Մարտի 15-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացվելու է «Խոսրովի անտառ պետական արգելոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Խնդիրը բավական նուրբ է եւ գտնվում է բնապահպանական, քաղաքացիական նախաձեռնությունների ուշադրության կենտրոնում: Նրանց մտահոգությունը, կարծում ենք, միանգամայն հիմնավոր է, եթե նկատի ունենանք նաեւ հանրահայտ Նովոյի` հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու նկրտումները, որոնք, սակայն, նույն բնապահպանների ջանքերով խայտառակ կերպով ձախողվեցին:
Բնապահպաններն այժմ մասնավորապես մտահոգված են, որ արգելոցի տնօրենի պաշտոնում կարող է հայտնվել ոչ թե անտառի, բնության, այլ որսագողության սիրահար կամ էլ հանրապետության «էլիտար» որսագողերի հովանավորյալ ընկերներից մեկը: Նրանք չեն բացառում նաեւ, որ տնօրեն կարող է ընտրվել մասնագիտական համապատասխան գիտելիքներ եւ փորձ չունեցող մի անձնավորություն:
«Համահայկական բնապահպանական ճակատը»-ը, ինչպես հայտնի է, ս. թ. մարտի 6-ին նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` խնդրելով հանրայնացնել դիմումներ ներկայացրած եւ նախարարության կայքում ներկայացված տնօրենի բոլոր 11 թեկնածուների մասին ազատ հրապարակման ենթակա տվյալները: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիման վրա մասնավորապես հայցվել է հետեւյալ տեղեկատվությունը` թեկնածուների ծննդյան տարեթիվը, համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը, բուհերի անվանումները եւ բարձրագույն կրթություն ստանալու տարեթվերը, գիտական կոչումները, հրատարակված գիտական հոդվածների ցանկը, մասնագիտական եւ աշխատանքային փորձը, կուսակցական պատկանելությունը (առկայության դեպքում): Ինչպես տեղեկացանք «Համահայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լեւոն Գալստյանից, մարտի 11-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, հարցման պատասխանը դեռ չի ստացվել:
Նշենք նաեւ, որ հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի թեկնածու են՝ Վահան Դավթյանը, Լուսինե Կարապետյանը, Վարանցով Բարսեղյանը, Ալբերտ Դումիկյանը, Հայկազ Կարապետյանը, Հրաչյա Հովակիմյանը, Գառնիկ Շաբոյանը, Վարդան Մամիկոնյանը, Պարգեւ Ստեփանյանը, Գագիկ Հակոբյանը եւ Արայիկ Կարապետյանը:
Հիշյալ անձանցից Վ. Բարսեղյանը «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի նախկին տնօրենն է, որը 2012թ. արգելոցում որսագողության դեպքի բացահայտումից հետո աշխատանքից ազատվել է ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով: YerevanNews.am կայքին պարոն Բարսեղյանը հայտնել էր, թե նախարարն իրեն աշխատանքից չի ազատել, այլ առողջական վիճակի պատճառով ինքն է ազատվել սեփական դիմումի համաձայն, մինչդեռ հիմա պարզվում է, որ նա էլ առողջական խնդիր չունի եւ նորից ցանկանում է տնօրեն աշխատել: Թե որսագողության խայտառակ դեպքի բացահայտումից հետո որքանով է հավաստի արգելոցի տնօրենի պաշտոնից հեռանալու հիշյալ պատճառաբանությունը, թողնենք ընթերցողների դատին:
Ինչ վերաբերում է տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանին, ապա նա 1994-2004թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Հայանտառ» պետական ձեռնարկությունում, իսկ 2004թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետն է եղել: Այսինքն` պաշտոնավարել է այն շրջանում, երբ ապօրինի անտառահատումը մեծածավալ բնույթ ուներ, եւ ապօրինի ու «օրինական» հատումներով Հայաստանի անտառների ջարդն էր տրվում: Ավելին, Հովակիմյանը ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդականն է եղել 2006-2007թթ., այսինքն` մի շրջանում, երբ ոչնչացվում էին Սեւանա լճի սիգի արդյունագործական ձկնապաշարները: Հետաքրքիր է` մրցութային հանձնաժողովը հաշվի առնելո՞ւ է այս ամենը:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