«ԷԳ ԱՌՅՈՒԾԻ» ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ առաջ Հեղինե Բիշարյանի հետ ունեցած մի հարցազրույցի ժամանակ հնչեցրած իմ այն հարցին, թե ինչպես են ընտանիքով անցկացնում հանգստյան օրերը, ՕԵԿ պատգամավորը պատասխանեց. «Ամեն շաբաթ գնում ենք թատրոն, դիտում ներկայացումներ, ընտանիքով քննարկում»: Իսկ դրան հաջորդած այն հարցին, թե հատկապես որ թատրոններն են նախընտրում գնալ, տիկին Բիշարյանը երկար լռությունից հետո պատասխանեց. «Դե… էն… որ կենտրոնում է…,  դե Օպերայի մոտակայքը, ախր էնքան շատ եմ գնում, որ արդեն խառնում եմ…»: Այս հարցազրույցից երկու տարի անց Հեղինե Բիշարյանը պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունն ու դարձավ մանկավարժական գիտությունների թեկնածու…Մինչեւ 2003 թվականը Հեղինե Բիշարյանի անունը ծանոթ էր միայն մի քանի տասնյակ օեկականների, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: 1978-ին, ավարտելով միջնակարգ դպրոցը, ուսման մեջ նշանակալի հաջողությունների չհասած Բիշարյանն աշխատանքի անցավ Երեւանի էլեկտրաապարատների գործարանում, շարքային բանվորուհուց հասավ վարպետի աստիճանի, իսկ 1986-ին  ընտրվեց Երեւանի Լենինյան շրջխորհրդի ժողովրդական պատգամավոր: Սկիզբ էին առել գորբաչովյան «վերակառուցման» ժամանակները, ուստի հարկավոր էր առաջ քաշել նաեւ բանվորական կադրերին, եւ 25-ամյա բանվորուհին դարձավ պատգամավոր: Ճիշտ է, 1988-ից հետո նա գրեթե չմասնակցեց շրջխորհրդի աշխատանքներին, որովհետեւ Սպիտակում շինարարության մեջ աշխատող ամուսինը կամեցել էր, որ ընտանիքը տեղափոխվի աղետի գոտի: Բայց Սպիտակում ապրելը նպաստեց այն բանին, որ Հ. Բիշարյանն ընդունվեց Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետի հեռակա բաժին, եւ այն ավարտեց 1991-ին: Թե ինչու հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում ունեցող մանկավարժը Երեւանի թիվ 191 դպրոցում գերադասեց դասավանդել պատմություն եւ իրավունք, դժվար է ասել: 2003-ը ճակատագրական եղավ Հեղինե Բիշարյանի կյանքում, քանի որ իր հայրենակից Արթուր Բաղդասարյանի բարեկամեցողությամբ ընդգրկվեց ՕԵԿ համամասնական ցուցակում եւ դարձավ պատգամավոր: Անմիջապես ընտրվեց խմբակցության քարտուղար, քանի որ միակ կին պատգամավորն էր ՕԵԿ-ից, մանկավարժ լինելով էլ դարձավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Թամարա Պողոսյանի հրաժարականից անմիջապես հետո զբաղեցրեց ՕԵԿ փոխնախագահի պաշտոնը` չսպասելով համագումարի…Հմայված Հեղինե Բիշարյանի պոպուլիստական եռանդով` կուսակցությունը նրան առաջադրեց Շենգավիթի թաղապետի թեկնածու… Պարտությունն ակնհայտ էր: Բիշարյանը պարտվեց նաեւ մեծամասնական ընտրակարգով ԱԺ մտնելու մրցակցությունում` հայտարարելով, թե իրեն դավաճանել է նախկին կուսակից Գրիգորի Մարգարյանը` «Բելաջիո»-ի Գրիշը: 2007-ին Բիշարյանը ՕԵԿ ցուցակով դարձավ պատգամավոր, ընտրվեց խմբակցության ղեկավար: Նրան ՕԵԿ-ական Հովիկ Մարգարյանը կոչել է «էգ առյուծ», հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բիշարյանը ՕԵԿ «մատյան գնդի» հրամանատարն է, տղամարդ օեկականները նրան են մղում «կատաղի մարտերի»:Պատգամավորական գործունեությանը զուգընթաց` Հեղինե Բիշարյանը շարունակում է աշխատել թիվ 191 դպրոցում, անգամ դասարանի դասղեկ է, իսկ 2005-ից միաժամանակ Ա. Բակունցի անվան մանկավարժական քոլեջի ուսուցչուհի է: 2010-ին ընտրվել է Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային կոոպերատիվ ակադեմիայի ակադեմիկոս…  Եթե շատ օեկականների ապագան մշուշոտ է, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ փողատերեր կգան կուսակցություն` դուրս մղելով հնաբնակներին, ապա Հեղինե Բիշարյանը կարող է հանգիստ շունչ քաշել. նա անպայման 2012 թ. ընտրություններում կզբաղեցնի ՕԵԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը: Գուցե այդ ժամանակ էլ պաշտպանի դոկտորական ատենախոսությունը կամ էլ նշանակվի Կրթության եւ գիտության նախարար… ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս