Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ը դժգոհություններ է ստանում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Գրիգորիս Օտյանի գործունեության կապակցությամբ: Մեզ դիմած քաղաքացիների ներկայացմամբ` Օտյանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը եւ յուրացնում է կառույցին պետական բյուջեից հատկացվող դրամական միջոցները:
«ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Գրիգորիս Օտյանը նախկինում կատարել է մի շարք քրեական տարրեր պարունակող հակաօրինական գործողություններ. նա պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով նշված կառույցին պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները յուրացրել է: Ավելին՝ ոչ ծառայողական նպատակներով օգտագործել է նյութատեխնիկական, տրանսպորտային միջոցները: Եւ Օտյանը յուրացված գումարներով վերանորոգել է իր աշխատասենյակը, ընդունարանը, հաշվապահությունը, ընդհուպ աշխատողներին ազատելով իրենց աշխատասենյակներից՝ մեծացրել է իր հանգստի սենյակը՝ այնտեղ ապահովելով հատուկ լոգասենյակ եւ սանհանգույց»,- պատմեցին «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային կառույցի աշխատակիցները:
«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները հայտնեցին, որ Օտյանը տարիներ շարունակ թվով 100-ից ավել աշխատակիցներից՝ «իր կողմից հայեցողական կարգով տարվա մեջ 2 ամիս խաբեությամբ ստիպել է գրել վճարովի արձակուրդի դիմում՝ յուրացնելով առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, որը սակայն չի վերաբերել իրեն եւ իր մերձավոր շրջապատին»:
Օտյանի գործելաոճից դժգոհողները նշեցին նաեւ, որ երկար տարիներ սեփական նախաձեռնությամբ Օտյանն իրեն նշանակել է բարձր աշխատավարձ, ավելին՝ իր ենթակա եւ մտերիմ մարդկանց հիշյալ կառույցում ապահովել է մեկ եւ ավելի հաստիքներով. «Բազմաթիվ հայտնի եւ անհայտ ֆինանսական չարաշահումներից բացի՝ նա յուրացրել է «Յունիսեֆ» ֆիրմային դեղորայքային սառնարաններից մեկը՝ մոտ 1 մլն դրամի արժողությամբ: Նա իր քարտուղարուհուն՝ Նարինե Պեպանյանին, նախկինում ապահովել է մի քանի հաստիքներով: Վերջինիս ընտանիքի անդամներին եւս, որոնք 9 տարի եւ ավել չեն ներկայանում աշխատանքի, ինչը շարուկվում է նաեւ այսօր»,- ներկայացրեցին մարզային կառույցի աշխատակիցները:
Ըստ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային կառույցի աշխատակիցների՝ բոլոր հարցերը լուծվում են բացառապես քարտուղարուհու մակարդակով, որը սեփական նախաձեռնությամբ տնօրինում է ամբողջ աշխատանքը՝ ողջ նյութատեխնիկական բազան կենտրոնացնելով իր ձեռքում, խոչընդոտելով մյուսների աշխատանքին, մշտապես ստեղծելով լարվածություն. մասնավորապես տեխնիկապես հագեցված իր ընդունարանում չի թույլատրում օգտվել անհրաժեշտ տեխնիկայից, չի տրամադրում թուղթ եւ գրենական պիտույքներ՝ հայտարարելով, որ «իր պետը իր համար է ստեղծել նման հնարավորություններ»: «Չի պատասխանում քաղաքային հեռախոսազանգերին՝ հանձնարարելով ի պաշտոնե իրենից բարձր աշխատողներին պատասխանել, այնուհետեւ միացնել իր հետ: Իսկ Օտյանը բառացիորեն չի հասկանում եւ չի տիրապետում իր պաշտոնի համար նախատեսված պարտականություններին, անհրաժեշտ գիտելիքներին եւ փաստաթղթավորված աշխատանքների կատարումը վերապահում է իր քարտուղարուհուն, ինչի արդյունքում էլ մշտապես կատարվում է թերի եւ ոչ գրագետ աշխատանք»,- ավելացրեցին դժգոհող աշխատակիցները:
Նրանց պնդմամբ՝ կառույցում այսօր շարունակվում է ֆինանսական միջոցների յուրացումը հետեւյալ դրսեւորումներով՝ «կեղծ հաշիվ ֆակտուրաների կազմում, տասնյակ հավելյալ հաստիքների առկայություն, ծառայողական մեքենաների ոչ նպատակային օգտագործում, վառելիքի եւ ամբողջ նյութատեխնիկական բազայի օգտագործում»:
Ի դեպ, աշխատակիցները փոխանցեցին նաեւ, որ Օտյանը աշխատանքի է ներկայանում ոչ սթափ վիճակում, բացի այդ՝ իր հանգստի սենյակում պարբերաբար գինարբուքներ է կազմակերպում: Իսկ իր միակ գործառույթը համարում է տեսախցիկներով աշխատողներին հետեւելը եւ նրանց նկատմամբ անձնական արժանապատվությունը նվաստացնող սպառնալիքներով խոսելը:
Իր հասցեին ներկայացված մեղադրանքների եւ բողոքների վերաբերյալ մարզային կառույցի ղեկավարի տեսակետը պարզելու նպատակով «Ժողովուրդը» զրուցեց հենց իր` Գրիգորիս Օտյանի հետ: Պարզվեց, որ նա այս դժգոհություններին այդքան էլ լուրջ չի վերաբերվում. «Սիրտս վիրահատված է, չեմ կարող ոչ սթափ վիճակում ներկայանալ կամ գինարբուքներ կազմակերպել: Մեզ մոտ մի աշխատող կար, ազատվեց աշխատանքից, կարծում եմ, որ նա է այս ամենը կազմակերպում»,- ենթադրեց Օտյանը: Իսկ պետական միջոցները յուրացնելու մեղադրանքների հետ կապված էլ հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցում գումար յուրացնելն անհնար է: «Անհնար է ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ տեխնիկապես, մի բան պետք է լինի, չէ՞, որ հափշտակես: Մենք ֆինանսավորում չունենք, որ յուրացնենք, որ ցանկանանք էլ, չենք կարող դա անել: Իրավաբանական անձի կարգավիճակ էլ չունեմ, հաշվեհամար եւս»,- արդարացավ Օտյանը:
Իսկ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Նունե Բակունցն էլ, լսելով Կոտայքի մարզային կառույցի աշխատակիցների բողոքների մասին, հայտարարեց. «Մեր մասնաճյուղերը ֆինանսական որեւէ գործառույթ չեն իրականացնում: Ինքը ոչ մի կապ չունի գումարի հետ»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
«Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: «Երբեք մի ասա երբեք»,-համապատասխան հարցին պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը եւ պարզաբանել, որ այժմ երկիրը կենտրոնացած է Եվրասիական բլոկի երկրների հետ երկկողմ հարաբերությունների բարելավման վրա: Ավելի վաղ Ղազախստանի նախագահը հայտնել էր, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտարկում են ԵՏՄ անդամակցության հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել միության հետ առեւտրային համաձայնագիր կնքել: ԵՏՄ-ն միավորում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: