ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվորթը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ:

 

 

 
ՀԱՐՑ. Ցանկանում եմ իմ տունը քանդել եւ հենց նույն տարածքում կամ տանը կից հողամասի վրա նոր շինություն կառուցել: Խնդրում եմ ասեք՝ այս դեպքում ո՞ւմ պետք է դիմեմ, եւ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Դավիթ Մանուկյան (49 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է հետեւյալ իրավական ակտերով՝
-Հայաստանի Հանրապետության օրենքը քաղաքաշինության մասին,
-ՀՀ Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշում,
-Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N91 որոշում:

«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների եւ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես է տեղի ունենում աշխատանքային պայմանագրի կնքման գործընթացը: Եվ կխնդրեի պարզաբանել, թե որքա՞ն է կազմում սահմանված աշխատաժամանակի նորմալ տեւողությունը:

Լիանա Պողոսյան (42 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին: Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված): Միաժամանակ հայտնում ենք, որ աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենoրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, oրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքային պայմանագրի ժամկետները կնքվում են անորոշ ժամկետով, երեք տարուց ոչ ավել որոշակի ժամկետով եւ որոշակի աշխատանք կատարելու ժամանակով: Հայաստանում թեեւ օրենքով սահմանված պարտադիր կարգ է աշխատանքային պայմանագրի կնքումը, սակայն շատ հաճախ դա ձեւական բնույթ է կրում եւ գործատուի ու աշխատակցի փոխադարձ պարտավորություններն իրական կյանքում բոլորովին այլ կերպ են կարգավորվում:




Լրահոս