ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր համար մինչեւ այժմ անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչու է նոր Սահմանադրության նախագծով կրճատվում ԱԺ պատգամավորների թիվը: Մեծամասնական ընտրակարգով ընտրված Մարգարյանը նաեւ վստահ չէ հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու արդյունավետության մեջ: Սակայն չնայած դրան` նա երեկ կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին:

-Պարո՛ն Մարգարյան, Դուք կողմ եք քվեարկել նոր Սահմանադրության նախագծին, որով, կարելի է ասել, անորոշ է մնում Ձեր «ճակատագիրն» այն առումով, որ հանրաքվեից հետո մեծամասնական ընտրակարգ չի լինելու, իսկ Դուք մշտապես պատգամավոր եք ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Ինչո՞ւ կողմ քվեարկեցիք մի նախագծի, որը, փաստորեն, Ձեր շահերին դեմ է:
-Ես բազմիցս ասել եմ, որ ես կառչած չեմ պատգամավորի մանդատից: Երկրորդն էլ՝ ժողովուրդը պետք է որոշի՝ սահմանադրական փոփոխությունը կատարվելու է, թե չէ: Հանրաքվե է լինելու, իսկ հանրաքվեն էլ ժողովրդի համար է: Ես մի քանի անգամ նշել եմ նախագծի ե՛ւ թերությունները, ե՛ւ առավելությունները, դա վերաբերում է թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգին: Այո՛, ես չեմ գտնում, որ անպայման պետք է համամասնական ընտրակարգով լինեն ընտրությունները: Ես չգիտեմ՝ Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը կողմ է դրան, թե ոչ, ես ունեմ իմ տրամաբանությունը, որը հետեւյալն է՝ կարծում եմ՝ պետք է նայենք մեր տարածաշրջանին, կարծում եմ՝ պետք է ուսումնասիրենք մեր փորձը: Մենք այսօր անդամակցում ենք ԵՏՄ-ին, մենք պետք է տեսնենք, թե ինչ ընտրակարգ է գործում այդ երկրներում, ես ասեմ, որ այդ երկրների ցանկում չկա մի երկիր, որտեղ միայն համամասնական ընտրակարգով են ընտրում: Եթե վերցնենք Ռուսաստանը, որն այսօր հանդիսանում է ԵՏՄ-ի լոկոմոտիվը, ապա նշեմ, որ իրենք անցած ընտրությունների ժամանակ անցան համամասնական ընտրակարգի, բայց, չգիտես ինչու, այժմ էլ վերադարձել են համախառն ընտրությունների ձեւաչափին: Հիմա եթե այդ մարդիկ վերադարձել են հին ընտրակարգին, ապա գտել են, որ ճիշտը դա է եղել: Բայց ես կրկնում եմ, որ պետք է որոշի ժողովուրդը: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե պատգամավորների թիվը պետք է դառնա 101, ես այդտեղ էլ չեմ տեսնում տրամաբանություն, որովհետեւ չեմ կարողանում պատկերացնել, որ որեւէ միջազգային կառույց առաջարկել է, գտել է ու պահանջ է դրել, որ ՀՀ-ում լինի ոչ թե 131, այլ 101 պատգամավոր: Ես հիմա չեմ կարողանում պատկերացնել այդ ամենի դրդապատճառը, հասկանալ, թե ինչու է այժմյան խորհրդարանի 25 տոկոսը կրճատվելու, ու ես որեւիցե մեկից այդ հարցի վերաբերյալ պատասխան չստացա: Իսկ մնացածում ես որեւիցե վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ օր օրի լավ բան եմ տեսնում:
-Բայց ըստ ընդդիմության ներկայացուցիչների՝ մենք համակարգային փոփոխություն չենք ունենալու, լինելու է իշխանությունների վերարտադրություն, ինչի արդյունքում ՀՀ-ում առկա խնդիրներն ու կառավարման արատավոր համակարգը էլ ավելի է խորանալու:
-Ես չգիտեմ, թե Դուք ինչ դեմքերի մասին եք խոսում, բայց մի բան կարող եմ ասել, որը ես եմ լսել ու ես վստահում եմ նախագահի ասածին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը որեւիցե պաշտոն չի ցանկանում զբաղեցնել, կարծում եմ` դա բավարար է: Ինչպես ասում են՝ այդ վերարտադրվելու հարցի հետ կապված ես որեւիցե խնդիր չեմ տեսնում:
-Եթե Սերժ Սարգսյանի կուսակցությունը նրան խնդրի, որ մեծ քաղաքականությունից չհեռանա, «տանը չնստի», ի՞նչ է լինելու այդ դեպքում, արդյո՞ք Դուք փոշմանելու եք, որ կողմ եք քվեարկել Սահմանադրության փոփոխությանը:
-Եթե կարելի է, ես «եթե»-ներով Ձեր հարցին ուրիշ կերպ պատասխանեմ, ես ավելի իրատեսական մարդ եմ: Եթե այսօր երկրի նախագահը հայտարարում է, որ ինքը այդ պաշտոններին չի գնալու, ես չեմ հիշում մի անգամ, որ երկրի նախագահը իր ասածից հրաժարվի: Ես կարծում եմ, որ պետք է խոսել ներկայով, այն ժամանակով, որը կա: Այժմ կատարվում են սահմանադրական բարեփոխումներ, մենք քվեարկում ենք այդ փոփոխություններին, եթե առաջիկայում կլինեն այլ բաներ, այդ ժամանակ մենք կխոսենք այդ ամենի մասին: Ես չեմ կարծում, որ իրատեսական է խոսել մի բանի մասին, որը ապագան է:
-Իսկ ի՞նչ է նոր Սահմանադրությամբ փոխվելու ժողովրդի առօրյայում, արդյո՞ք այդ փոփոխություններից հետո մարդիկ սկսելու են ավելի լավ ապրել, արդյո՞ք լուծվելու են նրանց սոցիալական խնդիրները: Չե՞ք կարծում, որ այսօր հանրությանը սահմանադրական փոփոխությունները չեն հետաքրքրում:
-Ձեր հարցը բարդ է, խորն է, ու ես չեմ կարող մեկ բառով ասել, թե իրականում ինչ է լինելու, ես չեմ կարող պատասխանել, բայց հիմա հիմնական փոփոխությանը ես կողմ եմ. նախագահականից անցում է կատարվելու խորհրդարանական մոդելի: Ես չեմ կարծում, որ հենց դրանից միանգամից պետք է գյուղացին օգտվի կամ վնասվի, խոսքը կառավարման ձեւի փոփոխության մասին է: Իմ կարծիքով պառլամենտական մոդելը շատ ավելի արդյունավետ է, քան ներկա մոդելը: Այսինքն՝ պատգամավորները էլ ավելի շատ ձայն կունենան Կառավարությունում: Ես իմ ընտրատեղամասում շատ հարցեր եմ ունենում, որոնք կապված են լինում Կառավարության հետ, իսկ այս դեպքում պատգամավորի ուժը կավելանա Կառավարությունում: Մենք կսկսենք ավելի շատ հարցեր լուծել, որը հօգուտ մեր ժողովրդի կլինի: Կարծում եմ՝ հանրությունը դա շատ շուտով կզգա:

