Ծննդատներում օրենքով արգելված եղանակով կաթնախառնո՞ւրդ են առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտից ՀՀ-ում ուժի մեջ է մտել «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է բուժաշխատողների կողմից (միայն բժշկի ցուցումով) նորածիններին արհեստական կաթնախառնուրդ տալը: Եթե նախկինում բուժհիմնարկներում ծննդկանները դժվարանում էին կրծքով կերակրել, բուժաշխատողներն անմիջապես կաթնախառնուրդ էին առաջարկում: Այժմ, սակայն, դրա համար օրենքով կպատժվեն ե՛ւ ծննդատներին կաթնախառնուրդ առաջարկող ընկերությունները, ե՛ւ նրանց հետ համագործակցող բուժաշխատողները, ե՛ւ տվյալ առողջապահական կազմակերպությունները, քանի որ նորածինների մեծ մասը մեկ անգամ կաթնախառնուրդ ուտելուց հետո հրաժարվում է կրծքի կաթից:

«Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ հայտնեց այն մասին, որ չնայած ուժի մեջ մտած օրենքին՝ այսօր էլ ՀՀ որոշ ծննդատներում բուժաշխատողները մայրերին խրախուսում են նորածիններին կերակրել արհեստական կաթնախառնուրդով: ՀԿ-ի նախագահի խոսքերով՝ այս ամենը, սակայն, չի վերահսկվում պետական կառույցների կողմից: Բացի այս, կա եւս մեկ խնդիր. մեր երկրում սուպերմարկետներում, դեղատներում ազատ վաճառվում են մանկիկների համար նախատեսված այլ սնուցման միջոցներ` թեյեր, շիլաներ, պյուրեներ՝ սկսած 4 ամսականից: «Մինչդեռ առողջապահական համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մինչեւ 6 ամսական երեխաներին կերակրել բացառապես կրծքի կաթով, որեւէ այլ սնունդ կամ հեղուկ չտալ:

Մանկաբույժի խոսքով` կաթնախառնուրդների, հավելյալ կերերի պիտակների համար կան նաեւ այլ պահանջներ. դրանց վրա պետք է նշված լինեն կրծքով սնուցման առավելությունները, արհեստական սնուցման հնարավոր վտանգները, արհեստական կաթնախառնուրդների վրա պետք է գրված լինի նաեւ, որ այն ստերիլ արտադրանք չէ, եւ պետք է նշվի համապատասխան պատրաստման ձեւը: «Նաեւ պետք է նշվի, որ մնացորդ սնունդը պետք է թափել, հակառակ դեպքում, եթե մի անգամ պատրաստված սնունդը թեկուզ մեկ ժամ անց երեխային նորից է տրվում, ապա մեծանում է կաթնախառնուրդի փոշու մեջ եղած միկրոբների բազմացումը, եւ երեխան կարող է վարակվել: Իսկ եթե այն ճիշտ չէ պատրաստվում, եւ հիվանդ կամ վաղ հասակի երեխան սնվում է դրանով, ապա վարակվելու հավանականությունը շատ է բարձրանում: Վարակվելու դեպքում էլ 40 տոկոս մահաբերության վտանգ կա, որովհետեւ առաջացնում է ծանր թոքաբորբեր, մինինգիտներ եւ այլն»:

Մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ թեեւ հայկական հեռուստաալիքներով կաթնախառնուրդի գովազդն արգելված է, այնուամենայնիվ ռուսական հեռուստաալիքներով այն հեռարձակվում է, ինչն էլ ՀՀ քաղաքացիների մեծ մասին հասանելի է: «Այսօր էլ վաճառքի կետերում նկատելի են խախտումներ. մինչ այժմ պիտակները չեն համապատասխանեցվել օրենքների պահանջներին: Իսկ ՀՀ որոշ ծննդատներում շատ դեպքերում կաթնախառնուրդների անվճար տրամադրում է լինում կամ բուժաշխատողները խորհուրդ են տալիս կոնկրետ ընկերության կաթնախառնուրդը գնել, ինչն էլ կաթի վաճառքով զբաղվող ընկերության համար ձեռնտու է»,- փոխանցեց «Վստահություն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Հարությունյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս խնդրի շուրջ ՀԿ-ն շաբաթական տասնյակ դիմումներ է ստանում մայրերից: Մասնագետի պնդմամբ՝ եթե մայրը մի ընկերության կաթնախառնուրդով է սկսում երեխային կերակրել, ապա վերջինս մոտ մեկ տարի կախվածության մեջ է ընկնում: Իսկ տվյալ ընկերության կաթնախառնուրդը մեկ ուրիշով փոխարինելը դառնում է ռիսկային. «Այսպես ավելանում է արհեստական կաթնախառնուրդով սնվող երեխաների քանակը, կրծքով սնուցման ցուցանիշներն իջնում են, երեխաների առողջությունը տուժում է, հիվանդացությունը եւ մահացածությունը բարձրանում է, իսկ այդ ամենի հաշվին ընկերությունները ստանում են շահույթ, որն էլ, իհարկե, փոքր-ինչ կիսում են այն բժշկի հետ, ով խրախուսել էր իր արտադրանքի վաճառքը: Դա կարող է լինել ուղղակի դրամ տրամադրելու միջոցով, բժշկին կոնֆերանս ուղարկելու, բժշկական խալաթներ, նվերներ տալու միջոցով»:

«Ընտանիքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Եփրեմյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա ընթացքում ՀԿ-ն հասցրել է 14 դիմում ստանալ այն մասին, որ բուժաշխատողներն առանց ծնողին զգուշացնելու կաթնախառնուրդով են կերակրել նրանց նորածիններին եւ խորհուրդ տվել այն հետագայում օգտագործել. «Այստեղ ոչ միայն ոտնահարվում է երեխայի իրավունքը կրծքով սնուցվելու, այլեւ բուժաշխատողն իր պարտականությունները չի կատարում: Ի դեպ, ծննդատներում լինում են դեպքեր նաեւ, երբ բուժաշխատողը նույնիսկ արհեստական կաթնախառնուրդ ձեռք բերելու համար զեղչային քարտեր է տրամադրում: Մեր ՀԿ-ն առայժմ նման ահազանգեր ստացել է «Սեբաստիա» ծննդատան մասով»,- նշեց ՀԿ-ի նախագահը:

Եվ մինչ հասարակական կազմակերպությունները ահազանգում են առկա վիճակից բազմաթիվ ծնողների բողոքների մասին, ՀՀ առողջապահության նախարարությունում մտահոգված չեն. ՀՀ ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանի խոսքերով՝ այս խնդրի շուրջ ԱՆ-ն որեւէ ահազանգ չի ստացել. «Օրենքն արգելում է կաթնախառնուրդ արտադրող, ներմուծող ընկերություններին ծննդատներում գովազդել այդ ապրանքն ու անվճար բաժանել: Նախկինում էլ նման արգելք կար, սակայն պատժիչ մեխանիզմ չկար: Այսօր արդեն օրենքով սահմանված են այն տույժ ու տուգանքները, որոնց կենթարկվեն օրենքը խախտողները»,- վստահ է ԱՆ բաժնի պետը:

Հ.Գ. Նշենք, որ վարչական իրավախախտումների մասին օրենքով մանկական սնունդ արտադրողների եւ բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում՝ լինի դա նմուշ, նվեր, բուժաշխատողի կողմից առողջապահության կազմակերպողի ղեկավարությանը չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

Վերջում ներկայացնում ենք առողջապահության նախարարության պարզաբանումը.

«ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է Ձեր թերթի կողմից բարձրացված հարցը և աշխատանքներ է տանում  հոդվածում նշված արատավոր երևույթի դեմ:

«Երե­խա­ներին կրծքով սնուցման խրախուսման և ման­կա­կան սննդի շրջանա­ռու­թյան մասին» ՀՕ-177-Ն ՀՀ օրենքը և «Վարչական իրա­վա­խախ­­տում­նե­րի վերա­բեր­յալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատա­րե­լու մասին» ՀՕ-182-Ն ՀՀ օրենքը ուղարկվել է ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան և ծննդօգնություն և երեխայի խնամք և հսկողություն իրականացնող բուժհաստատությունների ղեկավարներին, առաջարկելով հատուկ ուշադրություն դարձնել վաղ հասակի երեխաների բարեհաջող սնուցման կազմակերպման սկզբունքներին, Օրենքի դրույթներին հետևելու  անհրաժեշտությանը և բացառել վերջինիս պահանջները խախտելու դեպքերը:

Այդ մասին լրացուցիչ նախազգուշացվել են ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների տնօրենները` ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015թ. սեպտեմբերի 25-ի N2610 հրամանի, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի, ծննդօգնության ոլորտում աշխատող մասնագետների, պետական առողջապահական տեսչության, պետական առողջապահական գործակալության և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետներից կազմված խմբերի կողմից սույն թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կիրականացվի մոնիտորինգ հանրապետության ծննդօգնության բոլոր հաստատություններում, որտեղ այլ հարցերի հետ մեկտեղ կուսումնասիրվեն նշված Օրենքի կիրարկման ընթացքը և առկա խնդիրները: Ուսումնասիրության արդյունքներին համապատասխան կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ»։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս