ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄԻ ՓՈԽԱՐԵՆ ՍՐՃԱՐԱՆ Է ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն չորս օր է, ինչ ընթանում են «Նեմո» դելֆինարիումի ապամոնտաժման աշխատանքները: Իսկ դելֆինները կրկին վերադարձվել են Ուկրաինա, քանի որ դելֆինարիումի շահագործման ժամկետը չի երկարաձգվել: Հիշեցնենք, որ դելֆինարիումը նախորդ տարվա ապրիլին ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը, բայց հոկտեմբերից կրկին աշխատեց: Իսկ վերջին ներկայացումը կայացել է 2013թ. փետրվարի 9-ին:
Իրականում ի՞նչն է դելֆինարիումի ապամոնտաժման պատճառը: Չէ՞ որ կենդանիների շահագործման հետ կապված խնդիրները հայտնի էին վաղուց, անգամ մինչեւ դելֆինարիումի բացումը: Սակայն, ինչպես հիշում ենք, ո՛չ բնապահպանների, ո՛չ էլ որոշ մտավորականների ակցիաներն ու անգամ նստացույցն արդյունք չտվեցին: Այդ դեպքում  ինչո՞ւ չերկարացվեց  դելֆինարիումի  շահագործման ժամկետը, ինչո՞ւ քաղաքային իշխանությունները նախ դեմ գնացին հանրային կարծիքին ու բնապահպաններին եւ  կառուցեցին դելֆինարիումը, ապա ընդամենը երկու տարի անց որոշեցին այն ապամոնտաժել: Կատարվածը հիմք է տալիս ենթադրելու, որ այստեղ գործ ունենք ոմանց անձնական բիզնես շահերի հերթական բախման հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դելֆինարիումի տարածքը պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայում ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: Ըստ որոշ տեղեկությունների՝ դելֆինարիումի ապամոնտաժումից հետո տեղում կառուցվելու է սրճարան: Այս տեղեկությունը մեզ չհաջողվեց ճշտել, քանի Գ. Բեգլարյանը երկրում չէր: 
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում բազմիցս անդրադարձել է դելֆինարիումի հարցին: Մենք նշել էինք, որ ստեղծման օրվանից ի վեր  դելֆինարիումը մտահոգում էր բնապահպաններին, քանի որ հայաստանյան պայմաններում` ծովի ջրի եւ թարմ սնունդի բացակայությամբ, հակաբնապահպանական էր դելֆինների շահագործումը:  Բացի այդ, «Ժողովուրդ»-ին հաջողվել էր ձեռք բերել իրավական հենք ունցող բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ դելֆինարիումի տարածքը շահագործման է հանձնվել ապօրինություններով: Այս անգամ անհագուրդ ախորժակի զոհ էր դարձել հենց իշխանությունների, ավելի կոնկրետ` Սերժ  Սարգսյանի  ֆինանսական  աջակից, Օրենբուրգի  հայ  համայնքի  ղեկավար Սամվել Հովհաննիսյանը (Շենգավիթի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը): Դեռեւս 2007թ. մայիսին Արշակունյաց պողոտայի 28/6 հասցեում գտնվող Կոմիտասի անվան զբոսայգին 6.686 հա մակերեսով (13.06.07թ. թիվ 1254 պայմանագրով 20.04.07թ. թիվ 82 որոշմամբ) անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով տրամադրվել է «Արմյանսկի Դոմ» ՍՊԸ-ին, որի վերաբերյալ կատարվել է պետական գրանցում եւ տրվել է (21.06.2007թ. թիվ 2596367) սեփականության իրավունքի վկայականը (առկա է վկայականի կրկնօրինակը` տրված 20.03.2009թ.): 
Ընկերությունը դե ֆակտո պատկանում է Սամվել Հովհաննիսյանին, որը դիմել է Երեւանի  քաղաքապետարան` այգու հետ կապված ներդրումային ծրագիրը հստակեցնելու, ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար, սակայն ոչ մի  առաջադրանք չի ստացել` այդ կերպ չկարողանալով իրագործել իր ծրագրերը: Նա այգում  իրականացրել է անցուղիների եզրաքարերի վերանորոգում, չոր ծառերի էտում, բարեկարգման  եւ ոռոգման  աշխատանքներ: Սակայն  2010թ.  հայտնաբերել է, որ մինչ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ժամանակ է ձգում, Կոմիտասի անվան զբոսայգում շինարարություն  է  իրականացվում այլ ընկերության կողմից: 
Ընկերության դե յուրե տնօրեն Սարկիսյանը գրավոր դիմել է ՀՀ կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին` ներկայացնելով վերոնշյալ խնդիրը: Ի պատասխան` գրություն է ստացել, որ տարածքի նկատմամբ «Արմյանսկի Դոմ» ՍՊԸ-ի  պետական գրանցումը եւ օգտագործման վկայականը  չեղյալ է համարվել, եւ իբր այդ մասին «Արմյանսկի Դոմ»-ին  ծանուցել են: Մեր ձեռք բերած  փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Դելֆինարի Նեմո» ընկերության կողմից շինարարությունն իրականացվել է ավելի վաղ, քան լուծարվել է մյուս ընկերության`  «Արմյանսկի Դոմ»-ի  հետ կնքված պայմանագիրը: 
Ավելի ուշ նույն տարածքին տրվել է այլ հասցե` 28/8: Այնուհետեւ այդ մյուս հասցեով այգու զբաղեցրած հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ է հայտարարվել, որին իբր մասնակցել են «Արդավիր» ՍՊԸ-ն եւ «Սուրգար» ՍՊԸ-ն: 
«Արդավիր» եւ «Սուրգար» ՍՊԸ-ների տնօրենը 2007-2009թթ. համատեղության կարգով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Բաբկենի Սիմոնյանն է` Գագիկ Բեգլարյանի ենթական: Այսինքն` հասկանալի է, որ հայտարարված մրցույթը ձեւական է եղել Բեգլարյանի ենթակային պատկանող ՍՊԸ-ների միջեւ:  2010թ. սեպտեմբերի 10-ի եւ 11-ի նիստերում հաստատվել են մրցույթի արդյունքները, եւ հաղթող է ճանաչվել «Արդավիր» ՍՊԸ-ն` 13 մլն 260 հազար ՀՀ դրամի չափով կառուցապատման իրավունքի տարեկան վճար տալու պարտավորությամբ: Այդպիսով՝ «Արդավիր» ՍՊԸ-ն 50 տարով կառուցապատման իրավունք է ձեռք բերել Սամվել Հովհաննիսյանի հողատարածքի վրա:
Քաղաքապետի (16.09.2010թ. թիվ 4305-Ա) որոշմամբ` «Արդավիր» ՍՊԸ-ի հետ կնքվել է կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր, որը պետական գրանցում է ստացել (25.10.2010թ.-ին), եւ տրվել է (թիվ 2751439) սեփականության վկայականը: 29.10.10թ. «Արդավիր» եւ «Դելֆինարի Նեմո» ՍՊԸ-ների տնօրենները դիմել են Երեւանի քաղաքապետին` խնդրելով դելֆինարիում կառուցելու թույլտվություն տալ: 
Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացված փաստերի կապակցությամբ տվեց հետեւյալ պարզաբանումը. ««Նեմո դելֆինարիում» ՍՊԸ-ն Երեւանի քաղաքապետարանին եւ «Արդավիր» ՍՊԸ-ին առաջարկ է ներկայացրել պայմանագիրը լուծելու մասին, որին ի պատասխան՝ «Արդավիր» ՍՊԸ-ն այս տարվա մարտի 1-ով Երեւան համայնքին «Նեմո դելֆինարիում» ՍՊԸ-ին ուղղված գրությամբ տվել է մինչեւ 2013թ. մայիսի 15-ը պայմանագիրը լուծելու համաձայնությունը: Հիմա այս ամեն ինչը քաղաքապետարանում քննարկվում է, եւ մեր աշխատակիցները տեղում եղել են ու կասեցրել են կատարվող ապամոնտաժումը»: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը երեկ եղավ դելֆինարիումում եւ արձանագրեց, որ ապամոնտաժման աշխատանքները կասեցված չեն, դրանք  մեծ թափով շարունակվում են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս