Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Սերժ Սարգսյանի որոշմամբ «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ի բաժնետեր Գուրգեն Արսենյանը շաբաթ օրը նախագահական նստավայրում պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր համար դա անսպասելի է եղել, սակայն նաեւ հասկանալի, քանի որ այդ օրերին իրենք քրտնաջան աշխատանք են իրականացրել:
«Ժողովուրդ»-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանից փորձել է պարզել, թե ինչու նա ընդունեց Սերժ Սարգսյանի տված մեդալը` հաշվի առնելով այն փաստը, որ ընդամենն ամիսներ առաջ ԲՀԿ խմբակցությունն ամենայն անողոքությամբ անարգանքի սյունին էր գամում նույն Սերժ Սարգսյանի վարչակազմին ու նրա վարած քաղաքականությանը, բացի այդ՝ նշում, որ Սերժ Սարգսյանը նպատակ ունի Սահմանադրության փոփոխությամբ լուծել իր վերարտադրության հարցը:
-Պարո՛ն Արսենյան, հանրության համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ ի՞նչ գործունեություն եք իրականացրել, որի համար արժանացել եք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
-Ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը: Չեմ կարծում, որ այդ հարցը մանրամասնելու խնդիր ունի, ովքեր որ պարգեւատրվել են, պարգեւատրվել են ոչ թե կուսակցական պատկանելության համար, այլ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալու համար: Ոչ թե նրա համար, որ այդ մարդիկ իշխանության մաս են, իշխանության մեջ են կամ իշխանության ներկայացուցիչ են… սա այն հարցն է, որի վերաբերյալ մեր բոլորի կարծիքը, մեր բոլորի գնահատականը՝ անկախ մեր կուսակցական պատկանելիությունից, անկախ իշխանության գործունեության մասին ունեցած վերաբերմունքից, անկախ ապագայի վերաբերյալ պատկերացումներից, նույնն է: Մենք պնդում ենք, որ այն ոճրագործությունը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, դատապարտվում է, ու դրա մասին պետք է իմանա ողջ աշխարհը: Այդ ընդհանուր գնահատականի մեջ մենք նաեւ մասնակցություն ենք ցուցաբերել, որպեսզի դա ձեւակերպվի ու հասնի աշխարհին: Այստեղ չկա հանրապետական, ԲՀԿ-ական, ՄԱԿ-ի անդամ, այստեղ կան հայեր, հայ մարդիկ, սկսած Արգենտինայի ինչ-որ փոքր քաղաքից, վերջացրած ՀՀ-ի օրենսդիր մարմնի ներկայացուցիչով, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բեյրութի սփյուռքի ներկայացուցիչներով: Մենք բոլորս միակարծիք ենք որպես հայեր:
-Բայց խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս հայտարարում են, որ իրենք շատ «գործ» են արել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, սակայն երբեք չեն ընդունելու Ս. Սարգսյանի մեդալը: Դե յուրե` Դուք եւս ընդդիմադիր խմբակցության պատգամավոր եք, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի տված մեդալն ընդունեցիք, Ձեզ քննադատում են, որ ընդունել եք իշխանությունների «նվերը»:
-Քննադատությունը բոլորի իրավունքն է, ով ցանկություն ունի, կարող է քննադատել, բայց քննադատելուց առաջ ինքը պետք է հենց սկզբից իրեն մի հարց տա՝ ես ի՞նչն եմ քննադատում. Սերժ Սարգսյանը ՀՀ-ի նախագահն է եւ իր իրավասությունների շրջանակում իրավունք ունի մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրել ՀՀ ու այլ երկրների քաղաքացիներին: Ինքն էլ օգտվել է իր այդ իրավունքից ու գնահատել է մի խումբ մարդկանց կողմից իրականացված գործողությունները, որոնք ուղղված են եղել Հայոց ցեղասպանության փաստերը միջազգային հանրությանը հավուր պատշաճի ներկայացնելու նպատակով կազմակերպած