«Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին խոսվում էր մինչ պրեմիերան, խոսակցությունները շարունակվում են նաեւ էկրան բարձրանալուց հետո: Ու քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը հաշվի է առնում ցանկացած ընթերցողի կարծիք, մեր սկզբունքին հավատարիմ մնալով` ներկայացնում ենք օրեր առաջ մեր խմբագրություն այցելած մի քանի ընթերցողների տպավորություններն ու գնահատականներն այդ ֆիլմի մասին:
ԵՊՀ ուսանողուհի Քնարը նշեց, որ մինչ ֆիլմը դիտելն ինքը տարբեր կարծիքներ էր լսել: Իրեն՝ որպես երիտասարդ սերնդի ներկայացուցչի, ֆիլմը դուր է եկել միայն այն պատճառով, որ այնտեղ կային հայրենասիրություն ու հայրենիքի նկատմամբ սեր քարոզող որոշ դրվագներ, ինչը, ցավոք, մերօրյա հեռուստատեսությամբ տեսնել չես կարող:
-Ասեմ նաեւ, որ առիթ եմ ունեցել շփվել Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանի հետ, որն իր նկատմամբ հակակրանք է առաջացրել, տվյալ դերասանի նկատմամբ վերաբերմունքս չփոխվեց: Ես նրան հիշում եմ որպես հեռուստատեսությունում հանդես եկող վատ կերպար: Չհասկացա նաեւ, թե ինչ սկզբունքով էին ընտրել դերասաններին, օրինակ` Նազենի Հովհաննիսյանի դերն ընդհանրապես տեղին չէր: Պետք չէր, էլի՛, եկե՛ք վերջ տանք Խորեն Լեւոնյանին եւ Նազենի Հովհաննիսյանին մեր ֆիլմերում մշտապես տեսնելու «ավանդույթին»: Լավ, մենք Նազենիից էն կողմ ուրիշ դերասանուհիներ չունե՞նք: Բազմիցս գնացել եմ համազգային թատրոն, տեսե՛ք՝ ինչ հետաքրքիր ու տաղանդավոր երիտասարդներ կան: Վերջիվերջո, Շանթ Հովհաննիսյանն իր կերպարով ցույց տվեց, որ ունենք տաղանդավոր մարդիկ, բերե՛ք նորերին, լավ կերպարնե՛ր ստեղծեք, թող երիտասարդությունն էլ հասկանա` հայրենիքը որտեղից է սկսվում, որտեղ ավարտվում:
Երբ դիտարկում եմ գործը որպես գեղարվեստական ֆիլմ, սյուժեն անհասկանալի է թվում: Լավ, ասենք, ես եմ ու չգիտեմ՝ ով է Նժդեհը, ֆիլմը դիտելուց հետո էլ չեմ հասկանա, հավատացե՛ք, նրա կերպարը չբացահայտվեց: Եթե օտարերկրացին նայեր, շատ քիչ բան կհասկանար` ո՛չ Նժդեհին կճանաչեր, ո՛չ մեր ազգի մասին կարծիք կկազմեր: Ես սյուժե չտեսա, ուղղակի մենք՝ հայերս, գիտենք, թե Նժդեհն ով է, դրա համար քիչ թե շատ պատկերացնում էինք՝ ինչն ինչոց է: Բայց չէ՞ որ այդ մարդը հայրենիքի համար շատ բան է արել: Իսկ ո՞ւր է այդ ամենը, չի բացատրվում, կիսատ կտորներ են իրար կպցրած, սյուժե չկա: Ո՛չ սկզբից հասկացա, ո՛չ վերջից: Մինչեւ հիմա էլ ինձ անհայտ մնաց՝ ինչ եղավ ֆիլմի վերջում, անորոշ ավարտ: Ֆիլմը պետք է դաստիարակչական բնույթ կրի, բայց ի՞նչ դաստիարակեց…
Միջին տարիքի գործազուրկ Դավիթն էլ շատ ոգեւորված պատմեց մեզ Գարեգին Նժդեհի մասին՝ նկատելով, որ նա հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչներից մեկն է, նրա գաղափարներն ու ծրագրերը շատ ծայրահեղական են եղել` դրանով իսկ կա՛մ շատ ընդունելի, կա՛մ մերժելի:
-Իշխող կուսակցությունն արդեն քանի տարի է՝ վերցրել է այդ գաղափարախոսությունն ու Նժդեհի դրոշի տակ թալանում է երկիրը: Որպես անձ՝ Նժդեհը եղել է շատ սկզբունքային հայ, մեծ ռազմական գործիչ` օժտված կամային հատկանիշներով: Նժդեհի շնորհիվ է, որ Զանգեզուրը պատկանում է Հայաստանին: Շատ մեծ ոգով ու հավատով իր զորախմբերով կարողացել է հասնել իր նպատակին:
Ցեղակրոն ազգայնական շարժման հայկական տարբերակի հիմնադիրն է: Ինքը երբեք ցեղակրոնությունը ֆաշիզմ չի համարել, իսկ 30-ականներին ստեղծել է «Ցեղակրոն ուխտեր» խմբերը: Նժդեհի գործն ու գաղափարներն ուղղակի քննարկման ենթակա չեն: Նրա մասին անվերջ կարող եմ խոսել, բայց երեւի թե այսքանով սահմանափակվենք: Կասեմ միայն, որ խորհրդային տարիներին Նժդեհը համարվել է ժողովրդի թշնամի, ձերբակալվել է ռուսական իշխանությունների կողմից ու մահացել Վլադիմիր քաղաքի բանտում:
Գյուղակադեմիայի շրջանավարտ, Պետրոս անունով երիտասարդը, որը բոլորովին չէր հավանել «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, ընդգծեց, որ չիմանալով պատմությունն ու Նժդեհի կատարած գործերը՝ ֆիլմից ոչինչ չէր հասկանա:
-Սցենարը փոխկապակցված չէր, ամբողջ ֆիլմի ընթացքում Նժդեհն ասում էր՝ ես շատ հայրենասեր մարդ եմ: Ախր ոչ մի հայրենասեր երբեք իր մասին այդպես չէր խոսի: Ֆիլմում ռեժիսուրա չտեսա, ամեն ռեժիսոր էլ կարող է Նժդեհի մասին ֆիլմ նկարել, այլ բան է՝ լավ կնկարի, թե վատ: Այս մեկը շատ վատ է նկարել: Ո՛չ դերասանական խաղ կար, ո՛չ էմոցիա, ո՛չ ապրումներ, ո՛չ էլ հուզիչ տեսարաններ: Շանթ Հովհաննիսյանի խաղը շատ լավն էր, գոնե միմիկայի միջոցով ապրումներ էր փոխանցում, մյուսի մասին կլռեմ…
Ֆիլմում մենք տեսնում ենք, որ Նժդեհին ձերբակալել են, թե ինչի են ձերբակալել, որ մեղքի համար, անհասկանալի է: Սյուժե չկա, կապ չկա, անցումները սահուն չեն: Ֆիլմում չկա գրաֆիկա, էֆեկտներ: Հետո էլ ի՞նչ իմաստ ուներ Նժդեհին ներկայացնել որպես չստացված ընտանիքի հայր: Չես հասկանում՝ երբ ծնվեց նրա դուստրը, հետո ինչպես առաջին կնոջից բաժանվեց, մյուսի հետ ամուսնացավ, երեխա որդեգրեց… Էժանացրել էին ամեն ինչ: Վստահ եմ, որ 7 միլիոն դոլար այդ ֆիլմի վրա չէր ծախսվել:
Իսկ միակ լավ բանն այն էր, որ երիտասարդների մի մասը, որը գիտեր միայն, որ կա Նժդեհի անվան հրապարակ ու մետրոյի կայարան, գոնե կիմանա, որ մենք նման մեծություն ենք ունեցել:
ՆԺԴԵՀԻ ԿԵՐՊԱՐԸ ՄՆԱՑ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