 

 

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՏԵՂՅԱԿ «ԿՈՃԱԿ ԵՆ ՍԵՂՄԵԼ»

Երեկ նոր Սահմանադրության նախագծի քվեարկությանը ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը չմասնակցեց, չնայած այն հանգամանքին, որ ներկա էր դահլիճում: Նշենք, որ օրերս Խ. Քոքոբելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ իրենց ներկայացրած առաջարկությունները չեն ընդունվել: «Ժողովուրդ»-ը զրուցել է պատգամավորի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ նա քվեարկությանը չմասնակցեց:

-Ես, նախքան քվեարկությունը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեցի քվեարկությունը հետաձգել հաջորդ օրվան, քանի որ զուտ տեխնիկապես անհնար էր ծանոթանալ Սահմանադրության նախագծում արված բազմաթիվ փոփոխություններին: Ես ամբողջությամբ չեմ հասցրել ծանոթանալ նախագծի փոփոխված տարբերակին, գուցե մեր կամ մյուսների ներկայացրած առաջարկություններն ընդունվել են կամ չեն ընդունվել, ես չեմ կարող հասկանալ, թե ինչու չհետաձգվեց, եթե որեւէ մեկը չէր ծանոթացել նախագծին: Ես կարող եմ հստակ ասել, որ սա վիրավորական է Ազգային ժողովի պատգամավորի համար: Ես իմ անունից էլ եմ հայտարարում, որ ինչ արվել է, դա վիրավորական է: Միայն քվեարկության օրը՝ առավոտյան են մեզ ներկայացնում մի փաստաթուղթ, որը մի քանի ժամ հետո պետք է դրվի քվեարկության: Մեզ ասել էին, որ հոկտեմբերի 2-ին պատգամավորներին ներկայացվելու է փոփոխված տարբերակը, եւ այդ ընթացքում մենք հնարավորություն կունենայինք ծանոթանալու նախագծին, սակայն չեն ներկայացրել` ի հեճուկս մասնագիտական հանձնաժողովի: Մենք քվեարկությունից առաջ ենք ունեցել մի ծավալուն փաստաթուղթ, որին տեխնիկապես հնարավոր չէ այդքան կարճ ժամանակահատվածում ծանոթանալ: Ես ինքս դեմ լինելով նոր Սահմանադրության նախնական նախագծին՝ առաջարկներով եմ հանդես եկել, բայց ես չեմ կարողացել տեխնիկապես ծանոթանալ, թե ինչ փոփոխություններ են կատարվել:
-Այսինքն՝ Ձեզ համար պա՞րզ չէ՝ ընդունվել են Ձեր ներկայացրած առաջարկությունները, թե ո՞չ:
-Հնարավոր չէր ծանոթանալ, դիտարկել ու հասկանալ, թե ինչ է փոփոխվել, ես քվեարկությանը չմասնակցելով` իմ բողոքն եմ արտահայտում, ես չեմ ցանկանում մաս կազմել մի նախագծի քվեարկության, որին անհնար էր ծանոթանալ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԿԳՐԱՎԱԴՐՎԻ
«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի այդ մարմինը ընկերությանը թույլատրի գրավադրել իր 100 տոկոս բաժնետոմսերը: Ըստ այդմ, ՀԾԿ հանձնաժողովը, հաշվի առնելով նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի գրությունները, պատրաստվում է իր համաձայնությունը տալ գործարքին: Ի դեպ, վերը նշված գրությունների համաձայն՝ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի «Յու քոմ» ՍՊԸ-ին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերից 20 տոկոսը կգրավադրի «Արարատբանկում», 51 տոկոսը` «Արդշինբանկում» եւ 29 տոկոսը՝ «Ամերիաբանկում»: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 20-ին ՀԾԿՀ-ն թույլատրեց, որ «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ վաճառվեն «Յուքոմ» ՍՊԸ-ին:

 

«ՀՐԱԶԴԱՆ ՋԷԿ»-Ն ԷԼ ԿՎԱՃԱՌՎԻ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին կայանալիք նիստում պատրաստվում է թույլատրել «Ինտեր ՌԱՕ» հանրային բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Հանձնաժողովն այս դեպքում հաշվի է առել «Ինտեր ՌԱՕ»-ի այս տարվա սեպտեմբերի 22-ի եւ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի սեպտեմբերի 28-ի ու հոկտեմբերի 1-ի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 30-ի գրությունները: Հիշեցնենք, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է օֆշորում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատերն է: Այս ընկերությունն իր հերթին պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին:

 

ԶԱԳՍ-Ի ՊԵՏԻ ԱՂՋԻԿԸ
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը, պարզվում է, նախարարին «վայել» կարողություն չունի: Այսինքն՝ ո՛չ անշարժ գույք ունի եւ ո՛չ էլ խոշոր դրամական միջոցներ: Այս մասին տեղեկանում ենք Հովհաննիսյանի՝ նախարար նշանակվելու առնչությամբ ներկայացրած հայտարարագրից: Նախկին պատգամավորն ունի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, մեկուկես միլիոն դրամ դրամական միջոց, այս տարվա 9 ամիսների ընթացքում էլ նա մոտ 5 մլն 800 հազար դրամ աշխատավարձ է ստացել: Ի դեպ, Հովհաննիսյանի ընտանիքում նա միակ պաշտոնյան չէ: Նրա մայրը՝ Աննա Մկրտչյանը, զբաղեցնում է Էրեբունու եւ Նուբարաշեն վարչական շրջանների ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի պաշտոնը, կամ այլ կերպ ասած՝ ԶԱԳՍ-ի պետ է:




Լրահոս