ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսները և ուսանողները հյուրընկալել էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Դեսպանը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացած հանդիպման ընթացքում ներկայացրեց «Ֆրանկոֆոնիան միջազգային հարաբերություններում. Երևանում կայանալիք նախարարական համաժողովի նպատակները» թեմայով դասախոսություն:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Հանդիպում-դասախոսության սկզբում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունների պատմությունն ու արդի վիճակը: Նա փաստեց, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամական կապերը խորը և պատմական հեռավոր արմատներ ունեն:

«Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև փոխճանաչելիության, համակեցության շրջանակներն ընդլայվեցին հայ ժողովրդի պատմության ամենաօրհասական տարիներին: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա ֆրանսիացի ժողովրդի ջերմ վերաբերմունքը, երբ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հարյուր-հազարավոր հայեր ապաստան գտան Ֆրանսիայում»,- իր ելույթում նշեց Գեղամ Պետրոսյանը:
Դեսպանը հայերենով ողջունեց ներկաներին և արդեն ֆրանսերենով նշեց, որ ըստ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պաշտոնական տվյալների՝ այսօր աշխարհում ֆրանսերենով խոսում է 275 մլն մարդ: Այն պաշտոնական լեզու է համարվում աշխարհի 29 երկրներում, մի շարք միջազգային և քաղաքական կառույցներում, իսկ կազմակերպության որդեգրած առաջնային խնդիրը հենց ֆրանսերեն լեզվի հեղինակության բարձրացումն է:

Այնուհետև պարոն Շարպանտիեն պատմեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծման նպատակի, պատմության մասին: Նա ներկայացրեց նաև կազմակերպության կառուցվածքը, գործունեությունը և խնդիրները:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօր մեծ առաջընթաց է գրանցել: Այն ունի 57 լիիրավ անդամ երկրներ, 23 դիտորդ երկրներ, որոնք մասնակցում են բոլոր հավաքներին, և 3 ասոցիացված երկրներ»,- հավելեց դեսպանը:

Պարոն Շարպանտիեն տեղեկացրեց, որ Ֆրանկոֆոնիայի արգործնախարարների համաժողովն այս տարի տեղի կունենա Երևանում, որին կմասնակցեն կազմակերպության բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները: Համաժողովի շրջանակներում քննարկվելու են կազմակերպության օրակարգային խնդիրները, տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր:

Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հանդիպում-դասախոսությունը հնարավոր դարձնելու համար:




Լրահոս