միջոցառումներին: Նա իրացրել է իր իրավունքը, հիմա քննադատողի խնդիրն է, թե ինքը ինչին կամ ում կհասնի: Կարող է եւ չլիներ այս պետական պարգեւը, դա որեւէ կերպ չէր անդրադառնա այն ամենի վրա, ինչը մենք արդեն արել էինք: Սա հետեւանք է ու ոչ թե պատճառ, սա մեր արածի հետեւանքն է, որը կարող էր եւ չլինել: Մենք հո չէինք ասելու՝ ինչու մեզ պետական պարգեւ չտվեցին: Ես հաճելիորեն զարմացած եմ, ինձ համար հաճելի անակնկալ էր, ու շնորհակալ եմ, որ իմ համեստ գործողությունների ավանդը գնահատվեց պետական պարգեւով:
-Ամիսներ առաջ Դուք դեմ էիք Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների գործընթացին ու նշում էիք, որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ինչո՞ւ եք այժմ մտափոխվել:
-Սահմանադրական բարեփոխումների հետ կապված Արսենյան Գուրգենի եւ ՄԱԿ-ի դիրքորոշման փոփոխումը պատճառը չի այս պարգեւի, սրանք այլ իրադարձություններ են: Քաղաքական դիրքորոշման, քաղաքական պատկերացման փոփոխությունը որեւէ կերպ իր մեջ չի պարունակում պետական պարգեւ կամ ինչ-որ մի ձեւ շնորհակալություն հայտնելու, նվեր տալու ակնարկ, «նամյոկ»: Նման բան չկա: Մեկ տարի առաջ մեր դիրքորոշումը՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, հետեւյալն էր, որ չկա Սահմանադրական ճգնաժամ: Կար քաղաքական գործընթաց իրականացնող եռյակ, եթե չեն տեսնում, թե իրականում ինչ է տեղի ունեցել, դա արդեն իրենց խնդիրն է: Արսենյանը տեսնում է, ՄԱԿ-ը տեսնում է, որ երկրում այլ իրավիճակ է:Հեռու մնալ այդ իրադարձություններից ու կողքից խոսել, դա իրատեսական չէ, իսկ քննարկումներով մենք փորձում ենք վատ բաները հանել:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՎԵԼ Է ԵԽԽՎ ՆԻՍՏՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 28-ին մեկնարկելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը «թեժ» է լինելու հայկական պատվիրակության համար` հաշվի առնելով նաեւ սահմանային գերլարված իրավիճակը: Ինչպես եւ սպասվում էր` երեկ ադրբեջանական պատվիրակությունն իրեն խիստ ագրեսիվ է պահել, ինչին շատ կոշտ կերպով պատասխանել են հայկական պատվիրակության անդամները:
Ադրբեջանը կրկին վեհաժողովի ամբիոնը օգտագործել է հակահայկական քարոզչության համար: Մասնավորապես ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակությունը ներկայացնող Ռաֆայել Հուսեյնովը ՀՀ-ին մեղադրել է շփման գծում դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու մեջ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, հայկական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը, պատասխանելով Հուսեյնովի հայտարարությանը, նշել է, որ ՀՀ կողմից շփման գծում դիտորդական առաքելությունն իրականացվում է հավուր պատշաճի, եւ հենց Ադրբեջանն է խոչընդոտում դիտորդական առաքելության իրականացմանը: Պատգամավորը նաեւ տեղեկացրել է ԼՂ հակամարտության ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության մասին` ներկայացնելով, թե որ կողմն է նախահարձակ լինում: Վերջինս իր ելույթում շեշտել է, որ Ադրբեջանը ծանր հրետանի է օգտագործել ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ռմբակոծման նպատակով:
Վ. Բաբայանը նշել է նաեւ, որ այդ հարձակումների հետեւանքով տուժել են խաղաղ բնակիչներ, 4 հայ զինվորներ զոհվել են սահմանից 5 կմ հեռավորության վրա, իսկ դրանից մեկ օր առաջ էլ զոհվել են 3 կանայք` իրենց տան շեմին: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամը սա ցուցադրական սադրանք է որակել եւ նշել, որ այդ կերպ Ադրբեջանը եւս մեկ անգամ փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ երկրի ներսում առկա մարդու իրավունքների ոտնահարումներից:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը հորդորել է միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Ադրբեջանի սադրիչ քայլերին. «Խնդրում եմ, որ Վեհաժողովը իր ուշադրությունը սեւեռի Ադրբեջանի պահվածքին եւ միջոցներ ձեռնարկի, քանի որ ակնհայտ է, որ հենց ադրբեջանական կողմն է սադրում նոր լարվածություն սահմանին եւ ողջ պատասխանատվությունը հետագա զարգացումների համար կրելու է Ադրբեջանը: Վստահեցնում եմ, որ սա Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանք է: Կցանկանայի նշել նաեւ, որ հայկական զինուժը ի զորու է պաշտպանել մեր սահմանները, ինչը մեր բանակը բազում անգամ ապացուցել է»:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԴԱՏԱՎՈՐԻ ՌՈՒԲԼԻՆԵՐԸ
Սերգեյ Մարաբյանը ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր է նշանակվել տասը ամիս առաջ՝ անցած տարվա դեկտեմբերի 24-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնը: Ըստ նորանշանակ դատավորի՝ 2014 թվականի հայտարարագրի՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է 174 հազար դրամ: Այսինքն՝ դատախազության վարչության պետն իր ընտանիքը պահել է ընդամենը 174 հազար դրամով: Կարծում ենք՝ կարիք չկա բացատրել, որ այդքան գումարով ընտանիքը չի կարող նորմալ կենսակերպով ապրել՝ առավել եւս դատախազության պաշտոնյայի ընտանիքը: Ինչեւէ, Մարաբյանը դատավորի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է մեկ բնակարան եւ անհատական բնակելի տուն, «Kia Rio LX 1.4 L» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմել են 100 հազար ռուբլի, 10 հազար դոլար եւ 2 մլն 600 հազար դրամ: Ի դեպ, 15 հազար դոլարը եւ 100 հազար ռուսական ռուբլին նա որպես նվիրատվություն է ստացել: Հետաքրքիր է՝ ումի՞ց եւ ինչի՞ դիմաց:
ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ԷԼ ԵՆ ԿՐԱԿԵԼ
Նախօրեին Ադրբեջանին սահմանակից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել: Արդյունքում գյուղի չորս տների պատուհանները կոտրվել են: Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ տները հիմնականում տուժել են պայթուցիկների բեկորներից: «Ես անձամբ գնացել եւ բնակարանները նայել եմ: Բեկորային վնասվածքներ են ստացել, պատուհաններն են կոտրվել: Փառք Աստծո, որ տվյալ սենյակում մարդ չի եղել, այլապես այն մարդ կսպաներ, որովհետեւ բավականին շատ են եղել բեկորները: Պատկերացրեք, որ մարդիկ իրենց տան բակում ունեցել են փռված լվացք, որ կրակոցներից ցանց էին դարձել»,- պատմեց քաղաքապետը՝ հիշելով, որ նման կրակոցներ Ճամբարակում նաեւ մի քանի ամիս առաջ են հնչել: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք վնասները կփոխհատուցվեն, Ավալյանը պատասխանեց. «Եթե անհրաժեշտություն լինի, ես ինքս՝ որպես համայնքի ղեկավար, կարող եմ ֆինանսապես օգնել»:
ԱԱԾ ՆԱՄԱԿ Է ՈՒՂԱՐԿԵԼ
Երեկ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզան Մարգունուն կրկին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարգունին հայտնեց, որ գործում կան բազմաթիվ բացթողումներ, ինչի հետ կապված ինքը քննիչների հետ վիճել է: Ըստ Մարգունու՝ Վահան Մարտիրոսյանի կողմից Հայաստանը լքելու եւ Ադրբեջանում ապաստան գտնելու մասին սեպտեմբերի 19-ին ինքը նամակ է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, որի պատասխանը դեռ չի ստացել: