Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրում կընդգրկվեն բոլոր հնարավոր ոլորտները, որտեղ հնարավոր կլինի սերտ համագործակցություն ծավալել: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: «Մենք Ասոցացման համաձայնագրում ունեինք ոլորտային համագործակցության դրույթ, որը վերաբերում էր տնտեսության տարբեր ճյուղերին և փակում էր 28 ոլորտ: Մենք ունեինք նաև խորը և համապարփակ ազատ առևտրի մասը, որը առանձին բանակցվել էր: Ես կարծում եմ, որ այդ 28 ոլորտներներն էլ, որոնց շուրջ մենք արդեն նախկինում բանակցել ենք, հնարավոր է ներառել նոր համաձայնագրում», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Մելքոնյանը:
Մանրամասնելով ասվածը՝ փոխնախարարը նշեց, որ խոսքը ներդրումների, տուրիզմի, արդյունաբերության ոլորտներում համագործակցության, առևտրի զարգացման մասին է: «Այնտեղ կան նաև ոչ զուտ տնտեսական ոլորտային համագործակցության վերաբերյալ կետեր: Խոսքը կրթության, հումանիտար ոլորտի, տրանսպորտի և կապի, էներգետիկայի, որակի ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության մասին է», ընդգծեց Մելքոնյանը:
Եզրափակելով խոսքը՝ Գարեգին Մելքոնյանը նկատեց, որ նոր համաձայնագրով Հայաստանը ցանկանում է Եվրոպական Միության հետ հասնել համագործակցության շատ ավելի բարձր մակարդակի, քան կա այս պահին: Հոկտեմբերի 12-ին ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցության նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելու մանդատ է տրամադրել: