաններ չկան, որպեսզի արտիստներն իրենց արտիստ զգան:
-Գո՛ռ, երկրպագուները Ձեզանից ակնկալում են բացօթյա համերգ, անգամ մեծ մենահամերգ. նման ծրագրեր ունե՞ք:
-Ինքներս էլ շատ կցանկանայինք բացօթյա համերգով հանդես գալ, սակայն դեռ նման առաջարկ չենք ստացել, իսկ մեծ համերգի մասին դեռեւս չենք մտածում, այդ ուղղությամբ, համենայն դեպս, աշխատանքներ չեն տարվում: Հիմա այնպիսի գործերով ենք զբաղված, որոնք բավական ժամանակ են խլում:
-Ռոք երաժիշտների համար Հայաստանում դաշտը բաց, ազատ համարո՞ւմ եք: Նոր խոսք ասողների համար դրսեւորվելու հնարավորություն կա՞:
-Չեմ սիրում հայ երգարվեստի մասին խոսելիս տարանջատել ռոք դաշտ, փոփ դաշտ եւ մյուս հասկացությունները: Այս բոլորը մեզ մոտ մի տեսակ խառնված են, քանի որ մեր շուկան փոքր է: Իսկ երաժշտության ոլորտն ազատ է, քանի որ լավ երաժիշտները հիմնականում լքում են երկիրը, ովքեր էլ մնում են` խիստ հայրենասերներ են, թե չէ բոլորս էլ հասկանում ենք, թե երաժշտական դաշտն այսօր ինչ վիճակում է: Մեզ մոտ շատ տաղանդավոր երաժիշտներ կան, պարզապես համապատասխան պայմաններ չկան, որ արտիստներն իրենց արտիստ զգան, մենք ինքներս մեզ գնահատել չգիտենք, թե ինչ, չգիտեմ, շատ բաներ են խանգարում…
-Հիմա Դուք հիմնականում «Դորիանս» խմբի ներսո՞ւմ եք ծավալում Ձեր գործունեությունը, թե՞ անհատական կարիերայով եք զբաղված:
-Ես «Դորիանս»-ի հետ էլ եմ աշխատում, անհատական էլ եմ գործունեություն ծավալում. ստացվում է համատեղել:
-Մի առիթով նշել եք, որ եթե նախագահ լինեիք, մշակույթի նախարարին կազատեիք իր պաշտոնից, իսկ եթե Դուք լինեիք մշակույթի նախարարը, ի՞նչ կփոխեիք առաջինը հենց Ձեր ոլորտում:
-Իմ ասածն իրականում մի քիչ սխալ էր ընկալվել, այնպես էր ստացվել, որ «կպնում եմ» մշակույթի նախարարին, բայց ոչ: Բնականաբար, ես չէի լինի նախարար, քանի որ ես համապատասխան մասնագիտությունը, հմտությունները չունեմ, այս պարագայում ուղղակի երաժիշտ լինելը բավական չէ, բայց, իհարկե, ես կարող եմ իմ էնտուզիազմով ինչ-որ բան փոխել: Ցավոք, այսօր գրեթե բոլոր ոլորտների բոլոր կառույցներում ինչ-որ բան թերի է, կա՛մ աշխատողները լավ չեն աշխատում, կա՛մ նրանք, որոնց պետք է ենթարկվեն այդ աշխատողները: Այնուամենայնիվ, վերջին շրջանում մշակույթի ոլորտում դրական փոփոխություններ էլ եմ նկատում:
-Գո՛ռ, մտածե՞լ եք ազգային երաժշտության եւ ռոքի համադրության, միքսեր անելու, դրանք ժամանակակից մոտիվներով ներկայացնելու մասին:
-Եթե հանրության ականջը սովորել է Կոմիտասի, Սայաթ-Նովայի կատարումներին, դրանք վերամշակելուց հետո մարդիկ կարող են ասել` վայ, աղավաղվել է երաժշտությունը: Մյուս կողմից մենք լսում ենք, թե ինչ հետաքրքիր փոփոխություններ է անում Տիգրան Համասյանը, եւ այդ առիթով ես դժգոհություններ չեմ լսել: Համենայն դեպս, պարտադիր չէ վերամշակողի դերում լինես. մեր խումբն էլ ազգային երաժշտության էլեմենտներով երգեր ունի, մենք չենք վերամշակել, նորերն ենք գրել:
-Արտերկրում աշխատելու հրապուրիչ առաջարկներ ստացե՞լ եք:
-Առաջարկներ, այո՛, այս տարիների ընթացքում շատ են եղել:
-Հայրենասեր եք, դրա համա՞ր չեք ընդունել:
-Դա չէ հարցը. հայրենասեր կարող ես ամեն տեղ էլ լինել` քո տանն էլ, դրսում էլ, եւ հակառակը` քո տնից դուրս կարող ես լինել ազգի թշնամի, քո երկրի ներսում էլ ադրբեջանցի…
-Նախօրեին նշեցինք Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը, ի՞նչ եք կարծում` մենք` որպես անկախ պետություն, կայացե՞լ ենք:
-Ես ինքս ինձ համարում եմ անկախ մարդ, իսկ թե մեր երկիրը որքանով է անկախ, դա արդեն քաղաքական հարց է…
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԲՈՒՌՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ` ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Սեպտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով վնաս է հասցվել Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղի` վերջերս նորոգված մշակույթի տանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կրակի հետեւանքով փշրվել են մշակույթի տան առաջին եւ երկրորդ հարկերի գրեթե բոլոր պատուհանները, վնաս է հասցվել շենքի պատերին, շարքից դուրս են եկել մուտքի աստիճանները:
