ԾՆՆԴԱՏՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտից ՀՀ-ում ուժի մեջ է մտել «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է բուժաշխատողների կողմից (միայն բժշկի ցուցումով) նորածիններին արհեստական կաթնախառնուրդ տալը: Եթե նախկինում բուժհիմնարկներում ծննդկանները դժվարանում էին կրծքով կերակրել, բուժաշխատողներն անմիջապես կաթնախառնուրդ էին առաջարկում: Այժմ, սակայն, դրա համար օրենքով կպատժվեն ե՛ւ ծննդատներին կաթնախառնուրդ առաջարկող ընկերությունները, ե՛ւ նրանց հետ համագործակցող բուժաշխատողները, ե՛ւ տվյալ առողջապահական կազմակերպությունները, քանի որ նորածինների մեծ մասը մեկ անգամ կաթնախառնուրդ ուտելուց հետո հրաժարվում է կրծքի կաթից:

«Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ հայտնեց այն մասին, որ չնայած ուժի մեջ մտած օրենքին՝ այսօր էլ ՀՀ որոշ ծննդատներում բուժաշխատողները մայրերին խրախուսում են նորածիններին կերակրել արհեստական կաթնախառնուրդով: ՀԿ-ի նախագահի խոսքերով՝ այս ամենը, սակայն, չի վերահսկվում պետական կառույցների կողմից: Բացի այս, կա եւս մեկ խնդիր. մեր երկրում սուպերմարկետներում, դեղատներում ազատ վաճառվում են մանկիկների համար նախատեսված այլ սնուցման միջոցներ` թեյեր, շիլաներ, պյուրեներ՝ սկսած 4 ամսականից:
«Մինչդեռ առողջապահական համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մինչեւ 6 ամսական երեխաներին կերակրել բացառապես կրծքի կաթով, որեւէ այլ սնունդ կամ հեղուկ չտալ: Մանկաբույժի խոսքով` կաթնախառնուրդների, հավելյալ կերերի պիտակների համար կան նաեւ այլ պահանջներ. դրանց վրա պետք է նշված լինեն կրծքով սնուցման առավելությունները, արհեստական սնուցման հնարավոր վտանգները, արհեստական կաթնախառնուրդների վրա պետք է գրված լինի նաեւ, որ այն ստերիլ արտադրանք չէ, եւ պետք է նշվի համապատասխան պատրաստման ձեւը: «Նաեւ պետք է նշվի, որ մնացորդ սնունդը պետք է թափել, հակառակ դեպքում, եթե մի անգամ պատրաստված սնունդը թեկուզ մեկ ժամ անց երեխային նորից է տրվում, ապա մեծանում է կաթնախառնուրդի փոշու մեջ եղած միկրոբների բազմացումը, եւ երեխան կարող է վարակվել: Իսկ եթե այն ճիշտ չէ պատրաստվում, եւ հիվանդ կամ վաղ հասակի երեխան սնվում է դրանով, ապա վարակվելու հավանականությունը շատ է բարձրանում: Վարակվելու դեպքում էլ 40 տոկոս մահաբերության վտանգ կա, որովհետեւ առաջացնում է ծանր թոքաբորբեր, մինինգիտներ եւ այլն»:
Մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ թեեւ հայկական հեռուստաալիքներով կաթնախառնուրդի գովազդն արգելված է, այնուամենայնիվ ռուսական հեռուստաալիքներով այն հեռարձակվում է, ինչն էլ ՀՀ քաղաքացիների մեծ մասին հասանելի է: «Այսօր էլ վաճառքի կետերում նկատելի են խախտումներ. մինչ այժմ պիտակները չեն համապատասխանեցվել օրենքների պահանջներին: Իսկ ՀՀ որոշ ծննդատներում շատ դեպքերում կաթնախառնուրդների անվճար տրամադրում է լինում կամ բուժաշխատողները խորհուրդ են տալիս կոնկրետ ընկերության կաթնախառնուրդը գնել, ինչն էլ կաթի վաճառքով զբաղվող ընկերության համար ձեռնտու է»,- փոխանցեց «Վստահություն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Հարությունյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այս խնդրի շուրջ ՀԿ-ն շաբաթական տասնյակ դիմումներ է ստանում մայրերից: Մասնագետի պնդմամբ՝ եթե մայրը մի ընկերության կաթնախառնուրդով է սկսում երեխային կերակրել, ապա վերջինս մոտ մեկ տարի կախվածության մեջ է ընկնում: Իսկ տվյալ ընկերության կաթնախառնուրդը մեկ ուրիշով փոխարինելը դառնում է ռիսկային. «Այսպես ավելանում է արհեստական կաթնախառնուրդով սնվող երեխաների քանակը, կրծքով սնուցման ցուցանիշներն իջնում են, երեխաների առողջությունը տուժում է, հիվանդացությունը եւ մահացածությունը բարձրանում է, իսկ այդ ամենի հաշվին ընկերությունները ստանում են շահույթ, որն էլ, իհարկե, փոքր-ինչ կիսում են այն բժշկի հետ, ով խրախուսել էր իր արտադրանքի վաճառքը: Դա կարող է լինել ուղղակի դրամ տրամադրելու միջոցով, բժշկին կոնֆերանս ուղարկելու, բժշկական խալաթներ, նվերներ տալու միջոցով»:
«Ընտանիքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Եփրեմյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա ընթացքում ՀԿ-ն հասցրել է 14 դիմում ստանալ այն մասին, որ բուժաշխատողներն առանց ծնողին զգուշացնելու կաթնախառնուրդով են կերակրել նրանց նորածիններին եւ խորհուրդ տվել այն հետագայում օգտագործել. «Այստեղ ոչ միայն ոտնահարվում է երեխայի իրավունքը կրծքով սնուցվելու, այլեւ բուժաշխատողն իր պարտականությունները չի կատարում: Ի դեպ, ծննդատներում լինում են դեպքեր նաեւ, երբ բուժաշխատողը նույնիսկ արհեստական կաթնախառնուրդ ձեռք բերելու համար զեղչային քարտեր է տրամադրում: Մեր ՀԿ-ն առայժմ նման ահազանգեր ստացել է «Սեբաստիա» ծննդատան մասով»,- նշեց ՀԿ-ի նախագահը:
Եվ մինչ հասարակական կազմակերպությունները ահազանգում են առկա վիճակից բազմաթիվ ծնողների բողոքների մասին, ՀՀ առողջապահության նախարարությունում մտահոգված չեն. ՀՀ ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանի խոսքերով՝ այս խնդրի շուրջ ԱՆ-ն որեւէ ահազանգ չի ստացել. «Օրենքն արգելում է կաթնախառնուրդ արտադրող, ներմուծող ընկերություններին ծննդատներում գովազդել այդ ապրանքն ու անվճար բաժանել: Նախկինում էլ նման արգելք կար, սակայն պատժիչ մեխանիզմ չկար: Այսօր արդեն օրենքով սահմանված են այն տույժ ու տուգանքները, որոնց կենթարկվեն օրենքը խախտողները»,- վստահ է ԱՆ բաժնի պետը:
Հ.Գ. Նշենք, որ վարչական իրավախախտումների մասին օրենքով մանկական սնունդ արտադրողների եւ բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում՝ լինի դա նմուշ, նվեր, բուժաշխատողի կողմից առողջապահության կազմակերպողի ղեկավարությանը չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԱՐՏՈՖԻԼՆ ԷԼԻ ԿԹԱՆԿԱՆԱ
Տեղական շուկայում կարտոֆիլի գինը շարունակում է բարձր մնալ: Երեւանյան սուպերմարկետներում, բանջարեղենի խանութներում այսօր 1 կիլոգրամը վաճառվում է 250-300 դրամով, մինչդեռ նախորդ տարի այն արժեր 220-230 դրամ:
ՀՀ ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի կանխատեսմամբ՝ առաջիկա ամիսներին կարտոֆիլի գինը կբարձրանա եւս 10-15 տոկոսով: Եվ չնայած դրան, Բերբերյանը գտնում է, որ կարտոֆիլի բարձր գնից քաղաքացիների բողոքները տեղին չեն. «Այսօր կարտոֆիլի գինը հացի գնից երկու անգամ էժան է: Մեզ մոտ հաճախ ազգաբնակչությունը դժգոհում է, թե ինչու է թանկացել կարտոֆիլը, բայց չէ որ նույն ֆերմերը, ով զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ մեծ ծախսեր է անում, դիզվառելիքի գումար է ծախսում եւ այլն»:
Այնուամենայնիվ, որն է կարտոֆիլի գնի թանկացման պատճառը: Այս հարցին ի պատասխան՝ Բերբերյանն ասաց. «Եկավ մի ժամանակաշրջան, երբ Արարատյան հարթավայրում կարտոֆիլը վերջացավ, իսկ Շիրակի մարզում դեռ չէր սկսել դրա իրացումը, եւ հենց այդ ընթացքում ով կարտոֆիլ ուներ, առիթից օգտվելով, այն վաճառքի հանեց՝ շահույթ ապահովելով: Իհարկե, դա տգեղ է, բայց այսօր կարտոֆիլի շուկան կայուն է: Մենք ինքնաբավ ենք, կանք, եղել ենք ու կլինենք՝ արտահանման միտումով»,- ներկայացրեց մասնագետը:
Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.3 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, ոչ ոգելից խմիչքի, բանջարեղենի եւ կարտոֆիլի 0.3-11.8 տոկոս գնաճով:
Ըստ ԱՎԾ-ի՝ բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 15.2, իսկ այս տարվա հուլիսի համեմատ` 11.8 տոկոս գնաճ: Մայրաքաղաք Երեւանում բանջարեղենի եւ կարտոֆիլի գները, նախորդ ամսվա համեմատ, 13.1 տոկոսով են աճել:
Իսկ, ահա, նախորդ տարվա մեջ կարտոֆիլի` անմիջապես արտադրողի կողմից իրացվող միջին գինը կազմել է 160 դրամ: Ուշագրավ է, որ ԱՎԾ-ի տվյալներով՝ նախորդ տարի Հայաստանում կարտոֆիլի եւ բանջարաբոստանային մշակաբույսերի իրացման ընդհանուր գինը 4.3 տոկոսով նվազել է: Կոնկրետ էժանացում արձանագրվել է մասնավորապես Լոռու, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերում: Բանն այն է, որ այս մարզերում գյուղացիների հիմնական եկամտի աղբյուրը ոչ թե կարտոֆիլն է, այլ բանջարաբոստանային կուլտուրաները, ուստի բանջարեղենի էժանացումը հանգեցրել է ընդհանուր վաճառված գյուղմթերքի իրացման գների անկման: Մինչդեռ Գեղարքունիքի մարզում իրացման գները աճել են 63.1 տոկոսով: Այստեղ էլ թանկացումը պայմանավորված է հատկապես կարտոֆիլի գնի բարձրացմամբ, քանի որ այստեղ էլ գյուղացիների հիմնական եկամտի աղբյուրը հենց այդ մշակաբույսն է:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՈՍՏԻԿԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼ Է
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Տավուշի մարզկենտրոնում միջադեպ է տեղի ունեցել: 1992թ. ծնված իջեւանցի երիտասարդը անսթափ վիճակում խախտել է հասարակական կարգը: Երբ ոստիկանը փորձել է նրան կարգի հրավիրել, երիտասարդը հայհոյել է օրենքի պահապանին, հարվածել նրան: Իջեւանի իրավապահներից տեղեկացանք, որ ոստիկանի հանդեպ բռնություն գործադրած երիտասարդը ձերբակալված է: Ներկայումս իջեւանցու նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Ըստ ամենայնի, առաջիկայում օրինախախտ երիտասարդին առաջադրված մեղադրանքը կփոխվի. նրան մեղադրանք կառաջադրվի 316 հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Սույն քրեական հոդվածը նախատեսում է 5-10 տարի ազատազրկում:

 

ԲԵՐԴԱՎԱՆԻ ԽԱՂՈՂԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ
Սեպտեմբերի 23-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց, որ Բերդավանի գինու գործարանն այս տարի խաղող չի ընդունում: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը գյուղապետին վստահեցրեց, որ կգտնեն խնդրի լուծումը, եւ բերդավանցիները կհանձնեն իրենց աճեցրած խաղողը: Սեպտեմբերի 24-ին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելեց Բերդավան, որտեղ քննարկեց խաղողի մթերման, ընդունման գնի հետ կապված հարցերը: Նույն օրը՝ Ժամը 17-ի սահմաններում, սկսվեց Բերդավանի հրետակոծությունը: Մեր տեղեկություններով՝ բերդավանցիները գյուղնախարարին ասել են, որ իր կյանքի ապահովության համար նա լավ կանի` հեռանա սահմանամերձ գյուղից: Սեպտեմբերի 28-ին Արարատ Գաբրիելյանից տեղեկացանք, որ օրվա երկրորդ կեսին գյուղ են այցելելու Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի գինու, կոնյակի գործարանի աշխատակիցները, որպեսզի Բերդավանի գինու գործարանում կազմակերպեն խաղողի մթերումը: Նշենք, որ նախորդ տարիներին նման փորձ եղել է. Ծառուկյանին պատկանող գործարանի աշխատակիցները Բերդավանի գինու գործարանում խաղող են ընդունել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս