Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ինչպես եւ սպասվում էր, երեկ խորհրդարանում ընդունվեց ձայների գերակշիռ մեծամասնությամբ` 104 կողմ եւ ընդամենը 10 դեմ ձայներով: Ակնհայտորեն իշխանությունների համար երեկվա քվեարկության պատկերն այն աստիճան սպասելի էր, որ պատգամավորներին նոր Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը ներկայացվել էր քվեարկությունից ընդամենը մեկ ժամ առաջ, եւ սա այն դեպքում, երբ նախագծում արվել էին շուրջ երկու տասնյակ կարեւորագույն փոփոխություններ:
Դրանք պատգամավորներին ավելի քան կես ժամ ներկայացնում էր ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, որի ելույթից պարզ դարձավ, որ մասնագիտական հանձնաժողովը վերջին պահին որոշել է փոփոխել այն բոլոր վիճահարույց դրույթները, որոնք առկա էին նախագածում:
Մասնավորապես հավաքների ազատության մասին 43-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված դրույթը, որով բացօթյա հավաքների անցկացման համար որպես պարտադիր նորմ էր սահմանված իրազեկումը, փոփոխվել է, եւ առաջարկվող նախագծում իրազեկումն այլեւս չի դիտվում որպես պարտադիր պայման:
Փոփոխվել է նաեւ նախագծի 58-րդ` սեփականության իրավունքի մասին հոդվածի 4-րդ կետը, որով անձին սեփականությունից զրկելը դարձյալ հնարավոր է դառնում միայն դատարանի վճռի առկայության դեպքում:
Դրական առումով փոփոխվել է նաեւ օրենքների հետադարձ ուժի մասին 73-րդ հոդվածի 2-րդ կետը, որով անձի իրավական կարգավիճակը բարելավող իրավական ակտերը այլեւս հետադարձ ուժ ունեն առանց բացառության, մինչդեռ նախկին տարբերակով դա հնարավոր էր միայն համապատասխան ակտերով նախատեսված լինելու դեպքում:
Առանցքային փոփոխություն է արվել նաեւ ԱԺ նախագահի պաշտոնավարման կարգը սահմանող 104-րդ հոդվածում: Այսուհետ սահմանվում է Աժ նախագահի ընտրության նոր մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում Աժ նախագահին փոխել: Եթե մինչ այդ Աժ նախագահի` իր լիազորությունների ողջ ժամկետում պաշտոնավարելու ամրագրումը շատերին տեղիք էր տալիս մտածելու, որ Սերժ Սարգսյանն ինքն է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, ապա այս փոփոխությամբ փորձ է արվել փարատել նաեւ այդ կասկածը:
Նշանակալի փոփոխություն է արվել նաեւ վարչապետի ընտրության կարգում թե՛ պատգամավորների քվեների քանակի, թե՛ վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետի առաջադրման կարգի վերաբերյալ: Ընդ որում, այս դեպքում եւս նվազեցվել են որեւէ կոնկրետ պաշտոնյայի (ինչպես նախկինում Աժ նախագահն էր) կամ մեծամասնության կամքի պարտադրման հնարավորությունները:
Փոփոխվել է նաեւ երկրի նախագահի ընտրության կարգը. նախկինում առաջարկված «ընտրիչների ժողովը» փոխարինվելու է Ազգային ժողովի պատգամավորներով: Կատարված փոփոխությունների շարքում են նաեւ երկրի գլխավոր դատախազի, ՎՊ նախագահի, ԿԸՀ նախագահի ընտրության եւ լիազորությունների հետ կապված խմբագրումները, ինչպես նաեւ երկրի նախագահի կողմից այդ պաշտոնյաներին ժամանակավորապես նշանակելու լիազորության ընձեռումը, եթե Աժ-ն այս կամ այն պատճառով չի կարողանում նրանց ընտրել:
Եվ վերջին` կարեւոր փոփոխությունները վերաբերում են Սահմանադրության 201-րդ եւ 203-րդ հոդվածներին, որոնք սահմանում են առանց հանրաքվեի Սահմանադրության դրույթները փոփոխելու եւ վերպետական կառույցներին անդամակցելու կարգը: Վերջինի դեպքում «տարածքային ամբողջականության» վերաբերյալ ձեւակերպումը փոխարինված է «տարածքների փոփոխություն» եզրույթով, ինչը եւս որոշակիորեն փարատում է այս հարցում առկա մտահոգությունները:
Ամփոփելով` կարող ենք ասել, որ մասնագիտական հանձնաժողովը, ըստ էության, ականջալուր է եղել մինչ այս հնչեցված գրեթե բոլոր մտահոգություններին եւ փորձել է վերջնական տարբերակում դրանց գերակշիռ մասը հաշվի առնել, բացառությամբ, իհարկե ամենավիճահարույց` 89-րդ` Աժ ընտրության եւ կազմի մասին հոդվածի, որտեղ ի սկզբանե «թաղված էր շան գլուխը»` ՀՀԿ-ի վերարտադրությունն ապահովող «կայուն մեծամասնության» եւ «երկրորդ փուլի» մեխանիզմների ամրագրմամբ: Ասել է թե` այն նպատակը, ինչի համար նախաձեռնված էր այս ամբողջ գործընթացը, երեկ Աժ կողմից հավանության արժանացած նախագծով մնաց անփոփոխ:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ պատգամավորներին խորհուրդ են տվել Բաղրամյան պողոտայի մուտքից չմտնել խորհրդարան, քանի որ այդ հատվածում ակցիա է լինելու: Ըստ լուրերի՝ ԱԺ աշխատակազմից պատգամավորների օգնականներին հորդորել են իրենց «ղեկավարներին» տեղեկացնել, որ խորհրդարան մտնեն «տնտեսական» մուտքով, որը Դեմիրճյան փողոցից է: Մեր տեղեկություններով՝ եղել են պատգամավորներ, որոնք չեն «ենթարկվել» ու որոշել են հենց Բաղրամյան մուտքով խորհրդարան մտնել՝ հասկանալու համար, թե ինչ պետք է իրենց անեն բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները: Նշենք, որ երեկ, մինչ խորհրդարանում քվեարկության էր դրվում նոր Սահմանադրության նախագիծը, դրան զուգահեռ խորհրդարանի՝ Բաղրամյան պողոտայի մուտքի մոտ բողոքի ակցիա էր ընթանում՝ ընդդեմ նախագծի ընդունման (մանրամասները՝ էջ 5)
«ՅՈՒԹՈՒԲԻ ՏՂԵՆ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչպես է ստացվում, որ ամեն անգամ իր սանիկ Տիգրան Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, խուսափում է քրեական պատասխանատվությունից: ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ բավական է Սուրիկ Խաչատրյանի որդու մասին խոսել, քանի որ ամեն ինչ արդեն որոշված է, ու նրա որդին անմեղ է. «Տուժողն արդեն հայտարարել է, որ նման բան չկա, մենք էն գլխից գիտեինք, որ ըտենց բան չի եղել, հերիքա, էնքան արեցիք, էդ խեղճ տղեն արդեն 11 հատ պռոժինա դրել սրտին, մեղքա, մի մարդու մասին չի կարելի էդքան խոսել»,- ասաց պատգամավորը: «Արդեն էնքան եք ասել, ժողովուրդն էլ ա զզվում էդ ամեն ինչից, դարձելա յութուբի տղեն, հենց բացում ես՝ Սուրիկ Խաչատրյանն ա, մի տարին անցավ, դեռ չեք պրծել դրանից»,- ասաց Սեյրան Սարոյանն ու հեռացավ:
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ
Երեկ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել էր ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի եւ լյարդաբանության բաժնի ղեկավար, լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին: Ողջ օրվա ընթացքում բժիշկ-նախարարի փիառշիկներն այս տեղեկությունն էին տարածում, ֆեյսբուքով հանրությանը տեղեկացնում էին, թե ինչ «մեծ» գործ է արել նախարարը: Բայց նա ընդամենն իր աշխատանքն է կատարում: Սակայն այդ ամենը հանրությանն այնպես է ներկայացնում, որ կարծես մեծ եւ հատուկ գովեստի արժանի գործ է անում: Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ սիրուն չէ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱԶԵՐԻՆԵՐԻՆ ԼՌԵՑՐԵԼ ԵՆՔ
Հոկտեմբերի 2-ին եւ լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ՝ 60 (107 արկ) եւ 82 (16 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 (70 արկ) տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Հայոց զինուժի կողմից հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են, հայկական կողմը կորուստներ չունի:
ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման անցած երեք տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:
ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻ ՀԵՏ
Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Զրուցակիցներն անդրադարձել են Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին եւ քննարկել կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին:
ՏԵՂՅԱԿ ՉԷ
Անդրադառնալով այն լուրերին, թե առաջիկայում մտադիր է հրաժարական ներկայացնել, քանի որ լարված հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը ArmLur.am-ին ասել է. «Առաջին անգամ եմ լսում: Վարչապետի, ՀՀ նախագահի հետ իմ հարաբերությունները շատ լավ են, աշխատանքային, այդպիսի բան չի եղել: Եթե էդպիսի նորություն եք ունենում, ինձ տեղյակ պահեք»:
ԳՆԱՀԱՏՎԱԾ ԵՆՔ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության եւ մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկիին: Օհանյանը ողջունել է հյուրին եւ նշել հոկտեմբերի 5-ին Երեւանում մեկնարկած խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին նրա մասնակցության կարեւորությունը: Անե Վիկտովսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը հանդիսանում է կարեւոր գործընկեր միջազգային խաղաղապահության բնագավառում եւ Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվում ԱՄՆ կողմից:
ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ
Հոկտեմբերի 3-ին մի խումբ երիտասարդներ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ մեկ օր անցկացրել են հայ զինվորի կողքին: ԵՊՀ ուսանողական խորհրդի, «Նժդեհ» երիտասարդական կառույցի անդամների ու համալսարանի տարբեր ֆակուլտետների 17 ուսանողներ հնարավորություն են ունեցել երկու ժամ զինվորական մեքենայով բարձրանալու դիրքեր, տեսնելու ու զգալու այն ամենը, ինչով երկու տարի շարունակ ապրում է զինվորը:
ԿԱՐԵՎՈՐԵԼ ԵՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեին: Նալբանդյանը կարեւորել է ՄԱԿ-ի առաջնորդող դերակատարությունը աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում: Իր հերթին Էդմոն Մյուլեն բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը տարբեր երկրներում խաղաղությանն աջակցության ուժերին։