Մարտի 2-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերլուծությամբ հանդես եկավ: Այնտեղ նշված էր, թե կապ չկա ընտրատեղամասերում մասնակցության բարձր ցուցանիշի եւ Սերժ Սարգսյանի ձայների մեծ քանակի միջեւ, ինչը մտահոգություն է առաջացնում ընտրական ամբողջ գործընթացի նկատմամբ: Դիտորդներին նաեւ կասկածի տեղիք է տվել անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը: Սակայն նույն այս դիտորդական առաքելությունը նախագահական ընտրություններից անմիջապես հետո այլ բան էր ներկայացրել, թե ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված եւ բնութագրվում են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսեւորմամբ:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ դիտորդները փոխեցին իրենց կարծիքը: Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյա՞նն է նրանց խոստում տվել ԼՂ հիմնահարցի մասով եւ չի կատարել, թե՞ դիտորդների վրա է ճնշում գործադրվել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր նշած երեւույթն ուղեկցում է մեզ վերջին մի քանի նախագահական ընտրություններում: Կարծում եմ՝ արեւմտյան դիտորդները միշտ էլ լավ չեն ընկալում այդ ընտրությունների տեղական «յուրօրինակությունները» եւ «նրբությունները»: Դրա համար էլ նրանց նախնական եզրակացությունները «դրական» են լինում: Իսկ ավելի ուշ կատարվող հայտարարությունների բովանդակությունը կապված է լինում նաեւ երկու հանգամանքի՝ կեղծված ընտրությունների արդյունքների դեմ մեր ժողովրդի հետընտրական մշտական ընդվզման եւ միջազգային կառույցների ներկայացուցչությունների եւ այդ երկրների սեփական դեսպանատների աշխատակիցների տրամադրած հետընտրական նոր տեղեկատվության հետ: Այս տեղեկատվությունն արդեն հագեցած է լինում ընդդիմության ներկայացրած նոր փաստերով եւ այդ կառույցների ու դեսպանատների տեղական հանգամանքներին ծանոթ աշխատակիցների հավաքած նոր տվյալներով: Բայց եւ այնպես, սա նրանց դիրքորոշման կտրուկ փոփոխության մասին պնդելու հիմքեր դեռ չի տալիս: Դա կարող է երեւալ միայն վերջնական զեկույցներում: Կարծում եմ նաեւ, որ նրանց վերոհիշյալ «փոփոխվող» դիրքորոշումները կապված չեն իշխանության որեւէ խոստումի հետ: Դրա համար շահագրգիռ պետությունները բազմաթիվ այլ լծակներ ունեն:
ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ
ՀՀՇ վարչության անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