Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը շարունակում է իր աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ Ճարտարապետների միության աջակցությամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մեկնարկած Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը շարունակեց իր աշխատանքը:

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկ անգամ ևս շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնեց հրավերն ըմդունելու համար: Նա մասնավորապես նշեց. «Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը գումարվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարում և առաջին խնդրանքս է, որ առավել պատասխանատվությամբ ստանձնեք մեր մշակութային հարուստ ժառանգության կրողի պատվաբեր առաքելությունը: Այդ հսկայական ժառանգությունը կորստից փրկելը, այն դասդասելը, ճշգրտելը, հաշվառելը, նաև հետագա պահանջատիրությունը նաև ճարտարապետների խնդիրն է: Աշխարհում սփռված մեր մշակութային ժառանգությունը պետք է հաշվառենք և շտեմարան ստեղծենք:

Նաև դիմում եմ սփյուռքից եկած իմ հայրենակիցներին՝ ճարտարապետության օրենսդրությունն ամբողջացնելու նպատակով ներառել նաև տարբեր երկրների առաջադիմական փորձը: Ճիշտ կլինի աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի այդ հարցերով: Կարևորում եմ նոր տեխնոլոգիաների կիրառումը ճարտարապետության մեջ: Եվ, վերջապես, համոզված եմ, որ համաժողովի քննարկմանը ներկայացված զեկուցումների առիթով հետաքրքիր և արդյունավետ բանավեճեր կլինեն: Այդ քննարկումների արդյունքում կարող են ծնվել ծրագրեր, որ կստեղծեն քաղաքաշինության նոր ուղղություններ: Փորձենք մեր բոլոր ծրագրերը դարձնել հայկական: Մեր համաժողովի կարևոր արդյունքներից մեկը պետք է լինի տարբեր երկրներում մասնագիտական ցանցի ստեղծումը: Միայն մեր ուժերի մեկտեղումը կարող է դրական արդյունքներ արձանագրել»:
ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ճարտարապետությունը զենք է, և երկար դարեր ապացուցում է հայերի ներկայությունը աշխարհի տարբեր վայրերում, որտեղ ապրել է հայ մարդը, թողել է իր կնիքը:
Շինարարների միության նախագահ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը կարևորեց ճարտարապետների համաժողովըև նշեց. «Մեր համագործակցության շնորհիվ են ստեղծվում մնայուն ազգային արժեքներ: Տարբեր միջավայրում աշխատած և տարբեր ոճերի տիրապետող մասնագետների համախմբումը մեծ արժեք է: Շնորհավորում եմ և արդյունավետ աշխատանքներ ցանկանում»:

Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը, ողջունելով համաժողովը և բոլոր պատվիրակություններին, նշեց, որ համաժողովը հնարավոր է դարձել աշխարհի 53 երկրներում հաստատված մեր 41 դեսպանատների, համահայկական կազմակերպությունների, ՀՀ սփյուռքի և քաղաքաշինության նախարարությունների, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ Ճարտարապետների միության ջանքերի համախմբման շնորհիվ: Աշխատելով միասին՝ աշխարհում սփռված մեր հայրենակիցները կարող են ստեղծել տվյալների միասնական բազա, երիտասարդ մասնագետների պատրաստման, հայկական ճարտարապետական մտքի քաջալերման ու տարածման, տեղի մասնագետների ներուժի ընդգրկման համահայկական հարթակ»: Նա բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանքային օրեր, կոչ արեց ճարտարապետության միջոցով հայապահպանությունը զարգացնելու ծրագրեր ստեղծել»:

Այնուհետև կնքվեց Համաձայնության քառակողմ հուշագիր՝ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ ճարտարապետների միության, ՀՀ շինարարների միության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև:
Համաժողովը շարունակում է աշխատանքը լիագումար նիստերով:




Լրահոս