Մշակույթի տան սպորտի մասնագետ Հայկ Ապրիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ սա առաջին անգամը չէ, երբ իրենց շենքը ռմբակոծության է ենթարկվում. տարիներ առաջ կրակի հետեւանքով շենքի տանիքը քանդվել էր, հետո վերանորոգվեց: Ընդ որում, շենքն ընդամենը վեց ամիս առաջ էր նորոգվել անհատ անձանց աջակցությամբ: Իսկ թե հիմա ով է աջակցելու, որպեսզի գյուղի մշակույթի տունը կրկին վերանորոգվի, Հ. Ապրիկյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել` պետական հիմունքներով կարվի նորոգումը, թե հովանավորների աջակցությամբ: Համենայն դեպս, գյուղապետարանի միջոցները սուղ են, հատկապես, որ գյուղում, բացի մշակույթի տնից, ուրիշ տեղերի էլ է վնաս հասցվել»,-ասաց նա` կոչ անելով անհատներին հնարավորության դեպքում աջակցել իրենց այդ հարցում:
Հ. Ապրիկյանը մեզ պատմեց, որ մշակույթի տան ուղղությամբ սկսել են կրակել երեկոյան` 17:30-17:40-ի սահմաններում: «Նախորդ օրն էլ էին կրակել, բայց չէինք պատկերացնի, որ հետո վիճակը կսրվի: Այդ պահին, որ սկսեցին կրակել, երեխեքը դաշտում պարապմունք էին անում, երեխաներին հաջողվեց հանել, նրանց մի մասը գյուղում չէ, հարեւան գյուղերում է, իսկ խմբակների գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է»:
Սպորտի մասնագետը նշեց, որ բացի մշակութային, սպորտային ուղղվածության խմբակներից` մշակույթի տանը գործում է նաեւ գրադարան, որն ունի բազում այցելուներ. «Դրսից մարդիկ ասում են` հնարավոր չէ, որ այդ վտանգավոր տարածքում նման աշխատանքներ արվեն, բայց ես ասում եմ` եկեք, տեսեք, թե նման պայմաններում ինչ ակտիվ գործունեություն ենք ծավալում, կոնկրետ ես Հայաստանի առաջնությունում թիմեր եմ ունեցել, այնպես որ, չենք դադարում աշխատել, ամեն բան առջեւում է»,-լավատեսորեն եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՓԱՐԱՋԱՆՈՎԸ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Հայ անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի գործերն առաջին անգամ ներկայացվել են Բրյուսելում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ցուցադրությունը կազմակերպել է Պողոսյան հիմնադրամը: Փարաջանովի գործերը ներկայացվել են մեկ այլ հայ արտիստի` Սարգսի (Սարգիս Զաբունյան) գործերի հետ, ով ոգեշնչվել է հայ մեծանուն կինոռեժիսորի աշխատանքներով: Նա շեշտել է, որ ցուցադրության միջոցով փորձել է ցույց տալ երկխոսություն, զրույց իր եւ Փարաջանովի միջեւ:
Ե՛վ Փարաջանովը, ե՛ւ Սարգիսն իրենց գործերում որպես ներշնչանքի աղբյուր են դիտարկում Հայաստանը: Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ 2016 թվականի հունվարը:
«ԳՏԵԼ ԵՆ» ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻՆ
Իտալացի հետազոտողները հայտարարել են, որ իրենց, հավանաբար, հաջողվել է հայտնաբերել մի կնոջ մասունքներ, որը պատկերված է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավում: Այս մասին հայտնում է ԽՏՐՐպրտՏվՊպվՑ-ը։
Ժամանակակից տեխնոլոգիաները դեռեւս թույլ չեն տալիս հստակ որոշել՝ արդյոք հայտնաբերված մնացորդները պատկանում են Լիզա Գերարդինիին՝ ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջը, ով, ինչպես համարվում է, եղել է նկարչի բնորդուհին։
Թեեւ կնոջ ինքնությունը հայտնի չէ, շատ պատմաբաններ վստահ են, որ դա եղել է հենց Գերարդինին։ Բազմաթիվ հնագետներ սկսել են նրա մնացորդների որոնումներն այն մենաստանում, որտեղ կինն անցկացրել է իր կյանքի վերջին օրերը։
ՓԱՐԱՋԱՅՈՎ ՌՈՔ ԱՍՏՂ
42-ամյա Ժիզել Մարին, ով իսլամի հետեւորդ է ու մշտապես կրում է սեւ փարաջա, իր օրինակով կոտրում է ռոք երաժշտի վերաբերյալ բոլոր կարծրատիպերը։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Սան Պաուլու քաղաքում բնակվող Մարին ռոքի սիրահար է եւ Spectrum խմբի գլխավոր կիթառահարը։
«Մարդկանց մեծ մասն ուղղակի շոկի է մատնվում, երբ ինձ մուսուլմանների ավանդական հագուստով է տեսնում ռոք երաժշտություն նվագելիս: Երաժշտությունն ինձ համար ամեն ինչ է, եւ իմ մուսուլման լինելը չպետք է որեւէ կերպ անդրադառնա այդ փաստի վրա»,-պատմել է երաժիշտը:
Կինը նաեւ հավելել է, որ շուտով պատրաստվում է առաջին ձայնասկավառակը թողարկել: