Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Նարինե Ալեքսանյանը, ով վերջերս հանդես է գալիս «Դոմինո» սիթքոմում, «Ժողովուրդ»-ին պատմել է իր կերպարի, իրավիճակային կոմեդիաների նախկին եւ ներկայիս մոտեցումների, ամուսնու հետ աշխատելու եւ իրենց համատեղ ընտանեկան կյանքի մասին:
-Նարինե՛, սիթքոմում խոհարարուհու դերը Ձեզ ինչո՞վ է գրավել:
-Ինձ գրավել է սիթքոմում զբաղված լինելու փաստը: Թեեւ ես ցանկացած ժանրում ինձ լիարժեք եմ զգում, սիրում եմ զբաղված լինել խորություն ունեցող գործերում, բայց սիրում եմ նաեւ աշխատել այն ժանրում, որը թեթեւություն է պարունակում. ուրախություն պարգեւելը հաճելի բան է:
-Համենայն դեպս, Դուք առաջին անգամ չէ, որ սիթքոմում նկարահանվում եք: Տարիներ առաջ հանդես էիք գալիս «Իմ տունը քո տունը չէ» հումորային ծրագրում: Իրավիճակային կոմեդիայի բովանդակությունը եւ մատուցումը տարիների ընթացքում ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել մեզ մոտ:
-«Իմ տունը քո տունը չէ»-ն այն տարիների համար առաջին քայլն էր իրավիճակային կոմեդիան էկրանից ներկայացնելու առումով: Առհասարակ, պահանջները տարիների ընթացքում չեն փոխվել, սակայն փոխվել է մատուցումը: Հիմա դեկորացիաները, գույները, այն ամենը, ինչ վիզուալ ազդեցություն է ունենում, բավական նորացվել են, դարձել աչք շոյող: Մի բան էլ կա. նախկինում ամբողջ խմբով` դերասանական խումբն էլ հետը, մասնակցում էինք սցենարի ստեղծմանը, իսկ այսօր նման բան չկա, դերասաններին ուղղորդում են, նրանք պատրաստի ստանում են սցենարը եւ խաղում: Արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվում է:
-Դուք, ծնված լինելով Գյումրիում, գյումրեցիներին հատուկ հումորի ազդեցությունը Ձեզ վրա զգացե՞լ եք, գուցե ծննդավայրի կոլորիտն է՞լ է նպաստել, որ կոմեդիան այդքան սիրեք:
-Թեեւ հիմա Գյումրիում քիչ թվով հարազատներ ունեմ, բայց հենց հանդիպում ենք, մի բան ենք քննարկում, մեկ էլ ասում են` մե քիչ ըմ մտածե էդ թեմայի շուրջ…: Միշտ հաշվի եմ նստում նրանց կարծիքի հետ: Վերջերս տղաս Գյումրու մասին փոքրիկ ֆիլմ էր նկարահանել, եկել էր տուն անչափ տպավորված, ասում էր` էդ ինչ հումոր ունեն էդ մարդիկ, ասում է` իրավիճակը չնկարագրած` միանգամից սկսում են բեմադրել…
Կուզենամ, որ այդ մարդկանց ներքին ուրախությունը պահպանվի, երկրաշարժից գոնե տարիներ անց Գյումրին տեսնեմ վերածնված, մարդկանց` բարեկեցիկ կյանքով ապրելիս:
-Նարինե՛, իսկ թատրոնում կա՞ նոր բեմադրություն, հետաքրքիր է` այսօր հայ հանդիսատեսին հե՞շտ է ծիծաղ պարգեւելը:
-Հիմա թատրոնում քննարկում ենք Երվանդ Օտյանի «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» գործը, ես խաղալու եմ գլխավոր դերերից մեկը, ներկայացվելու է արդիական խոսք` հետաքրքիր մեկնաբանությամբ:
Ինչ վերաբերում է հանդիսատեսին ծիծաղեցնելուն, ապա նշեմ, որ դա ինձ համար միշտ շատ դժվար է եղել, քանի որ նախանշած ունեմ հումորի մի սանդղակ, որից փորձում եմ չիջնել, հնարավորինս խուսափում եմ էժանագին հումորի միջոցով ծիծաղ կորզելուց: Իսկ, առհասարակ, հայն իր տեսակով հոգսառատ է, միշտ մի մեծ, անհասկանալի դարդ ունի, ու էդ դարդը հետը տանում է… Ու եթե մի հայ մտածելու բան չունենա, կլինի գեր ու անհետաքրքիր (ծիծաղում է):
-Հեռուստադիտողը Ձեզ սովոր է տեսնել Ձեր ամուսնու` դերասան Վարուժան Մանուկյանի հետ: Այս հանգամանքը երբեմն Ձեզ երկուսիդ` որպես անհատ ստեղծագործողներ, չի խանգարո՞ւմ: Կրկին միասին հանդես գալու ծրագրեր ունե՞ք:
-Տարօրինակ մի բան է ստացվում. այնքան ենք միասին ստեղծագործել, որ որեւէ մեկն այլեւս մեզ իրարից առանձին որեւէ նախագծում չի պատկերացնում: Նույնիսկ ընկերական հավաքույթներին, երբ մեզանից մեկը ներկա չի լինում, մեր ընկերները կիսատության զգացում են ունենում:
Վարուժանի հետ մենք շատ հետաքրքիր աշխատանք ենք տանում, լավ գիտենք իրար, ունենք հետաքրքիր նախագծերի գաղափարներ, հիմա մեր համագործակցությունը ժամանակավոր դադարի փուլում է, բայց մենք անկանխատեսելի ընտանիք ենք (ծիծաղում է), ապագան ցույց կտա` ինչ կլինի:
-Թատրոնում Դուք խաղում եք ե՛ւ դրամատիկ, ե՛ւ կոմեդիկ կերպարներ, արդյո՞ք որպես կին էլ այս կերպարները ստիպված չեք լինում կերտել նաեւ կյանքում, մեկը մյուսին հաջորդող հոգեվիճակներում կարողանո՞ւմ եք Ձեզ նույնքան վարպետորեն դրսեւորել, որքան բեմում:
-Այս երկու կերպարներն անընդհատ հաջորդում են իրար, պարբերաբար ե՛ւ խաղում ենք կյանքում, ե՛ւ բացառում ենք խաղը, եւ այդ իրավիճակներում մնում է կա՛մ պարտվել, կա՛մ պատվով դուրս գալ դրանցից ու ծափահարությունների արժանանալ: Իսկ դա երբեմն ստացվում է, երբեմն ոչ, քանի որ մինչեւ կին լինելը, դու նախ եւ առաջ մարդ ես` քո բոլոր թուլություններով հանդերձ: Ես շատ էմոցիոնալ եմ, եւ եթե այդպիսին չեղա, ուրեմն մեռել եմ:
Ահավոր շուտ եմ բռնկվում, եւ շատ շուտ էլ անցնում է բարկությունս: Իսկ Վարուժանն ավելի հանգիստ տեսակ է, թեեւ մեր միջի զիջողը ես եմ: Մեր ընտանիքում շատ հազվադեպ են վեճեր լինում, եթե լինում էլ են, հինգ րոպեից հաշտվում ենք, թեեւ մեր համատեղ կյանքը ցույց է տվել, որ կարելի է ընդհանուր հայտարարի չգալ, բայց միասին երջանիկ լինել…
Աննա Բաբաջանյան