ԹՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայացրել է «Մեգո Գոլդ» ընկերության կողմից 2006թ.-ից շահագործվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի թափոնների զետեղման համար երրորդ պոչամբարի կառուցման նախագիծ: 
Հանքավայրի շահագործման հաստատված նախագծում պոչանքի պարունակության մասին նշված է, որ պոչերի կազմում մտնում են՝ SiO2-46,23%, AL2O3-10,81%, MgO-5,17%, TiO2-0,82%, CaO-6,41%, MnO-0,15%, Fe2O3-6,4%, FeO-3,62% եւ այլ միացություններ: Մինչդեռ նոր պոչամբարի կառուցման նախագծում ոչ մի խոսք չկա վերը նշված ծանր մետաղների մասին: Ավելին, «Մեգո Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը եւ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանական բաժնի վարիչ Հովհաննես Նիկողոսյանը նոյեմբերի 7-ին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում արդեն իսկ առկա երկու պոչամբարներում ծանր մետաղների պարունակության փաստը հերքել են:
Թուխմանուկի ոսկու հանքավայրի թափոնների երրորդ պոչամբարի կառուցման վերաբերյալ 2012թ. նոյեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ «Մեգո Գոլդ» ընկերության տնօրենը, «Էկոլոգիական իրավունք» բնապահպանական հկ նախագահ Արթուր Գրիգորյանի հավաստմամբ, այդպես էլ չի ներկայացրել պոչանքի կազմում գտնվող տարրերը: Տվյալ նախագծի նկատմամբ իսկապես լուրջ կասկածներ կան, որոնք փարատելու համար անհրաժեշտ է, որպեսզի նախագծող կազմակերպությունը ներկայացնի, թե ինչ մեթոդիկայով է իրականացրել նախագծային աշխատանքները, ներկայացնի փորձարարական տվյալները, արդյունքները: 
Ըստ Ա. Գրիգորյանի, եթե կազմակերպության մասնագետներն օգտվել են առկա գիտական հրապարակումներից, ապա պետք է ներկայացնեն ստույգ աղբյուր, թե որտեղ են այդ տվյալները հրապարակվել: Հենվելով գիտական աշխատություններում հիշյալ հանքավայրի վերաբերյալ առկա տեղեկությունների վրա (Շ. Խաչատրյանի «Թուխմանուկի (Արագածոտնի մարզ) ոսկու հանքավայրի հանքաքարերի երկրաքիմիական առանձնահատկությունները», Երեւանի պետական համալսարանի գիտական տեղեկագիր 3, 2010) եւ ցանկություն ունենալով պարզել ճշմարտությունը՝ վերոնշյալ հասարակական կազմակերպության ղեկավարն իր նախաձեռնությամբ առկա պոչամբարից եւ պատահական ընտրանքով Մելիքգյուղի բնակիչների տնամերձ հողամասերից վերցրել է հողի եւ պոչանքի նմուշներ ու հանձնել լաբորատոր քննության: 
ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատոր քննության արդյունքները հավաստում են, որ պոչանքը պարունակում է «Մեգո Գոլդ» ընկերության կողմից չնշված բազմաթիվ ծանր մետաղներ, այդ թվում` այնպիսի թունավոր մետաղներ, ինչպիսիք են՝ արսենիումը (մկնդեղ), կադմիումը եւ կապարը: Ավելին, գյուղացիների տնամերձ հողամասերի նմուշներից մի քանիսում հայտնաբերվել են օրենքով թույլատրելի սահմանային խտությունները գերազանցող մի շարք տարրեր, մասնավորապես քրոմ եւ ցինկ:
«Էկոլոգիական իրավունք» հկ-ն ս. թ. մարտի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հրապարակայնորեն եւ պաշտոնական նամակով հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, որում պոչամբարից ու տնամերձ հողամասերից վերցված նմուշներում հիշյալ քիմիական տարրերի հայտնաբերման առնչությամբ նշված է. «Սա հուշում է տարածքում ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ մատնացույց անում հանքարդյունաբերող ընկերության հանցավոր անպատասխանատվությունն առ այն, որ իր գործունեության մասին տեղեկությունները ոչ ամբողջական են: 
Ներկայացված տվյալները կասկած են հարուցում, որ ընկերության ներկայացուցիչները եւ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի մասնագետները հանրությանը դիտավորյալ մոլորության մեջ են գցում` թաքցնելով պոչամբարում տեղադրվելիք թափոնների պարունակությունը եւ դրանց ազդեցությունը համայնքի եւ ամբողջ մարզի բնակչության առողջության վրա: Վերը նշված տվյալները վկայում են նաեւ հանքավայրի շահագործման ընթացքում հաստատված նախագծից էական շեղումների մասին, որոնք կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ եւ 284-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Այս ծավալի խախտումների պայմաններում անհասկանալի է, թե ինչու 2006 թվականից ի վեր բնապահպանական տեսչությունը որեւէ ստուգում չի իրականացրել խախտումները վեր հանելու եւ համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով»: 
Հիշյալ հկ-ն ՀՀ գլխավոր դատախազին մատնացույց է արել, որ նախ անհրաժեշտ է քրեական վարույթի շրջանակներում իրականացնել հետաքննություն` պարզելու համար նոր պոչամբարի կառուցման նախագծում ներկայացվող տեղեկատվության ճշմարտացիությունը եւ հանրությանը դիտավորությամբ մոլորեցնելու պարագայում պարզել ընկերության ներկայացուցիչների եւ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի մասնագետների արարքում քրեական հանցագործության հատկանիշների առկայությունը: 
Երկրորդ. քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել առկա երկու պոչամբարներում եւ Մելիքգյուղ համայնքի բնակիչներին պատկանող հողատարածքներում ծանր մետաղների եւ այլ թունավոր նյութերի առկայությունը, որոնք ներկայացված չեն հաստատված նախագծում: Ինչպես նշված է հանցագործության մասին հաղորդման մեջ, ուսումնասիրության արդյունքում պետք է պարզել, թե Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում հաստատված նախագծից ինչ ծավալի շեղումներ են եղել, եւ արդյոք դրանք պարունակում են ՀՀ քր. օր.-ի 281-րդ եւ 284-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ: 
Ի վերջո, ըստ «Էկոլոգիական իրավունք» հկ-ի, անհրաժեշտ է գնահատել հաստատված նախագծի խախտման հետեւանքով պետությանը պատճառված գույքային վնասը եւ պետական շահերի պաշտպանության քաղաքացիական հայց ներկայացնել դատարան:
Ինչպես տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանից, հիշյալ հկ-ի կողմից հանցագործության մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունում արդեն ստացվել է, դրան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք կտրվի: Առաջիկայում կփորձենք ներկայացնել նաեւ հանցագործության մասին հաղորդման մեջ նշված փաստերի առնչությամբ «Մեգո Գոլդ» ընկերության եւ ՀՀ բնապահպանության նախարարության պարզաբանումները: 
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս